Հարցազրույց

Արցախում լուռ լարվածությունը պահպանվում է, բայց մի օր այն վերածվելու է առարկայական գործողությունների

Արցախում լուռ լարվածությունը պահպանվում է, բայց մի օր այն վերածվելու է առարկայական գործողությունների

Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին, որում ողջունել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։  

Ուղերձում մասնավորապես նշել է. «Հայաստանն ու Արցախը միասնաբար են հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները և, որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, և միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրեն»: Ուղերձում նշվում է նաև, որ Արցախի ԱԺ նախագահը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում է Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար ։

Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ:

- Իշխանություններն ընդհանրապես. և Ազգային Ժողովի իշխանական թևը՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ, և Արցախի Հանրապետության նախագահը, իրավամբ ցանկանում են, որպեսզի Արցախի հակամարտության հարցը լուծվի ի շահ արցախահայության և ի շահ հայրենիքի։ Սակայն նրանք հայտնվել են այնպիսի մի իրավիճակում, երբ ստիպված են սիրաշահել՝ այսպես կոչված հայաստանյան ներկայիս իշխանություններին, և միևնույն ժամանակ կապերը չխզել հայաստանյան ընդդիմադիր ուժերի հետ, քանի որ շատ լավ հասկանում են՝ այն, ինչ-որ այսօր փորձում են իրականացնել հայաստանյան ընդդիմադիր ուժերը դրանք հայանպաստ և հայ ազգի շահերից բխող իրավիճակներ, երևույթներն են, իրականություն է: Արցախյան իշխանությունը  միևնույն ժամանակ չի կարողանում, միգուցե և համարձակություն չի  գտնում  հայաստանյան իշխանություններին ասել ամեն ճշմարտություն, այն, ինչը որ իրենք ներքուստ մտածում են։ Եվ դա հիմնավորելով՝ «բա, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեզ գումար չտան», «եթե այսօր մենք կարողանում ենք գոյատևել, ապա դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների բարի կամքի դրսևորումն է» և այլն։ Միևնույն ժամանակ նաև հասկանում են, որ այդ իշխանությունները ոչ արցախանպաստ քաղաքականություն են վարում. ցածրացնել նշաձողը, չխոսել Արցախի Հանրապետությունից, չխոսել՝ Արցախի Հանրապետությունը արդեն իսկ կայացած պետություն է: Անիմաստ է կարծում եմ, օրինակ, Ալեն Սիմոնյանին հրավիրել Արցախ: Սա այն պարագայում, երբ որ Ալեն Սիմոնյանը՝ ինքը, իր բերանով ասում է. «Արդյո՞ք իմ Արցախ գնալը օգուտ է բերելու, ոչ՝ պատերազմ է սկսվելու, դիվերսիաներ են սկսվելու», ինչ որ պրովոկացիաներ և այլն։ Այսինքն, մարդը արդեն իսկ ասել է, որ ինքը Արցախ չի գալու: Սակայն կարծում եմ, որ վաղ թե ուշ Արցախի իշխանությունները առերեսվելու են այդ ջրբաժանին, որովհետև հնարավոր չի համագործակցել հայաստանյան իշխանությունների հետ`     այն պարագայում, երբ որ այդ իշխանությունները չեն պատկերացնում՝ որպես այդպիսին Արցախի Հանրապետությունը: Եվ նրանք պետք է ընտրություն կատարեն՝ գնում են հայաստանյան իշխանությունների հետ՝ Արցախը կորցնելու տեսլականով, թե թողնում են ՀՀ իշխանություններին՝ այսպես պատկերավոր ասած՝ միանում սեփական ժողովրդին և փորձում փրկել Արցախը: Կարծում եմ, որ Արցախի իշխանությունները վաղ թե ուշ այդ ջրբաժանի առջև կանգնելու են, և իրենք խնդիր են ունենալու այդ ընտրությունը կատարելու: Եվ կապված նրանից, թե ինչ ընտրություն կկատարեն դրանից կախված կլինի, թե հետագայում պատմությունն ինչ կգրի իրենց մասին։
 
