Գյումրի ԲԿ-ում կրկին բացվել է կորոնավիրուսային բաժանմունքը․ ազատ մահճակալ չկար

Գյումրի ԲԿ-ում կրկին բացվել է կորոնավիրուսային բաժանմունքը․ ազատ մահճակալ չկար

Մոտ 10 օր է, ինչ Գյումրի բժշկական կենտրոնում վերաբացվել է կորոնավիրուսային բաժանմունքը։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ բաժանմունքի վերաբացման առաջին օրերին ազատ մահճակալ չունեին։

«Սկզբում 100 մահճակալն էլ զբաղեցրած էր, բայց մի քանի օր է՝ ազատ մահճակալներ ունենք։ Այս պահին 82 հիվանդ ունենք, այսինքն՝ մոտ 20 տեղ ազատ կա։ Այսօր ազատ տեղ ունենք, բայց թե վաղը ինչ կլինի, բնականաբար, չեմ կարող ասել։ 30 ծանր հիվանդ ունենք, որից 10-ը վերակենդանացման բաժանմունքում են, հիմնականում շնչառական բարդություններով եւ ուղեկցող հիվանդություններով դեպքերն են» ,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Կորոնավիրուսային հիվանդության որ շտամն է այս պահին մարզում մոլեգնում՝ բժշկական կենտրոնի փոխտնօրենը դժվարացավ պատասխանել․«Այ, դա չեմ կարող ասել, թե որ տեսակն է՝ օմիկրոն, դելտա շտամ․․․․, որովհետև մենք չունենք համապատասխան միջոցները՝ տեսակները որոշելու»։

Նշենք, որ Շիրակի մարզի բնակչությունից բացի հաճախ հիվանդանոց են տեղափոխվում նաև հարևան՝ Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակիչները։