Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ

Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի առթիվ․

Հայաստանի Ազգայի ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է կանանց միջազգային օրվա կապակցությամբ.

«Այսօր կանանց միջազգային օրն է։ Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության մասին։ Մեր պատմության էջերը հարուստ են վառ կին անհատներով՝ Փառանձեմ թագուհուց մինչև Սոսե մայրիկ, Զապել Եսայանից մինչև Սիլվա Կապուտիկյան։ Հայաստանի առաջին Հանրապետությունը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքը ճանաչած առաջին պետություններից էր, խորհրդարանում ուներ կին պատգամավորներ։

Առաջին հանրապետությանն էր պատկանում նաև նորագույն ժամանակաշրջանի առաջին կին դիվանագետն ունենալու պատիվը՝ ի դեմս Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Աբգարի: Մինչդեռ մեր հասարակության մեջ ցայսօր երբեմն տեղ ունեն կանանց իրավունքների և ազատությունների ստորադասումը, ոտնահարումը և անգամ կանանց նկատմամբ բռնությունը՝ երևույթներ, որոնք պայմանավորված են դարեր շարունակ օտար կրոնների և մշակույթների ազդեցությամբ և պատմականորեն ու քաղաքակրթական առումով բացարձակապես խորթ են հայկականությանը, հայկական միջավայրին։ Նոր Հայաստանում մենք պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն ստեղծագործել, արարել և իրենց ծանրակշիռ ավանդն ունենալ հասարակության և պետության ամրացման գործում։

Սիրելի կանայք, Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ»։