Գյումրիում աճել է բնակչության թիվը, պետք է հասկանանք, թե ինչպես է աճել

Գյումրիում աճել է բնակչության թիվը, պետք է հասկանանք, թե ինչպես է աճել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևոր իրադարձություն է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Բաքուն ավարտել են բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը։ Դրանք վերաբերում էին սահմանամերձ տարածքներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության) դուրսբերմանը և միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։ Հարցին, թե արդյոք հանրությունը մինչև պայմանագրի ստորագրումը հնարավորություն կունենա տեքստին ծանոթանալու, Փաշինյանը նշեց, որ տեքստի հրապարակման հետ կապված պրակտիկաներին պետք է նայել։ «Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. առանձին հոդված–հոդված, այսպես թե այնպես հրապարակվել է։ Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը պայմանագրի տեքստին ծանոթ չէ։ Վերջին 4 տարիներին դրույթ առ դրույթ հայտնի է դարձել»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` այս փուլում Հայաստանը չպետք է միակողմանի ձևակերպումներ ու հայտարարություններ անի, քանի որ, եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը գտել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ-ն էլ իր հերթին որոշել է, որ այս տեքստը նաև իրեն է ձեռնտու։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին` Փաշինյանը նշեց, որ ԵՄ դիտորդների մասին ոչ մի բառ, խոսք չկա։ Ի՞նչ նոր աղետներ է ծրագրել Նիկոլ Փաշինյանը Հայաստանի գլխին: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ՀայաՔՎԵ նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանի հետ: 

- Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամվա տարբերությամբ մի քանի թրքահաճո հայտարարություններով է հանդես եկել: Նախ խոսել է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, դրանից առաջ էլ թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնային հարց չէ, և այլն: Այս հայտարարություններն ինչի՞ մասին են փաստում:

- Փաստում են այն մասին, որ այս մարդը պատրաստ է ամեն ինչի: Այն, ինչ թուրքերը տասնամյակներ շարունակ ուզում էին Հայաստանից, Նիկոլ Փաշինյանը մի քանի ամսում իրականություն դարձրեց: Նա հայտարարում էր, որ միջանցքի հարց չի լինելու, իրեն ճղում էր Ազգային ժողովի ամբիոնից: Նրա գործողություններին հետևելով կարող ենք արձանագրել, որ նա անում է այն, ինչի համար իրեն բերել են իշխանության:

- Ընտրություններին ընդառաջ այս թրքահաճո հայտարարությունները չե՞ն ազդում նրա վարկանիշի վրա:

- Նա ուզում է խաղարկի խաղաղության պայմանագիր ասվածը, որը երբեք էլ իրականություն չի դառնալու և չի ստորագրվելու: Ադրբեջանի պահանջներն անվերջանալի են, սակայն քանի որ Նիկոլը գիտի իր ապագա ջախջախիչ պարտության մասին, նա մեզանից լավ գիտի, թե ինչպիսի անկում է ապրում իր ռեյտինգը, փորձում է որոշ քայլեր ձեռնարկել, իբրև Հայաստանը տանում է խաղաղության և այլն: Իշխանությունները խոսում են միայն խաղաղության պայմանագրի տեքստի մասին, սակայն դրա բովանդակությունը շատ ավելի դաժան է, քան կարող ենք պատկերացնել:

- Ի՞նչ առումով է դաժան:

- Ադրբեջանը Հայաստանի ինչ-որ շրջաններ Ադրբեջանի մաս է ճանաչելու: Դեռ փոքր-փոքր է քայլեր անում, սակայն կոմունիկացիաների բացումը լինելու է Սյունիքի միջանցքի տրամաբանությամբ: Որևիցե պետական մարմին այդ ճանապարհի վրա վերահսկողություն չի ունենալու, այն անցնելու է Ադրբեջանին: Փաշինյանի խուսափողական պատասխանները հենց այդ մասին են վկայում: Եթե միջանցքի հարց չկա, թող պարզ ասի: Նա խուսափում է կոնկրետ խոսել միջանցքի մասին:

- Առաջ նաև պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բնավ կապ չունի Բաքվի պահանջների հետ, սակայն Հաջիևը հստակ հայտարարեց, թե Ադրբեջանն ինչ պահանջներ է դրել Հայաստանի առաջ:

- Նիկոլ Փաշինյանը մշտապես ստում է:

- Եթե իշխանություններին հաջողվի Սահմանադրություն փոխել, ինչ-որ պայմանագրերի տակ ստորագրել, ի՞նչ տեղի կունենա:

- Այդ մարդը 2018 թվականին իշխանության է եկել և հայտարարել` «Կամ Հայաստանը չի ունենա վարչապետ, կամ ես կլինեմ ՀՀ վարչապետը»: Մենք պետք է կարողանանք նրան իշխանազրկենք, հակառակ դեպքում Ադրբեջանի վերջին պահանջը Հայաստանի լուծարումն է լինելու:

- Նշում եք, որ Փաշինյանի վարկանիշը ջախջախված է: Գյումրու մասի՞ն եք ակնարկում, թե՞ առհասարակ:

- Թե առհասարակ Նիկոլի վարկանիշի, թե Գյումրու ընտրությունների մասով: Գյումրիում ինչքան հանցագործ կա` բաց են թողել, իզուր չէ, որ հենց ինքը գնաց ընտրությունների և հայտարարեց, որ 300 միլիոն թալան է վերադարձնելու բյուջե: Այժմ ցուցակներ ենք ստուգում, Գյումրիում աճել է բնակչության թիվը, պետք է հասկանալ, թե ինչպես է աճել: 3000-ին մոտ թիվ է ավելացել: