Փարիզում այրել են Շառլ Ազնավուրի սիրած ռեստորանը

Փարիզում այրել են Շառլ Ազնավուրի սիրած ռեստորանը

Ֆրանսիայով «դեղին բաճկոնների» բողոքի հերթական ալիքն է անցել, հայտնում է Figaro-ն: Մասնավորապես Փարիզում բողոքավորները թալանել են մի քանի էլիտար խանութներ Ելիսեյան դաշտերում, ինչպես նաև հրավառ նյութով շիշ նետել հանրահայտ Le Fouquet's ռեստորանի վրա: Չեն փրկել նույնիսկ պաշտպանական վահանակները, որոնք տեղադրված են շենքի լուսամուտների վրա: Արդյունքում ռեստորանի ծածկված նախասրահը ոչնչացել է կրակից:

Այրել են նաև Le Deauville ռեստորանը: Fouquet's-ը ներառված է նաև Փարիզի պատմական վայրերի ցանկում: Այն համարվում է ֆրանսիական էլիտայի ամենահայտնի հանդիպավայրը, ուր հաճախ են այցելել աշարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև շատ քաղաքական հայտնի գործիչներ՝ ներառյալ Հինգերորդ հանրապետության նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում զանգվածային բողոքներ էին սկսվել հոկտեմբերի կեսերից՝ երբ հայտնի էր դարձել բենզինի հարկերի բարձրացման՝ կառավարության ծրագրի մասին: Ակցիան անվանեցին «դեղին բաճկոններ», որովհետև ցուցարարները կրում էին դեղին գույնի լույսն անդրադարձնող բաճկոններ: Այդպիսի բաճկոններ կրում են վարորդները՝ աշխատանքի ժամին: Դեկտեմբերի 4-ին վարչապետ Էդուար Ֆիլիպպը հայտարարել էր, որ բենզինի սակագների բարձրացման՝ կառավարության ծրագիրը սառեցվում է, սակայն բողոքի ակցիաները շարունակվում են: