Ամերիկացիները հիմար չեն, որ երեք-չորս տարի ժամկետից ավելի դեսպան չեն ուղարկում արտերկիր 

Ամերիկացիները հիմար չեն, որ երեք-չորս տարի ժամկետից ավելի դեսպան չեն ուղարկում արտերկիր 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումները փորձագիտական հանրության ներկայացուցիչների  հետ նպատակ ունեն ի մի բերել նրանց պատկերացումները, առաջարկները ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակելիս։ 

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը թեպետ տարիներ շարունակ  արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանը վերաբերող դիտարկումներով, առաջարկներով է հանդես եկել մամուլում, սակայն նախկին իշխանությունները երբեք նրան չեն հրավիրել ազգային անվտանգության հայեցակարգին, արտաքին քաղաքականության խնդիրներին  վերաբերող քննարկումների։ 

Օրեր առաջ Արման Նավասարդյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը, որին ներկա են եղել այլ փորձագետներ եւս։
Մեզ հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ 2007թ․ հեղինակված նախկին ազգային անվտանգության հայեցակարգը շատ հնացած է եւ չի համապատասխանում այսօրվա քաղաքական իրողություններին։

Արման Նավասարդյանը, ներկայացնելով հանդիպման մանրամասները, առաջարկում է․ «Լավն այն է, որ նոր հայեցակարգը վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլ ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրների սիմբիոզի շրջանակներում է դիտվում։ Հրավիրել են մասնագետների, որպեսզի ամեն մեկը ներկայացնի  իր ոլորտին վերաբերող առաջարկություններ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը  մեր ստրատեգիական դոկտրինի կարեւոր սեգմենտներից մեկն է։ Ես այնտեղ փորձեցի բացատրել, որ դիվանագիտությունը եւ միջազգային հարաբերությունները նույնը չեն, ինչ դիվանագիտական ծառայությունը։

Դիվանագիտությունը արտաքին քաղաքականության կիրառման գործիքն է։ Պետք է լինի միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության  այդ դոկտրինան, տեսությունը, որն ամրապնդված լինի դիվանագիտական կուռ ծառայության ստեղծմամբ։ Իսկ դա չկա մեր երկրում։ 30 տարվա ընթացքում մենք չկարողացանք ստեղծել դիվանագիտական այնպիսի համակարգ, որը կծառայեր երկրի առջեւ դրված խնդիրներին՝ պետականության ամրապնդում, ազգային շահերի պաշտպանություն։ Կան, իհարկե, հաջողություններ, սակայն խնդիրները չպետք է անտեսել։ Եթե մշակվելու է ազգային անվտանգության հայեցակարգ, ապա դրանում առանձին տեղ պետք է գրավի դիվանագիտությունը։ Եթե տեղի է ունենում օպտիմալացում, նախարարություններ են միավորվում, ապա այդ նույնը պետք է իրականացվի դիվանագիտության ոլորտում։

Մասնավորապես՝ դիվանագիտությունը պետք է համապատասխանեցվի եւ համահունչ պառլամենտական վարչակարգին։  Օրինակ՝ դեսպանների նշանակումից, հրամանագիրը ստորագրելուց  առաջ խորհրդարանը պետք է լսի այդ հարցը։ Այդպես են վարվում ՌԴ  Պետդուման, Ֆրանսիայի Սենատը։ Այսինքն՝ դեսպանի թեկնածուն պետք է գա խորհրդարան, եւ մարդիկ տեսնեն, թե նա ով է, ում են ուղարկում արտերկիր՝ դեսպան։ Մյուս խնդիրն այն է, որ դեսպանը եթե աշխատել է, ապա տարեկան գոնե մեկ անգամ  պետք է զեկուցի, թե ինչ քաղաքական աշխատանք է կատարել արտերկրում։ Իսկ ֆորս-մաժորային իրավիճակներում, օրինակ՝ Սիրիայում, անհրաժեշտություն կա կանչել եւ հարց ու փորձ անել, թե ինչպես է պատկերացնում արտաքին քաղաքական խնդիրների լուծումը»։

Մեր հարցին, թե ինչպես պետք է վարվել արտերկրում հավատարմագրված ՀՀ այն դեսպանների հետ, որոնք երկար տարիներ պաշտոնավորում են, որքա՞ն պետք է լինի դեսպանի պաշտոնավարման ողջամիտ ժամկետը, Արման Նավասարդյանն արձագանքեց․ «Արտերկրում երկար ժամանակ աշխատելու դեպքում դեսպանը կորցնում է եւ՛ ֆիզիոլոգիական, եւ՛ փիլիսոփայական շատ հատկանիշներ։ Երբ երկար տարիներ նա ապրում է դրսում, ապա կտրվում է հայրենիքից։ Եվ տասը տարի դրսում աշխատելուց հետո նրան ուղարկում են մեկ այլ երկիր՝ աշխատելու։ Ինչպե՞ս կարող է մարդն այդ դեպքում կապ ունենալ հայրենիքի հետ։ Ամերիկացիները հիմար չեն, որ երեք-չորս տարի ժամկետից  ավելի դեսպան չեն ուղարկում արտերկիր։ Կամ՝ ամերիկացիները 50 տարեկանից ավելի երիտասարդին չեն նշանակում առանցքային երկրներում դեսպանի պաշտոնում։ Դա գալիս է հին Հունաստանից, եւ միայն այդ տարիքից հետո մարդիկ կարող են ճիշտ կողմնորոշվել որոշումներ կայացնելիս»։

Արման Նավասարդյանը հիշեցնում է, որ ստորագրվում են հարյուրավոր միջպետական պայմանագրեր, եւ հարց է ծագում՝ դրանց քանի՞ տոկոսն է իրագործվում։  Ամերիկացիները հաշվել են, որ եթե միջպետական պայմանագրերի 25 տոկոսը կատարվում է, ապա արդեն լավ է։ Իսկ մեր երկրում քանի՞ տոկոսն է կատարվում»։

Նա առաջարկում է վերանայել նաեւ կենտրոնական ապարատում, դեսպանատներում աշխատող դիվանագետների թիվը։ 

«Մութ անտառ» են նաեւ հյուպատոսությունները։

«Ի՞նչ հյուպատոսություններ կան, որտե՞ղ կան, ինչպե՞ս են աշխատում, ինչպե՞ս է գործում պատվո հյուպատոսության ինստիտուտը եւ՛ մեր երկրում, եւ՛ դրսում։ Երբ խորհրդարանում հարց արծարծվեց, որ դիվանագետների թեկնածուները պետք է նախօրոք քննության նման բան հանձնեն, կառավարությունը չընդունեց որոշում։ Եվ այնտեղ արտգործնախարարը հայտարարեց, որ ԱԳՆ-ն պետք է պահպանի գաղտնապահությունը։ Ես կարծում եմ, որ դա քաղաքական բլեֆ է։ Իհարկե, ԱԳՆ-ն որոշ հարցերում փակ կառույց է, մասնավորապես դա վերաբերում է բանակցային գործընթացին։ Բայց խոսքը տվյալ դեպքում պետական գաղտնիք հրապարակելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ հարկատուն պետք է իմանա, թե իր գումարներն ինչի վրա են ծախսվում։ Իսկ գաղտնիության հետեւում թաքնվում են անգործությունն ու վատ աշխատանքը։

Դիվանագիտությունը պետք է ծառայի  նաեւ քո երկրի ներքին խնդիրների լուծմանը, եւ եթե չի օգնում այդ խնդիրների լուծմանը, ապա նշանակում է, որ այն ստերջ է»,- ասաց Արման Նավասարդյանը՝ հիշեցնելով, որ նոր հայեցակարգ մշակելիս պետք է հաշվի առնվեն այս հանգամանքները։