Հասարակություն

Արագած համայնքի բնակիչներն անհանգստացած են

Արագած համայնքի բնակիչներն անհանգստացած են

Մեր տեղեկություններով` երեկ լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած համայնքում: Համայնքի բնակիչներին զայրացրել է Արագածոտնի մարզպետի պաշտոնակատար Դավիթ Գեւորգյանի այն հայտարարությունը, թե մարզում այլեւս խնդիրներ չեն մնացել: Այս մասին մարզպետը նոյեմբերի 21-ին զեկուցել էր Արագածոտնի մարզ այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Արագածի բնակիչների խոսքով` իրենք ուշադիր հետեւել են  Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Գեւորգյանի հանդիպմանը եւ անասելի դժգոհ են՝ Գեւորգյանը վարդագույն լույսի տակ է ներկայացրել մարզում տիրող իրավիճակը: Անդրադառնալով Արագած համայնքի բնակիչներին հուզող խնդրին՝ նշենք, որ նրանք տարիներ շարունակ ահազանգում են, որ գարնանը Գեղարոտ գետի ջուրը դարչնագույն է դառնում: Նրանք գետի վիճակը պայմանավորում են Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով: Բնակիչները տարիներ շարունակ պայքարում են էկոհամակարգը վտանգող ՀԷԿ-երի փակման համար, բայց իշխանություններն այդպես էլ անտարբեր են մնում նրանց այս պահանջի նկատմամբ: 

Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Արագած գյուղի մշակույթի տանը բնակիչները ժողով են արել, որին նրանց պահանջով մասնակցել է նաեւ մարզպետ Դավիթ Գեւորգյանը: Մեր աղբյուրի խոսքով` մարզպետը մարդկանց կոնկրետ պատասխան տալու փոխարեն Նիկոլ Փաշինյանի խոսքերից է ցիտել` դուք էլ լսեցիք, որ վարչապետն ասում էր, որ մենք ժողովրդի ոտքի տակի հողն ենք, իշխանությունը ձեզ է պատկանում, ու ձեր ընտրած իշխանությունն է, դո՛ւք պետք է որոշեք: Մարզպետի այս խոսքերից հետո արագածցիները շվարած հեռացել են, թե իրենք ինչ պետք է որոշեն, ինչպես պետք է լուծեն իրենց առջեւ դրված խնդիրը, ինչ լծակներով: «Կառավարությունն իրենք են, իրենք պետք է քայլեր ձեռնարկեն, բայց անունը դրել են ժողովրդի իշխանություն ու ուզում են դատարկ խոսքերով ժողովրդի սիրտը շահել»,- ասում էին նրանք: Նշենք, որ բնակիչները մարտական են տրամադրված եւ որոշել են մինչեւ խորհրդարանական ընտրությունները բողոքի ակցիաներ անցկացնել, եթե հարցը կառավարական մակարդակով չլուծվի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image