Գարդասիլ և անպտղություն․ միֆեր և իրականություն

Գարդասիլ և անպտղություն․ միֆեր և իրականություն

Ինչպես անդրադարձել էինք նախորդ համարում, պատվաստումների հակառակորդները հմտորեն տիրապետում են գիտական եզրաբանությանը, եւ գիտությունից ու բժշկությունից հեռու մարդու համար դժվար է գլուխ հանել, թե որքան ապացուցելի են այս կամ այն պնդումները։

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել միայն այն աղբյուրներից, որոնք ընդունված են գիտական աշխարհում, բայց ոչ մասնագետի համար այս հարցում էլ կողմնորոշվելը դժվար է։ Առավել եւս, որ պատվաստանյութերի կիրառման հետեւանքների հետ կապված հաղորդումների մասին հոդվածները հայտնվում են նաեւ բավականին հեղինակավոր գիտական հանդեսներում։
Դիցուք, գարդասիլով պատվաստված 16-ամյա աղջկա ձվարանների վաղաժամ դիսֆունկցիայի (ՁՎԴ) մասին առաջին հոդվածը, որի հեղինակն է  ավստրալացի բժիշկ Դեյրդր Թերեզ Լիթլը, լույս է տեսել BMJ case reports (http://casereports.bmj.com/content/2012/bcr-2012-006879.abstract) պարբերականում։ Հեղինակի հաջորդ հոդվածում արդեն նկարագրված է ձվարանների դիսֆունկցիայի 3 դեպք (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4528880/): Բայց այս հոդվածներն ուշադիր ընթերցելիս տեսնում ես, որ գարդասիլի եւ ՁՎԴ կապը սոսկ ենթադրություն է, այլ ոչ թե ապացուցված պատճառահետեւանքային կապ։ 

Նախ, ինքը՝ հեղինակը, կանխապես խոստովանում է, որ ՁՎԴ առաջացման պատճառները մինչեւ այժմ անհայտ են։ Այնուհետեւ ներկայացնում է մեկ դեպք, երբ պատվաստումից 3 տարի անց ձվարանների դիսֆունկցիա է առաջացել, եւ ոչ մի այլ պատճառ չգտնելով, ինչը որ հենց ինքն է հոդվածի սկզբում նշել, ՁՎԴ-ն կապում է պատվաստման հետ։ Հարկ է նշել, որ անկախ պատվաստումներից՝ 100 կանանցից մեկի մոտ կարող է նմանատիպ խնդիր ի հայտ գալ (պատճառականությունը բացատրվում է նաեւ քրոմոսոմային շեղումներով): 

Երկրորդ դեպքն էլ ավելի անհասկանալի է, երբ ՁՎԴ-ն ի հայտ է եկել պատվաստումից 5 տարի անց, այն էլ՝ մի աղջկա մոտ, որը մինչ պատվաստումն արդեն ունեցել է դաշտանի ցիկլի խանգարումներ, ինչպես նաեւ՝ ասթմա, էպիլեպսիա, Ասպերգերի համախտանիշ եւ այլն: Իսկ երրորդ դեպքը պատվաստման հետ է կապվում միայն ժամանակային առումով, սակայն դա դեռ չի խոսում պատճառահետեւանքային կապի մասին: Այստեղ պետք է նշել, որ  լոկ այս երեք ակնհայտորեն կասկածելի դեպքն են փորձում կապել պատվաստման հետ, բայց չմոռանանք, որ դրա հետ մեկտեղ Ավստրալիայում տարեկան կատարվում է մոտ 400 հազար դեղաչափ  պատվաստում: Այսինքն՝ անգամ այս կորելացիան դեռ չի նշանակում պատճառականություն:

Հատկանշական է, որ ինքը՝ Լիթլը, վերջնական եզրահանգումներ չի անում, թե իբր հենց գարդասիլն է դարձել այս երեք աղջիկների ՁՎԴ-ի պատճառը, քանի որ տեղեկատվությունն անբավարար է համարում։ Սակայն դա բնավ չի կանգնեցնում պատվաստումների հակառակորդներին, որոնք տիրաժավորում են այս հետազոտությունը՝ ներկայացնելով այն որպես գարդասիլի եւ անպտղության կապի բացարձակ ապացույց։ 

Սույն հոդվածի եւս մի չարչրկված «եզրահանգում»՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն անվտանգ չէ պոլիսորբատ 80 պարունակելու պատճառով։ Տվյալ պնդման հեղինակը ոչ այնքան անհայտ պաթոլոգ Սին Հանգ Լին է՝ «գիտնական», որը SaneVax հզոր հակապատվաստումային կազմակերպության պատվերով, իր յուրովի մեթոդաբանությամբ «հայտնաբերեց», որ գարդասիլի մեջ կա ԴՆԹ (https://respectfulinsolence.com/2013/01/09/dr-sin-hang-lee-is-at-it-again-with-the-gardasil-fearmongering/)։

Սին Հանգ Լին պարզել է, որ պոլիսորբատ 80-ն առնետների մոտ կարող է անպտղություն հարուցել։ Բայց նույնիսկ գիտությունից հեռու մարդն ունակ է հասկանալու, որ ինչ-որ նյութի 0,1 մլ չափաբաժնի ազդեցությունն առնետի վրա չի կարելի համեմատել մարդու վրա միեւնույն նյութի 50 մ/կգ չափաբաժնի ազդեցության հետ։ Իսկ գարդասիլը հենց 50 մ/կգ պոլիսորբատ 80 է պարունակում։ 

Վերադառնանք Դեյրդր Լիթլի հոդվածում նկարագրված երեք դեպքին․ ակնհայտ է, որ պատվաստման եւ ձվարանների դիսֆունկցիայի միջեւ կապն ապացուցված չէ։ Բայց կարելի է առարկել, որ հակառակն էլ ապացուցված չէ, քանի որ գոնե երկու դեպքում ակներեւ է ժամանակային կորելյացիան։ Այդպիսի երկընտրանքների լուծման համար գիտնականները դիմում են լայնածավալ հետազոտությունների, որոնցում համեմատում են այս կամ այն հիվանդության առաջացման հավանականությունը բնակչության պատվաստված եւ չպատվաստված խմբերի մոտ։ 
Այս հետազոտությունները ոչ մի երկրում չեն բացահայտել մեկ իսկ ապացույց, որ վերջին 10 տարվա ընթացքում ՄՊՎ-ի դեմ պատվաստված աղջիկների շրջանում նվազել է ծնելիությունը, կամ որ պատվաստված կանանց նորածիններն ավելի հաճախ են մահանում։ 

Մասնավորապես, «ՄՊՎ-ի դեմ պատվաստումը՝ արգանդի պարանոցի քաղցկեղի եւ նախաքաղցկեղային փոփոխությունների կանխարգելման համար» (https://www.cochrane.org/CD009069/GYNAECA_hpv-vaccination-prevent-cancer-and-pre-cancerous-changes-cervix) Կոխրենյան ամփոփիչ հետազոտությունը ցույց է տվել, որ անբարենպաստ երեւույթների վտանգը ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի եւ ստուգիչ պատվաստանյութերի (պլացեբո կամ այլ վիրուսների դեմ պատվաստանյութեր) կիրառման դեպքում համանման է։ Մահվան վտանգը, ընդհանուր առմամբ, նույնական է՝ 11/10 000 ստուգիչ խմբում եւ 14/10 000 պատվաստվածների խմբում։ 

«Պատվաստանյութը չի մեծացնում լուրջ անբարենպաստ երեւույթների, վիժման եւ հղիության ընդհատման վտանգը»,- գրում են հոդվածի հեղինակները։ 
Ավելի վաղ Դանիայում եւ ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունները նույնպես կապ չեն գտել վերարտադրողականության եւ ՄՊՎ-ի դեմ պատվաստման միջեւ։ 

Այսպես, ամերիկյան հետազոտությունում ուսումնասիրվել են 21-45 տարեկան 3 հազար 500 կանանց եւ 1000 տղամարդկանց տվյալները։ Գիտնականները հետազոտության մեջ ներառել են հղիություն պլանավորող զույգերի եւ հսկել են նրանց 2013-2017 թթ․, պարզել են, թե նրանցից քանիսն են երեխա ունեցել, քանիսն են պատվաստված եղել եւ քանիսը՝ ոչ։  
ՄՊՎ-ի դեմ պատվաստման եւ երեխա ունենալու ունակության միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել։ Պատվաստված կանանց մոտ վիժման եւ անպտղության դեպքեր ավելի հազվադեպ են նկատվել։ Սեռավարակներ ունեցած, բայց ՄՊՎ-ի դեմ պատվաստված կանանց մոտ երեխա ունենալու հավանականությունն ավելի մեծ էր, քան չպատվաստվածների մոտ։ 

Դանիական հետազոտությունում (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/28355499)  ուսումնասիրվել են 2006-2013 թվականներին երեխա ունեցած կանայք։ Վերլուծել են հետեւյալ ելքերը․ մեռելածնություն, վիժում, վաղաժամ ծննդաբերություն, զարգացման արատներ, պտղի աճի դանդաղում, ցածր քաշով ծնունդ։ 1665 պատվաստված կանանց մոտ այս բարդացումներից եւ ոչ մեկը չի պատահել արժանահավատորեն ավելի հաճախ, քան 6 հազար 660 չպատվաստվածների։ 
Հավելենք նաեւ, որ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են հենց պապիլոմավիրուսի պատճառականության մասին չբերության առաջացման մեջ: 
Ապացուցված է, որ ՄՊՎ-ն նվազեցնում է տղամարդկանց սպերմատոզոիդների շարժունակությունը՝ հանգեցնելով վերարտադրողական խանգարումների։ ՄՊՎ-ն կանանց մոտ առաջացնում է արգանդի պարանոցի քաղցկեղ, ինչն ուղեկցվում է ծանր բուժմամբ եւ կարող է հանգեցնել արգանդի հեռացման, ինչն էլ երեխա ունենալն անհնարին է դարձնում։ 

Այլ կերպ ասած, առկա տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ ՄՊՎ-ն բացասաբար է ազդում ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց վերարտադրողականության վրա։ 

Հարկ է հավելել, որ աշխարհում պատվաստումային ծրագրից բացի, գործում է նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիր։ ՄՊՎ-ի դեմ պատվաստման հակառակորդները շեշտը դնում են հենց այն բանի վրա, որ Հայաստանում այդ սկրինինգը վատ է կազմակերպված, եւ դրա պատշաճ մակարդակով կազմակերպման դեպքում կարելի է զերծ մնալ «վտանգավոր» պատվաստումից։ Սակայն, ինչպես ցույց է տալիս Ավստրալիայի փորձը, արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարն արդյունավետ էր շնորհիվ երկու բաղկացուցիչների՝ սկրինինգի եւ պատվաստման։ Եվ Հայաստանը կարող էր 10 տարվա ընթացքում կրկնակի կրճատել այս քաղցկեղով հիվանդացությունը, եթե դրան չխանգարեր «հայու գենի» ջատագովների մեծածավալ արշավը։  

Մանավանդ, որ առողջապահության նախարարությունն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ հուշագիր է ստորագրվել, որի համաձայն՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկրինինգային ծրագրի շրջանակում Հայաստանի պոլիկլինիկաներում անցկացված ՊԱՊ թեստերի (ի դեպ՝ անվճար) բոլոր դրական արդյունքներն այսուհետեւ կվերստուգվեն Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում: Կանանց, որոնց մոտ կհայտնաբերվի արգանդի վզիկի քաղցկեղ in situ փուլում (այսպես կոչված՝ զրոյական փուլ), կենտրոնում անվճար կվիրահատեն:

Մաս 2