Հասարակություն

«Թալանչիները»՝ մասնավոր բանկերը, կարող էին այս լարված իրավիճակում մի փոքր ախորժակները զսպել

«Թալանչիները»՝ մասնավոր բանկերը, կարող էին այս լարված իրավիճակում մի փոքր ախորժակները զսպել

Դրամը դոլարի և եվրոյի նկատմամբ մի քանի ամիս է արժեվորվում է եւ այսօր աննախադեպ նիշերի է հասել: Այս ոլորտը բոլորովին չի վերահսկվում: Օրինակ՝ օրերս հայտնի դարձավ, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում մեկ դոլարի առքը 300 դրամ է, իսկ վաճառքը՝ 600, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկը չի կատարում իր պարտականություևները եւ թույլ է տալիս, որ բանկերն ու արտարժույթի կետեր վերածվեն վաշխառուական հիմնարկների, որոնք թալանում են հանրությանը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

- Հայաստանի Հանրապետությունն այս պահի դրությամբ գտնվում է մի իրավիճակում, երբ Կենտրոնական բանկը և մասնավոր բանկերը, կոպիտ կարող է հնչել, բայց մնացել են «անտեր»։ Ինչու՞: Որովհետև մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն է, մյուս կողմից՝ աշխարհի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված սանկցիաներն են: Այս ամենի ֆոնին բանկային համակարգը պետք է քաղաքական իմաստով ստանար աջակցություն: Սակայն այդ տոտալ աջակցությունը չկա և բանկային համակարգը մնացել է միայնակ: Բնականաբար բանկերը հնարավորինս պետք է զգույշ գործեն, իսկ եթե բանկերը պետք է հնարավորինս զգույշ գործեն՝  չուզենալով պետք է որոշակի գործառություններ  իրականացնեն և  պետք է նաև փորձեն իրենց բացը լրացնել ուրիշ տեղերով: Կոպիտ հնչող «թալանչիները»՝ մասնավոր բանկերը, կարող էին այս լարված իրավիճակում մի փոքր ախորժակները զսպել, բայց որպես հին թալանչիներ՝ նրանք ախորժակ զսպելու ցանկություն չունեն: Մյուս կողմից հասկանում ենք, որ Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի՝  վերահսկողական և պետք է զսպի:  Եվ բնականաբար, քանի որ քաղաքականություն մշակողը որբի կարգավիճակով, անտեր, միայնակ մնացած, մեղմ ասած, առանց գործիքակազմի, ստիպված է վարել քաղաքականություն՝ խնդրելով բանկային համակարգին՝ այս կամ այն գործառույթն իրականացնել, որովհետև հակառակ պարագայում  կունենան խնդիր՝ թե մասնավորը, թե հետո նաև պետական բանկերը:

- Ամողջ աշխարհում դոլարն ու եվրոն բարձրանում են, իսկ Հայաստանում դրամը չի զիջում իր դիրքերն ու արժեվորվում է: Ինչումն է խնդիրը:

- Տեսնում ենք, որ աշխարհում դոլարի նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է դրամի նկատմամբ վերաբերմունքից: Ինչու՞, որովհետև անգամ եվրոյի նկատմամբ դոլարը արժեվորվում է, և տեսնում ենք նաև, որ դոլարն ու եվրոն հավասարվում են: Այս ամենին զուգահեռ դրամի արժեւորում է տեղի ունենում։ Այստեղ արդեն Կենտրոնական բանկին մեղադրելը իմ կողմից չի լինի ճիշտ: Ինչ վերաբերում է դրամի արժեւորվելուն՝ դա պետական կուրսի արդյունք է: Կարող ենք փաստել, որ անկանխիկ դոլար Հայաստան մտել է ավելի շատ, քան նախկին տարիներին: Դրան հակառակ՝ կանխիկ դոլարի դիֆիցիտ կա: Այս ամեն ինչի բալանսավորումը բերում է նրան, որ Կենտրոնական բանկը չի կարողանում վարել հավասարակշռված, հաշվարկված քաղաքականություն, այլ ելնում է իրավիճակից:Ավելին ասեմ, մեզ մոտ այս պահին, եթե Կենտրոնական բանկը այդ քանակի դոլար ձեռք չբերի՝ դոլարը հնարավոր է ավելի արժեզրկվի: Եվ Կենտրոնական բանկը, ըստ էության, կայունացնող քաղաքականություն է վարում, բայց պետական քաղաքականության կուրսը նպաստում է այն գործոնին, ինչը տարբեր առումներով կարող եմ մեկնաբանել. Մի կողմից՝ ներմուծվող ապրանքների գնաճի զսպման քաղաքականության հետևանք է, մյուս կողմից պետք է հասկանալ, որ շատ լուրջ վնաս ենք հասցնում արտահանողին, որովհետև տնտեսությունը օր օրի հայտնվում է ավելի վատ վիճակում։ Երկար ժամանակահատված գնաճի ֆոնը կանխելու համար Կենտրոնական բանկը վարում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացման քաղաքականությունը՝ հույս ունենալով, որ ազդելով պահանջարկի վրա, նպաստելու է առաջարկին, և ըստ էության ունենալու ենք գնանկում: Այդուհանդերձ ռուս-ուկրաինական պատերազմը փոխեց  ամբողջությամբ այն ռազմավարական արդյունքները, ինչը, որ պլանավորած էր: Որովհետև Հայաստան եկան ավելի քան 100 հազար վճարունակ փախստականներ, և նրանք, այսպես ասած, հիբրիդացրեցին պահանջարկի վրա ազդելու պետական ռազմավարությունն ու քաղաքականությունը։ Այսինքն՝ պահանջարկը շարունակեց մնալ և այդ գործիքը, որը կիրառվել էր դարձավ անարդյունավետ: Այստեղ Կենտրոնական բանկի մեղավորությունը չկա, որովհետև Կենտրոնական բանկը՝ ինքը, չէր կարող կանխատեսել պատերազմը և դա իր գործառույթը չէր: Արտաքին և ուժային կառույցները պետք է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներով, խորհրդատվական ազգային անվտանգության քարտուղարությունով, խորհրդատվական մարմին նաև որպես՝ պետք է կարողանային համապատասխան խորհուրդ տալ քաղաքականության վարման տեսանկյունից: Այդուհանդերձ ունենք այն, ինչ ունենք։ 

Եվ դրամավարկային քաղաքականությունը վերաֆինասավորման տոկոսադրույքի ավելացումը, ցավոք սրտի, չտվեց իր արդյունքը: Այդուհանդերձ կարող եմ ասել, որ  որբի կարգավիճակում հայտնված Կենտրոնական բանկը չի կարողանում այսօր ազդել բանկերի վրա: Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից՝ Կենտրոնական բանկին մեղադրել չի կարելի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի արտագաղթման տեսանկյունից չի կարելի․․․ԿԲ-ն չէր կարող կանխատեսել, որ նոր պահանջարկ է ձեւավորվելու ու հետեւաբար առաջարկի վրա այս քաղաքականությունը չի ազդելու։ Մենք ունենք աշխարհում խառը իրավիճակ և ունենք դրան անհամարժեք պատասխանների փուլ: Շատ դեպքերում, հատկապես իշխանական պռոպագանդան ոչ իշխանական ուժերին հնչեցնում է հարց՝ իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը: Գլոբալ իմաստով առաջին խորհուրդը պետք է տալ՝ չպատկերացնողներից լինել հեռու: Որովհետև գտնվում ենք այնպիսի մի իրավիճակում,  երբ որ գլոբալ իմաստով գնում է կոմբինացիոն բարդ պայքար, որտեղ մենք առանցքային դերակատար չենք, բայց այս ամեն ինչ մտնելու է մի այնպիսի ցիկլ, որը մոտ է լինելու վերջնախաղին: Պետք են լինելու գերօպերատիվ և պրոֆեսիոնալ գործողություններ, այլևս երկար մտածելու, գլոբալ իմաստով խորհուրդներ տալու  հավանականությունը զրոյանալու է և մեզ հարկավոր է լինելու գերպրոֆեսիոնալ   մարդկանց համախումբ, ովքեր տեղում կարողանալու են արագ կողմնորոշվել և առաջ մղել ՀՀ շահը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image