Կարեն Սարուխանյանին բերմա՞ն են ենթարկել

Կարեն Սարուխանյանին բերմա՞ն են ենթարկել

Գյումրիից հայտնում են, որ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին բերման են ենթարկել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` Գյումրի գնալու ճանապարհին Շիրակի ԱԱԾ վարչության աշխատակիցները կանգնեցրել էին նրա մեքենան եւ ուղեկցել ԱԱԾ, որտեղ մի քանի ժամ մնալուց հետո բաց էին թողել: Բայց Շիրակում խոսում էին, որ նա անտրամադիր է: Մեր աղբյուրներն ասում են, որ ինչ որ նյութեր են նախապատրաստվում նրա դեմ, որի հիմքում փողային ինչ որ անօրինական գործարքներ են: Հնարավոր է` դա կապված լինի ՏԻՄ ընտրությունների հետ: Ըստ նույն աղբյուրի, Սարուխանյանն աշխատել է ոչ թե իշխանական թեկնածուի` ՔՊ ցուցակով առաջադրված Հովհաննես Հարությունյանի օգտին, այլ վերջինիս մրցակցի` «Բալասանյան դաշինքի»: 

Ավելին` Գյումրիում վստահ են, որ Կարեն Սարուխանյանը շատ սերտ կապեր ուներ Սամվել Բալասանյանի եւ նրա որդիների հետ: Անգամ նյութական «կապվածություն», որն արտահայտվել է ամսական վճարվող «աշխատավարձի» տեսքով: Բալասանյանները իշխանության ներսում, փաստորեն, իրենց մարդն են ունեցել, որը որոշակի տեղեկատվություն է տարել-բերել, աջակցել իրենց` ինչով կարողացել է եւ այլն: Ասում են, որ հենց Սարուխանյանն է «փափուկ բարձ դրել» իշխանությունների գլխի տակ, որ Բալասանյան դաշինքը շանս չունի հաղթելու, միայն մասնակցելու է եւ հարկ եղած դեպքում աջակցելու է ՔՊ-ին: Եւ այս երկակի խաղերն ի վերջո, բացահայտվել են ու նա հայտնվել է ԱԱԾ տեսադաշտում:

ՀԳ Նյութը հրապարակվելուց հետո իր էջում արձագանքեց Կարեն Սարուխանյանը` գրելով, որ ինքը տանը նստած իմանում է, որ իրեն բերման են ենթարկել, իսկ մեր նյութի տակ գրեց` «Ոչ»: Ուրախ ենք, որ նա տանն է, սակայն դա չի նշանակում, որ իր հետ կապված որեւէ գործընթաց իրավապահ մարմիններում չկա: Ամեն դեպքում` մեր պարտականությունն է մեր ստացած տեղեկատվությունը փոխանցել ընթերցողին, ինչը եւ արել ենք: Իսկ նախկին մարզպետին խորհուրդ կտային` կոռեկտ լինել որակումների մեջ եւ համեստ` իր ապագայի հետ կապված ակնկալիքների առումով: