Հայկ Մարությանը «ֆռռացրե՞ց» վարչապետին, թե՞ նրանք միասին «ֆռռացրին» մեզ

Հայկ Մարությանը «ֆռռացրե՞ց» վարչապետին, թե՞ նրանք միասին «ֆռռացրին» մեզ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «զոռբայությամբ» հասավ իր ուզածին։ Նա, թքած ունենալով մամուլի բազմաթիվ հրապարակումների, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների բարձրաձայնած մտահոգությունների վրա, արեց այնպես, որ իր եւ իր ընկերոջ ջանքերով դասավորած 900 մլն դրամի 24 միավոր «ԿամԱԶ»-ի ապօրինի գնումը տեղի ունենա։ Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է, ինչ Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է աղբահանության համար նախատեսված «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներ ձեռք բերել, բայց չի կարողանում, քանի որ մեքենաների գնման մրցույթի օրենքի խախտումով էր հայտարարել։ Այնպիսի պարամետրեր էին գրել, որ հաղթելու հնարավորություն ունենա միայն ռուսական «ԿամԱԶ» ընկերությունը, ասել է թե՝ մրցույթը բացառապես «ԿամԱԶ»-ի «հագով էին կարել»։ Դա բողոքարկել էր մրցույթի մասնակից «Գալոպեր» ՍՊԸ-ն, որը բելառուսական «ՄԱԶ» մակնիշի մեքենաներ է ներկրում եւ ավելի մատչելի գնով, քան «ԿամԱԶ»-ն է։ Բողոքարկման հանձնաժողովը բավարարել էր «Գալոպերի» հայցը եւ քաղաքապետարանին պարտավորեցրել շտկել սխալը։ Բայց քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի ու նրա թիմի, այս ամիսներին իր վարքով ապացուցեց, որ ընդունակ չէ իրենց սխալներն ընդունել եւ բարեխիղճ աշխատել, երեսները պնդացրին ու իրենք հակընդդեմ հայցով դիմեցին դատարան։

Ու քանի որ պրոցեսը ձգձգվում էր, իսկ Երեւանում էլ «Սանիթեքը» չէր հասցնում նորմալ աղբահանություն կատարել, ու ամենուր կուտակված աղբ էր, Մարությանը որոշեց իրենց սխալն «ուղղել» կառավարության միջոցով։ Երեկ նրանք կառավարության նիստի օրակարգ էին բերել մի նախագիծ, որով առաջարկում էին «ԿամԱԶ»-ների գնումը կատարել մեկ անձից գնման ընթացակարգով՝ չսպասելով դատարանի որոշմանն ու թքած ունենալով մասնակից ընկերությունների իրավունքների ու ներկայացրած բողոքի վրա։ Այս օրերին շատ է արծարծվել այն հարցը, որ Հայկ Մարությանն ու նրա ընկեր, վարչապետի օգնական Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը, ֆինանսական շահագրգռություն ունեն այս տենդերի մեջ, մասնավորապես՝ «ԿամԱԶ» մեքենաների գնման հարցում, կասկած կա, որ նրանք արդեն խոստացել են ռուսական ընկերությանը, որ հենց իրենցից են գնելու այս մեքենաները, ու նույնիսկ պատվիրել դրանք, ու հիմա 24 միավոր «ԿամԱԶ»-ը պատրաստ կանգնած է պահեստում, մնում է ընդամենը փոխադրել Հայաստան։ Բայց «Գալոպեր» ՍՊԸ-ն պատրաստ էր նույն պահանջներին համապատասխան «ՄԱԶ» մակնիշի մեքենաներ մատակարարել ավելի քան 10 մլն դրամ ցածր արժեքով։ Այսինքն՝ միջինը 250 մլն դրամ կարող էր շահել քաղաքապետարանը, եթե հրաժարվեր «ԿամԱԶ»-ից, բայց Մարությանը որոշեց նոր մրցրույթ անցկացնելու փոխարեն դիմել դատարան, որ վիճարկի գնումների բողոքարկման հանձնաժողովի որոշումը։

