Մարզպետները հրահանգել են մարդ ապահովել վաղվա հավաքին
Վաղը Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդ ապահովելու համար նորից գործի են անցել մարզպետարանները` գործի դնելով վարչական ռեսուրսը: Մասնավորապես, մեզ քիչ առաջ ասացին, որ Լոռու մարզպետարանից զանգահարել են դպրոցի տնօրենների և վրաները թիվ դրել, որ վաղվա հավաքին ամեն տնօրեն որոշակի քանակությամբ մարդ ապահովի` Երևան մեկնելու և Փաշինյանի հավաքին մասնակցելու համար: Ասացին` վաղը ժամը 14:00-ին պետք է հավաքվեն Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց, որտեղ իրենց սպասելու են մարզպետարանի տրամադրած ավտոբուսները, որոնցով էլ պետք է մեկնեն Երևան` իշխանության հավաքին:
Մեզ տեղեկություն հասավ նաև, որ Շիրակի մարզպետն էլ արդեն իսկ հրահանգել է մարզպետարանի աշխատակիցներին մեկ մարդու պես լինել հրապարակում:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր կատարել, որով վաղը` մարտի 1-ին, ժամը 18:30-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ` հանրահավաքի և երթի:
Կարծիքներ