- Մի քանի օր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Արցախից հայկական զինտեխնիկա են գիշերով դուրս բերում, դրանից երկու օր առաջ էլ ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ՝ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սեպտեմբերից սկսած Հայաստանից Արցախ զորակոչիկ այլևս չի մեկնելու: 

 -Անկեղծ ասած տեղեկություն չունեմ գիշերով զինտեխնիկա հանել կամ չհանելու մասին: Սակայն Արմեն Գրիգորյանը՝ դա այն գլխավոր դերակատարներից  մեկն է, որը պատեհ առիթը բաց չի թողնում, որպեսզի թշնամի պետության ղեկավարներին հավաստիացնի, որ նրանք անշեղորեն կատարում են նրանց պահանջները: Այսինքն՝ առայսօր միակ բանը, որ կարողանում է Ադրբեջանը շահարկել, որ իբր թե Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չի կատարել՝ դա հայաստանյան զինված ուժերի դուրս բերումն է: Արմեն Գրիգորյանի հայտարարությունից  մեկ օր առաջ էլ կարծեմ Ալիևը կրկին անդրադարձել էր այդ հարցին: Եվ Արմեն Գրիգորյանը առիթը բաց չթողեց ցույց տալու՝ «մի անհանգստացեք, պարոն Ալիև՝ մենք ձեր այդ ասածը անում ենք, և բան չի մնացել, մինչև սեպտեմբեր արդեն այդ բոլորը լրացված կլինի»: Այսինքն, դա որևիցե արտառոց բան չէր Արմեն Գրիգորյանի պարագայում, որովհետև նրանք անշեղորեն կատարում են թշնամի պետության ղեկավարի հրահանգները՝ փոխարենը չկարողանալով ստիպել, որ Ադրբեջանը որևիցե մեկ կետ կատարի։ Այդ կապիտուլացիայի հայտարարությունը, որը մենք նոյեմբերի 9-ին կարծում էինք որևիցե դրական բան չունի հայերի համար, այսօր նույնիսկ այդ հայտարարության մեջ եղած այն փոքրիկ կետերը, որը պետք է մեր համար օգտակար լինեին, նույնիսկ դա չի իրականացվում՝ գերիների վերադարձ, կանգնել այդ նույն տեղում, որտեղ որ նոյեմբերի 9-ի գիշերով զինադադարը հայտարարվել էր։ Դրանցից որևէ բան, որը պետք է Ադրբեջանը կատարեր, չի կատարել: Փոխարենը, մենք ոչ միայն կատարում ենք, այլ նաև Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են՝ «հանկարծ չանհանգստանաք, հանկարծ չբարկանաք. Մենք՝ ինչ-որ դուք ասում եք, այդ ամեն ինչը անում ենք»: Այս իրավիճակում ենք ապրում, Հայաստանի այսպիսի իշխանություններ ունենք։

- Ի՞նչ տրամադրություն ունի Արցախի բնակչությունը: Հանդիպումներ, զրույցներ ունենում եք ժողովրդի հետ:

- Իհարկե, հանդիպումները գրեթե ամենօրյա ռեժիմով կատարվում են: Արցախի ժողովուրդմ առաջին հերթին ներքին անհանգստություն ունի վաղվա օրվա նկատմամբ, անորոշություն, բայց միևնույն ժամանակ լի է վճռականությամբ՝ ինչ էլ, որ լինի, որքան էլ որ Հայաստանի իշխանությունները ցանկանան ադրբեջանահաճո գործընթացներ սկսեն՝ Արցախում բնակիչները ապրելու են, և Արցախը ամեն գնով պահելու են որպես հայկական, որպես Արցախի Հանրապետություն: Եվ կարծում եմ՝ այդ լուռ լարվածությունը պահպանվում է, և դա մեկ օր կարող է վերածվել արդեն առարկայական գործողությունների։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image