Հարցազրույց

Ոնց որ մեր հայրենիքն են դիլիմ-դիլիմ զիջում, այնպես էլ ֆուտբոլն են փուլ առ փուլ կործանում

Ոնց որ մեր հայրենիքն են դիլիմ-դիլիմ զիջում, այնպես էլ ֆուտբոլն են փուլ առ փուլ կործանում

Հայկական ֆուտբոլի և նրա հետ կապված սկանդալային իրադարձությունների մասին  զրուցել ենք ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի հետ:

- Հայկական ֆուտբոլի այս վիճակում գտնվելը, իսկ վիճակն իրոք օրհասական է, ունի շատ խորքային և բացահայտ՝ անզեն աչքով երևացող պատճառներ։ Թվարկեմ դրանք. նախ, սկսենք այն պատճառից, որը երևում է բոլորին և բացահայտ է՝ ֆուտբոլը ղեկավարում է ինքնահավան, դատարկապորտ դիլետանտների տանդեմը, որն ավելի շատ և ավելի շուտ զբաղված է ոչ թե ֆուտբոլով, այլ՝ սեփական գործունեության ցուցադրմամբ և գովազդով: Կարճ` ՀՖՖ-ն վերածվել է PR մենեջմենթի գործակալության։ Խորքային պատճառները նույնպես էական են՝ մեր ֆուտբոլը չունի մոտակա և հեռու ապագայի ռեզերվ, թույլ ներքին առաջնություն, ոչնչով չարդարացված միջին և ցածր մակարդակի լեգիոներների ներհոսք, որոնք խոչընդոտում են մեր երիտասարդների աճին։ Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել մեր երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն աճը խթանելու ուղղությամբ, այլապես շատ մոտ ապագայում մնացած փշրանքներն էլ կվերանան և վերջ:

- Դիմե՞լ են Ձեզ հայկական ֆուտբոլին վերաբերող որևէ հարցով, խորհրդով` օգնելու համար:

- Այդպիսի մարդիկ երբեք, ըստ իրենց, խորհրդի կարիք չեն ունենում, նրանք կարծում են, որ ֆուտբոլում իրենք ամեն, ամեն ինչ գիտեն, ինչպես իրենց նախկին թիմակիցն էր ասում։ Համոզված եմ, որ նրանց մեծամտությունը թույլ չի տալիս որևէ մեկից խորհուրդ հարցնել, այդ թվում` իրենց հաստիքային խորհրդականից։

- Հետևելով Ձեր հրապարակումներին (ՖԲ գրառումներ, հարցազրույցներ)` միշտ շատ խիստ և կոշտ որակումներով եք հանդես գալիս, ի՞նչն է, որ Ձեզ չի բավարարում։ 

 - Այո, ճիշտ նկատեցիք, անդադար պայքարելու եմ մեր կյանք ներդրված միջակությունների դեմ։ Կարևորն այն է, որ այդ միջակությունները ներկայացվում են որպես բարձրարժեք, ազգափրկիչ, ոլորտափրկիչ անձեր ու գործունեություն։ Ասել եմ ու կրկնում եմ՝ մելիքբեկյանանիկողոսյանական տանդեմն իսկական պատուհաս է մեր ֆուտբոլի համար, որքան էլ փորձեն ներկայացնել, որ այդ խամաճիկներն ընտրվել են ֆուտբոլային հասարակության կողմից, դա այդպես չէ, նրանք հայկական ֆուտբոլի վզին փաթաթվել են իշխող վարչակազմի կողմից և այն վիշապն են, որ փաթաթվելով վզին՝ խեղդում են: Մելիքբեկյան Արմենն ուր, ֆուտբոլն ուր, Նիկողոսյան Արմենն ուր, ֆուտբոլն ուր։ Վերջապես, ինչպե՞ս կարող է ժամանակին իր կյանքում հայ պատանի և հայկական բանակի սպա սպանած դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի պաշտպանությունը ստանձնած կոլաբորացիոնիստը ղեկավարել ազգային կառույց՝ աբսուրդի գագաթնակետ։ Այս ֆուտբոլային թյուրիմացությունները պարտությունները, այն էլ խոշոր հաշիվներով, դարձրել են մեր ֆուտբոլի համար սովորական երևույթ, կարծես ոչ մի բան էլ չի պատահում, երբ ազգային հավաքականները պարտվում են 0-19, 0-10, 0-9, 0-7, 0-6, 0-5, 0-4 հաշիվներով։ Սրանց կյանքն ամբողջությամբ պարտության խորհրդանիշ է, ոնց որ մեր հայրենիքն են դիլիմ-դիլիմ զիջում, այնպես էլ ֆուտբոլն են փուլ առ փուլ կործանում։ Չունենք նորմալ ազգային առաջնություն, ֆուտբոլային քաղաքականությունն ընդհանրապես զրոյական է, կա միայն սեփական անձը գովազդելու տենդենց ու բուռն գործունեություն, կարծես իրենք են հայկական ֆուտբոլի ստեղծման նախահայրերը։ Ուղղակի կասեմ` ոչնչությունները կամ ոչնչությունների խամաճիկները չեն կարող ստեղծող կամ նախահայր լինել, որքան էլ զբաղվեն ինքնագովազդով։ Գալու է ժամանակը, ու նրանց տեղը լինելու են ոչ թե ՀՖՖ գրասենյակի կաբինետները, այլ՝ մեղադրյալի աթոռը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image