Այդ կապակցությամբ երեկ նիստից առաջ կառավարության դիմաց ճեպազրույց ունեցավ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հայտնելով իր մտահոգությունները վերոնշյալի վերաբերյալ։ Խաժակյանն ասաց, որ քաղաքապետարանը շատ լավ հասկանում էր, որ դատարան դիմելով՝ կարող էր պրոցեսն ամիսներով ձգվել, ու հիմա նա դիմեց կառավարությանը, որ հնարավորություն ստանա մեկ անձից գնում կատարել եւ հարցը փակել։ Խաժակյանը սա համարեց հակամրցակցային համաձայնության վառ օրինակ՝ գնումը կատարել մեկ անձից, այն է՝ իրենց նախընտրած ընկերությունից։ Նշենք, որ այս հարցը մենք բարձրացրել էինք նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հրավիրած ասուլիսում, որ կոռուպցիոն ռիսկ կա այս մեքենաների գնման գործընթացում, վարչապետն էլ ասել էր, որ եթե նման խնդիր կա, ուրեմն թող իրավապահները զբաղվեն այդ հարցով։ Դրան հետեւեց դատախազության հայտարարությունը, որ մեր հոդվածի հիման վրա նյութեր են նախապատրաստում եւ դիմել են քաղաքապետարանին այդ հարցով, որ իրենց համապատասխան տեղեկություններ տրամադրեն մրցույթի վերաբերյալ։ Բայց դատախազությունը դեռ երկար ժամանակ նյութեր կնախապատրաստի ու հազիվ թե որեւէ անօրինական բան հայտնաբերի, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքապետի՝ Հայկ Մարությանի «կպցրած» տենդերի մասին է, եւ դա ինքնին նշանակում է, որ Մարությանն անձեռնմխելի է, նրա քայլերն էլ անքննելի են։ 

Այդ ամենն ապացուցվեց նաեւ երեկ՝ կառավարության նիստում, որին Մարությանը ներկա գտնվեց, քանի որ վարչապետը հատուկ հրավիրել էր, որ նրա մասնակցությամբ քննարկեն հարցը։ Մարությանը եկավ ու կես ժամում ոտքի վրա այնպես «ֆռռացրեց» վարչապետին, որ վերջինս «համոզվեց», որ ամեն ինչ շատ ճիշտ է արվում, եւ նախագիծը պետք է ընդունել։ Ցավալի է այն, որ կառավարությունում նստած անգամ ամենափորձառու դեմքերը, այդ թվում՝ ֆինանսների նախարարը եւ գնումների ու տենդերների, նաեւ ատկատների մեծ մասնագետ Ատոմ Ջանջուղազյանը, որեւէ կերպ չանդրադարձան հիմնական խնդրին՝ կոռուպցիոն ռիսկին, թե ինչու է քաղաքապետարանը մրցույթը «կարել» բացառապես «ԿամԱԶ»-ի «հագով», ինչ շահ ունի քաղաքապետը հենց «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների գնման հարցում, ինչու է նա այդքան շահագրգռված այս հարցում, ինչու է դեմ թափանցիկ ու հավասար պայմաններով մրցույթի անցկացմանը, որտեղ կարող է քաղաքապետարանն ավելի ցածր գնով տեխնիկա ձեռք բերել։ Մարությանը համոզեց վարչապետին, թե քաղաքն աղբահանության լուրջ խնդրի առաջ է կանգնած, ու իրենց շտապ տեխնիկա է անհրաժեշտ, որ կարողանան մաքրել քաղաքն աղբից, ու չեն կարող սպասել դատարանի որոշմանը, որ նոր մրցույթ հայտարարեն, քանզի դա կարող է երկար տեւել։ Ու ոչ ոք չհարցրեց նրան, թե ինչու ես դիմել դատարան՝ քաջ գիտակցելով, որ դա երկար պրոցես է, ինչու են ամեն գնով ուզում նախապես հայտնի կազմակերպությունից գնում կատարել, եւ արդյոք այս գործընթացի արդյունքում մենք նոր արբիտրաժային դատավարություն չե՞նք ստանա ընդդեմ Հայաստանի։

Ու քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ շատ հարցերում տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր շուրջ, ինչ մանիպուլյացիաների ու կուլիսային գործարքների մեջ են իր նշանակած կադրերը, իրականությունից կտրված է այնքան, որ ուշքն ու միտքը միայն «հակահեղափոխականներին» ասֆալտին փռելն է, Հայկ Մարությանն ու կառավարության մյուս անդամները նրան հեշտությամբ կարողանում են «ֆռռացնել» եւ անցկացնել իրենց ուզած նախագիծը։ Կամ էլ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ամեն ինչից շատ էլ լավ տեղեկացված են, բայց իրենց այդպես է պետք, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերվեն այդ «ԿամԱԶ»-ները, հետեւաբար, իրենց դրեցին միամիտի տեղ ու չանդրադարձան ամենակարեւոր ու պրոբլեմատիկ հարցին։ Արդյունքում նախագիծն ընդունվեց բոլորի «կողմ» ձայներով։