Հայաստանի դատարանի որոշումները չկատարելը դարձել է սովորական բան: Երկու տարի առաջ դատարանի վճռով ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը պետք է ներողություն խնդրեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2019թ. հայցադիմում էր ներկայացրել՝ ընդդեմ Արամ Մանուկյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։ Հայցադիմում ներկայացնելու հիմքը եղել է «1in.am» լրատվականում «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված՝ «արյունարբու, անաղուհաց, նենգ մարդ» արտահայտությունները։ 2021թ դեկտեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, բավարարել էր հայցադիմումը՝ պարտավորեցնելով Մանուկյանին՝ «հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և ներողություն խնդրել Քոչարյանից»։
Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը «Հրապարակ»-ին փոխանցեց՝ Վերաքննիչով էլ են անցել, այնտեղ էլ իրենց հայցը բավարարվել է. «Երկու ատյանում էլ մեր հայցը բավարարվեց, Վերաքննիչ բողոքն իրենց կողմը ներկայացրեց, եւ իրենց բողոքը մերժվեց, բայց այդպես էլ հրապարակում դեռեւս չի եղել։ Եթե ճիշտ եմ հիշում՝ իրենք Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել, սակայն այն վարույթ չի ընդունվել, ուստի առաջին ատյանի դատարանի որոշումը մտել է ուժի մեջ։ Որեւէ ներողության հրապարակում կամ փոխհատուցում իրենց կողմից չի կատարվել»։
Անդրադառնալով դատական ակտը չկատարելու հետեւանքներին, թե արդյո՞ք որեւէ պատիժ նախատեսում է օրենքը, ասաց՝ այո․ «Եթե մենք նախաձեռնենք այդ գործընթացը, ըստ ամենայնի, այո, որովհետեւ նույն Քրեական օրենսգիրքն է պարունակում դատական ակտի դիտավորյալ չկատարելու հոդված, բայց այս պահի դրությամբ, քանի որ չունեմ ինստրուկցիա նման գործընթաց սկսելու, լրացուցիչ ինֆորմացիա չեմ կարող տալ»։
Ռոբերտ Քոչարյանը դատարանում հաղթել էր նաեւ 1in.am-ին, որի սեփականատերը Արման Բաբաջանյանն է։ Իրինա Դանիելյանն այս գործով եւս ներկայացրել է Քոչարյանի շահերը։ «1in.am-ը պարտվել էր, հրաժարվել էր ակտը կատարելուց, եկել էին Հարկադիր, գրել, որ ինքը հրաժարվում է կատարել դատական ակտը։ Հարկադիրը գործը ուղարկել էր դատախազություն, հարուցվել էր քրեական գործ, որն այդպես էլ քնեցվել է, որեւէ եզրահանգման չի եկել։ Նույնիսկ պատասխանատվության ժամկետն է այդ քրեական գործով լրացել, այդպես էլ իրական ռեզուլտատի մենք չենք եկել։ Հարուցվել է գործը, գնացել է դատարան, վերջին նիստին չենք էլ գնացել, որովհետեւ մեզ պարզ դարձավ, որ, որպես տուժող, մեզ չի ներգրավելու դատարանը»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2018-ին հայցադիմում էր ներկայացրել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին: Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հրապարակել էր տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը: Մասնավորապես, ըստ Քոչարյանի ներկայացուցչի` 2018թ. հունիսի 7-ին ընկերությանը պատկանող 1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել «Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ»: Հայցվորի դիրքորոշումն այն էր, որ հրապարակայնորեն ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Բացի այդ, 2018թ. հունիսի 23-ին և 24-ին նույն կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին» և «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրերով: Երկրորդ նախագահի ներկայացուցիչը նշում է, որ նշված հոդվածներում դարձյալ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Վիճարկվում էր նաեւ 1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հունիսի 28-ին հրապարակված ևս մեկ վերլուծական հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները», որով, հայցվոր կողմի պնդմամբ, ևս արատավորվել են Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը: Ռոբերտ Քոչարյանը խնդրել էր պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև զրպարտության դիմաց վճարել փոխհատուցում 2 մլն դրամի չափով:
Նկատենք, որ մյուս բոլոր դեպքերում դատարանի որոշումները չկատարելն անհետեւանք չի անցնում, օրինակ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեպքում իշխանությունը թույլ չտվեց գեթ մեկ ամիս անցնի, Պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան` նրա պատիժը ազատազրկմամբ փոխարինելու համար: Իսկ ոմանք, փաստորեն, արտոնյալ են եւ կարող են դատարանի վճիռներն անպատիժ չկատարել: