Սխալ գործարարներ էին հրավիրել՝ հին ցուցակով

Սխալ գործարարներ էին հրավիրել՝ հին ցուցակով

Նոյեմբերի 21-ին Բաղրամյան 26-ում մեծ թվով գործարարներ էին հավաքվել՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Թեեւ հանդիպումը կրում էր «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագիրը եւ կարծես թե միտված էր այս ոլորտի խնդիրների քննարկմանը, սակայն վարչապետի եւ նախագահի ելույթից հետո ակնհայտ դարձավ, որ նպատակը հաջորդ օրը կայանալիք Հայաստան Համահայկական հիմնադրամի մարաթոնին հանգանակությունն էր։

Երկու պաշտոնյան էլ իրենց ելույթի առյուծի բաժինը նվիրեցին հանգանակություն անելու հորդորներին, բարեգործությունը քարոզելուն։ Եւ իրենք էլ հաջորդ օրն օրինակ ծառայեցին՝ իրենց աշխատավարձի ինչ որ մասը փոխանցելով Հիմնադրամին։

Հանդիպման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ նման հրավեր ստանալով ինքը բավականին տարակուսել է, առավել տարակուսել է երբ ժամանելով դահլիճում հանդիպել է տարբեր անձանց, որոնց մի մասը նախկին իշխանությունների հավատարիմ գործարարներն էին, կային անգամ մարդիկ, որոնք կորցրել են իրենց բիզնեսը եւ այսօր նրանց հրավիրելն առավել քան տարօրինակ էր։ Ասենք, դահլիճում էր, օրինակ, Վալերի Մեջլումյանը, ով նոր ժամանակների տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Երբ իրենց տարակուսանքը ոմանք հայտնել են, պարզվել է, որ տեխնիկական խնդիր է եղել՝ ապարատում շփոթել են եւ գործարարների մի ինչ որ հին ցուցակով են հրավիրել մարդկանց։ Բայց այնուամենայնիվ, դա չի խանգարել եւ մարդիկ՝ ազդվելով իրենց ցուցաբերված պատվից ու բանախոսների քարոզից, գրեթե բոլորը փոխանցումներ են կատարել Հիմնադրամին։ Սակայն անգամ այսպիսի էքստրեմալ մեթոդները չօգնեցին, որ Հիմնադրամն այս տարի ավելի մեծ գումար հավաքի, քան նախորդ տարի։

Եթե գումարը մեծ լիներ, ապա այն հնարավորինս կթմբկահարվեր եւ կօգտագործվեր քարոզչական նկատառումներով՝ հօգուտ գործող իշխանության։ Իսկ մեկուկես միլիոն դոլար պակաս հավաքելն ուղղակի փորձեցին ներկայացնել որպես բնականոն երեւույթ, որից հոռետեսական հետեւություններ անելու կարիք, ասացին՝ չկա։