Եթե նույնիսկ մերկ մնաս ցլի դեմ, նա քեզ կոտոշների վրա կբարձրացնի` եթե չպայքարես

Եթե նույնիսկ մերկ մնաս ցլի դեմ, նա քեզ կոտոշների վրա կբարձրացնի` եթե չպայքարես

Իրավիճակը հետևյալն է. թավշյա իշխանությունը 2018-ից սկսած փուլ առ փուլ ուրվագծել է հետևյալ նարատիվները.

1. 2018-2020
Նախկիններն են մեղավոր, որ մենք վատ ենք ապրել։
Պետք է հաշտվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ 

2. 2020-2021 
Մեղավոր է ղարաբաղյան կլանը և նախկինները, և այդ պատճառով մենք վատ ենք ապրել և պարտվել ենք 44 -օրյա պատերազմում։ 
Պետք է հաշտվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ 

3. 2021-2022 
Մեղավոր են ռուսները, որոնք մեզ դավաճանել են, և այդ պատճառով մենք վատ ենք ապրել։ Արցախի պահով նշաձողն իջեցնում ենք և հարցը լուծվում է։ 
Պետք է հաշտվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

4. 2021-2022
Բոլորը մեզ լքել են, բոլորը դավաճանել են մեզ:
Մենք այլընտրանք չունենք, մենք ճանաչում ենք Արցախը Ադրբեջանի կազմում և գալու է խաղաղություն։
Պետք է հաշտվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

5.2022-2023
Մեղավոր են էլի ռուսները, որովհետև Ադրբեջանը վտարել է արցախցիներին, իսկ ռուսները նրանց չեն պաշտպանել։ Մենք էլ չէինք կարող նրանց պաշտպանել, որովհետև պատերազմ կլիներ Հայաստանի տարածքում։ 
Պետք է հաշտվենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ 

6.2024-...
Մեղավոր է հայ ժողովուրդը, այսինքն՝ ծագումով հայերը, քանզի հայերի պետական գաղափարախոսությունը, ազգային առաջնահերթությունները պատերազմի պատճառն են։ Մենք 30 տարի պետություն չենք ունեցել և դրա համար պետք է հրաժարվենք Սահմանադրությունում եղած բոլոր ազգայի դրույթներից։ 

Եթե չհրաժարվենք ազգային ինքնությունից Սահմանադրության որոշ դրույթներում, ապա լինելու է հավերժ պատերազմ։

Պետք է հաշտվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ 
.............

Այսինքն ՝ մենք տեսնում ենք հայկական էթնո-քաղաքական միավորների հիմքերի (Հայաստան և Արցախ) համակարգային քայքայման գործընթացների էվոլյուցիա ՀՀ֊ում այս պահին իշխող վարչակազմի կողմից։

Մենք նաև տեսնում ենք մի գործընթաց, որն ընթանում է բացառապես հայերի և Հայաստանի տոտալ չեզոքացման տրամաբանության մեջ։ 

Դատեք ինքներդ, միակ իշխանամետ քաղաքական գիծը, որը 2018 թվականից մինչ օրս մնացել է անփոփոխ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղության» մասին բարբաջանքներն են։ 

Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում ներքաղաքական դիմակայությունը կտրուկ ընդունել է հետևյալ ձևը` մի կողմից Հայաստանի քաղաքացիներն են, ովքեր իրենց նույնացնում են որպես հայեր, Սփյուռք և Արցախ։

Հայերին դիմակայելու են գլոբալ խաղացողները, թուրք-ադրբեջանական տանդեմը և ներկայիս ՀՀ իշխանությունը՝ իրենց սատելիտներով և մանկուրտների ու պարզապես խաբված մարդկանց «երկրպագուների» շատ փոքրաթիվ խմբով։ 

Հայաստանի թավշյա իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի կամքն ի կատար ածելու մեջ պարզապես չի գիտակցում այն գործընթացի մասշտաբը, որն ինքն է նախաձեռնել։ 
...
Հայերը միանշանակ հաղթելու են։ 
...
Նիկոլ Փաշինյանը, փորձելով հիմնավորել Սահմանադրությունից ազգային նարատիվները հեռացնելու անհրաժեշտությունը, մի արտահայտություն ասաց.

«Մենք կարմիր հագուստով կանգնած ենք ցուլի դիմաց, մենք պետք է փոխենք հագուստը»: Կարծում եմ, նա պարզապես տեղյակ չէ, որ ցուլերը գույները չեն տարբերակում: Ցուլերը ամեն ինչ տեսնում են մոխրագույն:

Ինչպես և թուրքերը, քանի որ եթե անգամ կարմիր շորերդ հանես ու մերկ մնաս կատաղած ցլի դեմ, միևնույն է, նա քեզ իր կոտոշների վրա կբարձրացնի` եթե, իհարկե, չպայքարես:

Թավշյա իշխանությունը Սահմանադրության փոփոխման առումով փաստորեն մեզ բոլորիս ասում է հետևյալը. Ժողովուրդ մենք պետք է ինքնակամ գնանք ազգային և պետական ինքնասպանության, թե չէ մեզ կսպանեն։

Արման Աբովյան