Հասարակություն

Ինքնաթիռից 12 քաղաքացու ուղեբեռ է անհետացել. քաղաքացին մեղադրում է «Flyone Armenia»-ին

Ինքնաթիռից 12 քաղաքացու ուղեբեռ է անհետացել. քաղաքացին մեղադրում է «Flyone Armenia»-ին

Քաղաքացի Ս. Հ.-ն այսօր դիմել է «Հրապարակի» խմբագրություն, նշելով, որ հունվարի 16-ին մեկնել է Թել Ավիվ, հունվարի 23-ին վերադարձի ժամանակ ինքնաթիռից անհետացել է ավելի քան 12 ուղևորի ուղեբեռ, սակայն «Flyone Armenia» ավիաընկերությունը, որից օգտվել են քաղաքացիները, չի փոխհատուցում իրենց, ավելին` մեզ դիմած քաղաքացին նշում է, որ ավիաընկերության աշխատակիցներն իր հեռախոսահամարը սև ցուցակ են գցել, որպեսզի անգամ չկարողանա կապ հաստատել ավիաընկերության հետ: «Կորցրել եմ 900 դոլարի արժողությամբ ուղեբեռ, սակայն «Flyone Armenia» ավիաընկերությունը խնդրին լուծում չի տալիս: Կորել է 12 քաղաքացու ուղեբեռ, 12-ից մի քանիսի իրերը վերադարձրել են, իմ ուղեբեռի հետ կապված ոչինչ չեն ասում, միայն նշում են` երբ պատասխան կունենանք, տեղյակ կպահենք: Դիմել ենք «Զվարթնոց» օդանավակայան, սակայն նման դեպքերում պատասխանատվությունն ավիաընկերության վրա է, ոչ թե օդանավակայանի», - պնդում է քաղաքացին: «Զանգահարում եմ  «Flyone Armenia», սակայն հեռախոսահամարս սև ցուցակ են գցել, որպեսզի զանգել չկարողանամ», - նշում է նա: 

«Հրապարակը» դիմեց «Flyone Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանին, հասկանալու համար, թե ո՞վ պետք է փոխհատուցի քաղաքացիների կորած իրերի գումարը և ինչո՞ւ են ավիաընկերությունում հաճախորդի հեռախոսահամարն արգելափակել: Մեր հարցերին ի պատասխան Արամ Անանյանն ասաց. «Մեր հավատամքն է, որ ամեն մի ուղևորի խնդիր մեզ համար լինի առաջնային: Ցանկացած ուղևորի խնդիր պահանջում է առաջնային լուծում, եթե կա նման դեպք, ապա այդ հարցը չի կարող մնալ օդի մեջ, այս պարագայում ևս խնդիրն օդի մեջ մնալ չի կարող: «Flyone Armenia» ավիաընկերությունը պատասխանատու ընկերություն է և իր պատասխանատվությունն իրականացնելու է ամբողջ ծավալով: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է դրանում վստահ լինել: Մենք մեր պարտավորություններից չենք հրաժարվում, ներպետական և միջպետական օրենսդրությամբ էլ այդ մասին ամրագրված է»,- նշեց Անանյանը:

Հարցին, թե ե՞րբ քաղաքացիներին կհատկացվեն փոխհատուցումները և ինչո՞ւ է ավիաընկերությունն արգելափակել քաղաքացու հեռախոսահամարը, Անանյանը նշեց, որ չունի քաղաքացիների կոնտակտները, մեզ խնդրելով որպեսզի իրեն փոխանցենք մեզ դիմած քաղաքացու անձնական տվյալները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image