«Հրապարակ»․ Այդ ՀԿ-ները միշտ էլ հլու-հնազանդ ծառայել են իշխանություններին

«Հրապարակ»․ Այդ ՀԿ-ները միշտ էլ հլու-հնազանդ ծառայել են իշխանություններին

Իրավապաշտպանների եւ գործող լրագրողների համար անընդունելի է, որ սորոսական ՀԿ-ները պետք է որոշեն լրագրողների էթիկայի սահմանները՝  կարելին ու անկարելին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նաեւ սահմանում է նոր մարմնի ստեղծման կարգը։ Հատկապես վիճահարուց է Մեդիա խորհրդի ձեւավորման կարգը։

Ստեղծվում է օրենքով նախատեսված մի կազմակերպություն` վերահսկող մարմին, որը պետք է որոշի ԶԼՄ-ների էթիկայի նորմերը, թե ինչ է կարելի վերջիններիս, ինչ՝ ոչ։ Այդ նոր մարմինը կոչվելու է Մեդիա խորհուրդ, որի ձեւավորման սկզբունքներից դատելով պարզ է դառնում, որ դրանում ընդգրկվելու են իշխանությունների սիրելի ՀԿ-ները` վերջին 15 տարիների ընթացքում լրագրության ոլորտում իրավապաշտպան գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունները։ Վերջիններս 1-ական ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով են ստեղծելու, որն էլ ձեւավորելու է Մեդիա խորհուրդը։ Օրենքի նախագիծը մշակվել է Էթիկայի դիտորդ մարմնի հետ համատեղ, որը կազմված է հետեւյալ անձանցից․ Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար, Լեւոն Բարսեղյան՝ Ասպարեզ ակումբի նախագահ, Շուշան Դոյդոյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Նունե Սարգսյան՝ Մեդիանախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, Ռուբեն Բաբայան՝ ռեժիսոր, Արա Շիրինյան՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ եւ այլն։
Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում, երբ այս ՀԿ-ներն են կանգնած ԶԼՄ-ներին վերաբերող նոր օրենքի ստեղծման ակունքներում եւ հավակնում են ԶԼՄ-ների գործունեությունը հսկող մարմին ստեղծել։

«Նախ պետք է յուրաքանչյուրը հարց տա իրեն, թե արդյոք արդա՞ր է, երբ ՀՀ Սահմանադրություն խախտող, Անկախության հռչակագիր վերացնող, 5 հազար հոգի սպանող թիմը Հայաստանում իրավունք ունի օրենքներ մշակել, հատկապես այնպիսի օրենքներ, որոնք կապված են մարդկանց իրազեկելու, ինֆորմացիա տարածելու հետ։ Մենք արդեն գիտենք, որ սա ստախոսների ու զրպարտողների իշխանություն է, որը հանրությանը հիմնականում կառավարում է այդ ստախոսություններով։ Սա արդարության հարց է, թե արդյոք իրենք իրավունք ունե՞ն, թե՞ ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Ինչ վերաբերում է այդ ինքնակարգավորվող մարմնին, ապա, բնականաբար, եթե դավաճան իշխանություն է, ապա նրա միտքն ու գործողությունն ուղղված են հայ ժողովրդի դեմ դավաճանությանը, եւ այդ ինքնակարգավորվող մարմինները լինելու են իրենց հենարանը, որոնք այս տարիների ընթացքում աջակցել են այս իշխանությունների դավաճանությանն ու մարդասպանությանը։ Այդ ՀԿ-ների մասնագիտական կարողություններն առանձնապես բարձր չեն, որովհետեւ, օրինակ, Լեւոն Բարսեղյանն ատելության քարոզիչ է, թեեւ հանդես են գալիս, թե իբր ատելությանը դեմ են։ Երեւի տեսած կլինեք, որ վերջերս Լեւոն Բարսեղյանն ու Ստյոպա Սաֆարյանը հայհոյանքների տարափ էին տեղացել արցախցիների ու Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի դեմ։ Այսինքն՝ մեզ վրա բերելու են այս անգրագետներին, որպեսզի նրանք վերահսկեն մամուլը։ Այո, ընդհանրապես Հայաստանում անհրաժեշտ է, որ լրագրության մթնոլորտը փոխվի, բայց դա հնարավոր չէ անել դավաճանության պայմաններում, որովհետեւ դավաճանության պայմաններում դա արվելու է ժողովրդի դեմ, այլ ոչ թե հօգուտ մեր հասարակության համերաշխության ու բարեկեցիկ կյանքի»,- պատասխանեց Իշխանյանը։

Irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը, ինչպես նաեւ մոտ 120 հազար այլ լրագրողներ, վաղուց են հայտարարել, որ այս ՀԿ-ներն իրենց չեն ներկայացնում։ «Ինձ համար բնավ էլ զարմանալի չէ, որ հրապարակ հերոսի կեղծ պապիկ բերելով իշխանության եկածները տեւական ժամանակ է՝ փորձում են «լրատվադաշտը կառավարել», բերել իրենց դաշտ։ Հիմա էլ զարմանալի չէ, որ փորձում են հերթական անգամ «ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխություններ իրականացնել, որովհետեւ իշխանությանը, ցավոք սրտի, հաջողվել է բոլորին ենթարկեցնել իրենց, եւ միայն որոշ լրատվամիջոցներ են, որոնք գործում են իշխանությունից անկախ, ցույց են տալիս այն իրականությունը, որում բոլորս ապրում ենք։ Ֆեյք լրատվամիջոցներին, բլոգերներին, որոնք իրենք աճեցնում են, հիմա փորձում են օրինական տեսք տալ, որպեսզի հպարտ քաղաքացիներին մատուցեն, թե նրանք են միայն իրականության մասին հաղորդողը։ Թող Գրիգոր Մինասյանը փորձի առաջինը կանոնակարգել, ըստ օդում կախված լուրերի, իրեն պատկանող լրատվամիջոցը, հետո նոր փորձի լրատվական դաշտում ինչ-որ փոփոխություններ իրականացնել։ Ինչ վերաբերում է այն կազմին, որը պետք է զբաղվի լրատվամիջոցների էթիկայի հարցերով, ես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ այդ մարդկանց որեւէ կերպ չեմ ընդունում, որեւէ կերպ չեմ համարում լրագրողների եւ լրատվական դաշտի ներկայացուցիչների շահերի պաշտպան, նրանք ինձ համար եղել են եւ շարունակելու են մնալ օրվա իշխանության հլու-հնազանդ ծառայողներ»,- ասաց Ֆահրադյանը։