«Հրապարակ». Թուրքիան մտավ մի բանի մեջ, որը վեր է իր ուժերից ու հնարավորություններից
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան՝ մինչ այդ ցուցումներ տալով, որ խաղաղ ճանապարհով փոխանցեն իշխանությունը, եւ ինքն ընտանիքի հետ մեկնեց Մոսկվա։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Թուրքիայի ակտիվացման մասին զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
- Սիրիայում տեղի ունեցած պրոցեսները Հայաստանում տարբեր կերպ են ընկալվում, մեկնաբանվում: Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Թուրքիայի ազդեցությունն է մեծանում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա։ Շատերը նշում են նաեւ, որ սա Սիրիայի դեմ Ռուսաստանի հերթական դավադրությունն էր, եւ հերթական անգամ Ռուսաստանը դավաճանեց իր երկարամյա դաշնակցին: Ի վերջո` ի՞նչ տեղի ունեցավ` Ձեր գնահատմամբ: Ի՞նչ ազդեցություն այն կարող է թողնել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հայաստանն ի՞նչ հետեւություններ պետք է անի այդ ամենից:
- Փաստորեն, տեղի ունեցածը Թուրքիայի նախաձեռնությունն էր իրապես, Թուրքիան է այս ամենի հետեւում կանգնած: Թուրքիան խախտեց այն գործընթացները, որոնք ձեռք էին բերվել Աստանայի գործընթացներում: Ռուսաստանի հետ կային երկկողմանի համաձայնություններ: Պետք է արձանագրենք, որ Ասադի բանակը չկռվեց: Չեմ կարծում, թե տեղի ունեցածն անմիջական ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա: Առանձնապես տարածաշրջանում իրավիճակը, իմ կարծիքով, չի փոխվի:
- Արդյո՞ք Սիրիայի դեպքերը չեն նշանակում, որ վերականգնվում է թուրանական աշխարհը, Մեծ Թուրանի ծրագիրն է իրականացվում, եւ թուրքերը կանգ չեն առնելու` այլ տարածքներ էլ են փորձելու գրավել:
- Թուրքիան նախաձեռնեց եւ իրականացրեց այդ ամենը, բայց մի զարմանալի նկատառում. Թուրքիան՝ ինքն էլ չէր սպասում, որ այդքան արագ իր ուզածին կարող է հասնել: Թուրքիան իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում` Սիրիայի համար: Թուրքիան իրականում աշխարհի հզոր պետություններից չէ, եւ բարդ խնդիր է ստեղծվում: Գուցե այս ամենի տակից չկարողանա ընդհանրապես դուրս գալ` Սիրիան պետք է իր վերահսկողության տակ պահի, բայց արդյո՞ք կարող է: Բավականին բարդ հարց է: Ցանկանում են Սիրիային դարձնել ենթակա պետություն: Բայց ցանկանալը մի բան է, իրագործելը՝ մեկ այլ:
- Իսկ ինչո՞ւ չպետք է կարողանա կյանքի կոչել իր առջեւ դրված նպատակները:
- Թուրքիայի հնարավորություններն այնքան մեծ չեն, որ կարողանա նման հարցեր լուծել: Բավարար հեղինակություն է պետք նաեւ: Այժմ տարբեր խմբավորումներ են պայքարում Սիրիայում, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Պետք է նրանց՝ բոլորին, Թուրքիան կարողանա պահել վերահսկողության տակ, իսկ դա այնքան էլ հեշտ բան չէ: Կառավարելի պրոցեսներ են հարկավոր: Թուրքիան մտավ մի բանի մեջ, որը վեր է իր ուժերից ու հնարավորություններից: Սա է հիմնական էությունը, եւ հետո՝ չեմ կարծում, թե Թուրքիան մեր տարածաշրջանում` գոնե մոտակա ժամանակներս ակտիվություն ցուցաբերի, ինչու, որովհետեւ առաջիկայում ավելի կարեւոր հարցերով է զբաղված լինելու: Առանց Թուրքիայի Ադրբեջանը ոչինչ չի կարող անել: Իհարկե, կարող է սադրանքների գնալ, ճնշման փորձեր անել, բայց, մեծ հաշվով, մոտակա ամիսներին չի կարող որեւէ պրոցես տեղի ունենալ:
- Այսինքն` մի՞ֆ է այն տեսակետը, որ Թուրքիան գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել:
- Չէ, իսկապես ներկայացնում է նման հայտ, բայց ինչ-որ բան ուզենալը քիչ է: Թուրքիան իր էությամբ միջին պետություն է: Վերջերս Էրդողանն ասաց, որ ցանկանում են բազմաբեւեռ աշխարհի բեւեռներից մեկը դառնալ, բայց դա ընդամենը ցանկություն է, ամբիցիա եւ ձգտում: Կան օբյեկտիվ ցուցանիշներ:
- Ի՞նչ ցուցանիշներ:
- Օրինակ` Թուրքիայի ՀՆԱ-ն լրիվ այլ բանի մասին է խոսում: Թեպետ Թուրքիայի զինված ուժերը շատ հզոր են, սակայն այնքան ուժեղ չեն, որ կարողանան ինքնուրույն գործողություններ վարել: Թուրքական բանակը գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ` շատ մեծ ազդեցության մասին է խոսքը, եւ հետո՝ Թուրքիայի հեղինակությունն այնքան էլ մեծ չէ աշխարհում: Վերջիվերջո, գերտերություն դառնում են նաեւ հեղինակության շնորհիվ: Թուրքիան նման հեղինակություն չունի, թեպետ ցանկանում է ունենալ: Զուտ Էրդողանի ամբիցիաներն են մեծ, բայց ոչ մի հիմք չկա այդտեղ:
- Ինչո՞ւ եք վստահ, որ Ադրբեջանը չի օգտվի առիթից:
- Առանց Թուրքիայի չի կարող: Եթե Թուրքիայի համաձայնությունն ու աջակցությունը չունենա, չի կարող ոչ մի գործողություն կատարել, զուտ կարող է ճնշումների միջոցով զիջումների հասնել, սադրանքների կարող է գնալ, բայց մեծ պատերազմ տեղի չի ունենա:
Կարծիքներ