Լուրջ պրոբլեմներ կան գերեզմանոցի հետ կապված․ փոխվել է «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրենը

Լուրջ պրոբլեմներ կան գերեզմանոցի հետ կապված․ փոխվել է «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրենը

Մի քանի տարի է, ինչ Գյումրիի գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար քաղաքացիները խնդիրների են բախվում, քանի որ ազատ տարածքներ գրեթե չկան: Առաջին եւ երկրորդ գերեզմանատները մասնակի փակ են, բաց է «Շիրակ» գերեզմանատունը, սակայն այստեղ էլ հուղարկավորությունները    սահմանափակ են: Տարածքներ հատկացնող Գյումրիի «Հավերժ հիշատակ» ընկերությունը շարունակ խնդիրներ է ունենում, ընդհուպ դատական քաշքշուկների մեջ է հայտնվում: Օրինակ՝ Շիրակ գյուղի բնակիչները պնդում էին, որ «Հավերժ հիշատակ» ընկերությունը զավթել է իրենց պատկանող տարածքները՝ որպես գերեզման վաճառելով քաղաքացիներին:Նրանցից  ոմանք էլ  դատարան դիմեցին :

Շիրակ համայնքը խոշորացման արդյունքում ընդգրկվել է Մարմաշեն համայնքի կազմում: Մարմաշեն համայնքն էլ իր հերթին էր դիմել  դատարան՝ պահանջելով վերջ տալ «Հավերժ հիշատակ» ընկերության կողմից իրենց հողերը զավթելու գործընթացին: «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրեն Արտյոմ Դավթյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ Օրերս Գյումրու ավագանու որոշմամբ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գյումրի-1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի ղեկավար Էդուարդ Բաղրամյանը։ Ի դեպ, Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունն ապրիլի 1-ից դադարեցվում  է՝ միավորվելու նախապայմանով։ Ավագանին  Էդուարդ Բաղրամյանին անգործ չի թողնում, նրան նոր հիմնարկ ղեկավարելու հնարավորություն է ընձեռնվում։

Այն, որ Հանրապետության երկրորդ քաղաքում գերեզմանոցների հետ կապված լուրջ խնդիրներ կան, իր խոսքում ընդգծեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը․ «Լուրջ պրոբլեմներ կան գերեզմանոցի հետ կապված, կառավարության նոր որոշում է՝ պետք է քարտեզագրվի ու նաև համարակալվի, տարածքներ չկան, որպեսզի մենք հուղարկավորություն կազմակերպենք։ Հիմա տարածքներ ենք գնելու «Շիրակ» գերեզմանատանը, երեկ գնացել, գերեզմանոցն արդեն ճարտարապետի հետ ուսումնասիրել ենք, մոտ չորս ու քանի հեկտար արդեն զբաղեցրել ենք, հիմա 5 հեկտար էլ նորից ուզում ենք գնել»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ դիմել է կառավարությանը։

«Կա Մարմաշենի խոշորացված համայնք, հինգ հեկտար ևս ուզում ենք գնել, եթե գնեցինք, պիտի կարողանանք ճանապարհները, պարիսպը կառուցել։ Եվ մի խնդիր ունենք գերեզմանոցների հետ կապված։Բացի էն, որ հուղարկավորել ենք մեր հերոս զինվորներին, պետք է կարողանանք հավուր պատշաճի կառուցել պանթեոնները, ոնց որ մյուս գերեզմանոցներում կառուցեցինք։ Տեղերի արհեստական դեֆիցիտ է ստեղծվել, առիթից օգտվել են շատ մարդիկ։ Հիմա մեզ ասում են՝ դուք գնացեք հողերը գնեք, դուք կառուցեք։ Լավ, մենք անենք, բայց դա շատ բարդ պրոցես է և լուրջ ֆինանսավորման անհրաժեշտություն կա, դրա համար և՛ տնտեսված գումարներ կունենանք, և՛ ինչ-որ տեղ ազատ միջոցներ եկամտահարկից, գույքահարկից և կպլանավորենք, կարգի կբերենք։ Մեր բոլոր գերեզմանոցները մեր սրբավայրերն են։ Պանթեոնի շինարարության հետ կապված դիմեցի Պաշտպանության նախարարությանը, կառավարությանը, հարց առաջ քաշեցի, որ անպայման գումար տրամադրեն, որ կարողանանք պանթեոնը սարքել, դա շատ կարևոր է բոլորիս համար»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքապետը։