Հասարակություն

Դուք ո՞նց եք վախենում քրոջիցս, որ դիմում եք սրան. ընթանում է Լիլիթ Աղեկյանի դատը

Դուք ո՞նց եք վախենում քրոջիցս, որ դիմում եք սրան. ընթանում է Լիլիթ Աղեկյանի դատը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն մի քանի ժամ է` ընթանում է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարացման վերաբերյալ դատական նիստը։

Դատական նիստն անցկացվում է փակ դռների հետևում ։

Հիշեցնենք, որ Աղեկյանը ձերբակալվել է շուրջ մեկ ամիս առաջ՝ 2025 թ. մայիսի 9-ին՝ խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նա հանրային վայրում ցուցաբերել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ խոչընդոտելով ինչպես ուսումնական հաստատության, այնպես էլ դատարանի բնականոն գործունեությանը։

Լիլիթ Աղեկյանը ներկայում պահվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Նրա ինքնազգացողությունը վատացել է ընդամենը մի քանի օր առաջ, ինչի կապակցությամբ հրավիրվել է շտապ բուժօգնություն։

Պաշտպանական կողմը պնդում է, որ Աղեկյանի նկատմամբ կիրառված կալանքը խախտում է նրա մարդու իրավունքները՝ հատկապես խոսքի ազատության և պաշտպան ունենալու իրավունքը։ Նրա փաստաբանը՝ Զարուհի Փոստանջյանը, հայտնել է, որ արդեն մի քանի անգամ դիմել է համապատասխան մարմիններին՝ տեսակցելու թույլտվություն ստանալու համար, սակայն իրեն մինչ օրս մերժել են՝ առանց հիմնավոր պատճառաբանության։

Լրագրողի քույրը՝ Լիանա Աղեկյանն է կատարվածից զայրացած, նշում է, որ քրոջ նկատմամբ ոչ միայն անօրինականություն է կատարվում, այլև բացահայտ հաշվեհարդար է։ Նա զարմանք է արտահայտում, թե ինչպես կարող են իր քրոջը դատապարտել մի բանի համար, երբ Լիլիթն ինքն է բացահայտել և հրապարակել խոշոր կոռուպցիոն սկանդալներ, բարձրաձայնել է երկրում առկա խնդիրները։

«Դուք ո՞նց եք վախենում Լիլիթից, իմ քրոջից, որ դիմել եք այս քայլին։ Մեկ ու կես տարի առաջվա դատական գործը նորից հանել են, հիմա էլ պատճառ են բերում, թե Լիլիթը խանգարում է գործին, դրա համար էլի փորձում են գործ կարել ու կալանավորել նրան։ Բոլորն են զարմանում, ոչ միայն իրավաբանները, ու դուք ուզում եք, որ էս իրականութան մեջ արտերկրից գան Հայաստան ապրելու»,- ասում է Լիանա Աղեկյանը` նշելով, որ արտերկրում բոլորն են զարմանում են, թե Հայաստանում այսօր օրենսդրական մակարդակով ինչ աստիճանի ապօրինություն է տիրում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image