Հարցազրույց էկոնոմիկայի նախկին նախարար, «Մեր ձեւով» շարժման անդամ Սուրեն Կարայանի հետ
- Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրեց մի փաստաթուղթ, որով պետք է կարգավորվի Թրամփի ուղին, իշխանությունները ներկայացնում են, որ դա մեծ տնտեսական հաջողություններ է բերելու Հայաստանին, երբ սկսի շահագործվել Ադրբեջանի կողմից։ Ի՞նչ հաշվարկներ կան, արդյո՞ք իրատեսական է դա։
- Ես ոչ մի հաշվարկից, ճիշտն ասած, տեղյակ չեմ, բայց շատ մեծ կասկածներ ունեմ, որ դա Հայաստանի համար կարող է լինել լուրջ տնտեսական օգուտներ բերող ուղի։ Գուցե դա կարող էր Հայաստանի համար տնտեսական լուրջ հետեւանքներ ունենալ, եթե լիներ փոխադարձաբար, այսինքն՝ Նախիջեւանի տարածքով էլ Հայաստանի համար անխոչընդոտ տարանցման հնարավորություն լիներ։ Բայց քանի որ այն ամբողջական հրապարակված չէ, թե ինչ պայմաններով է կառուցվելու, ես չեմ տեսնում, որ այն կարող է լուրջ տնտեսական օգուտներ բերել։
- Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Էկոնոմիկայի նախարարն ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե մեր տնտեսությունը թռիչքաձեւ զարգացում է ունենալու, Դուք տեսնո՞ւմ եք այդ զարգացումը։
- Ընդամենը մի քանի մակրոտնտեսական ցուցանիշներ եթե նայենք, ապա դա է Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը, որը շատ անգամ պակասել է եւ որը շատ վտանգավոր է։ Նվազել են նաեւ արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալները։ Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը հուսալի չէ։ Մենք չենք տեսնում հետագա զարգացման ոչ մի հենք, եթե այս ուղիով գնա, ապա ոչ թե կլինի տնտեսական աճ, այլ՝ հակառակը, իմ կարծիքով, դա բերելու է տնտեսության անկման, որովհետեւ, եթե երկրում չեն իրականացվում ուղղակի օտարերկրյա ներդրումներ կամ առհասարակ ներդրումներ, ապա չի կարող խոսք գնալ ամպագոռգոռ տնտեսական աճի եւ այլնի վերաբերյալ։ Մեր՝ որպես փոքր տնտեսություն ունեցող երկրի տնտեսական կայուն զարգացման հիմնական ուղղությունը պետք է լիներ արտահանումը, սակայն ներկայիս իշխանությունների կողմից վարվող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արտահանումը չի աճում։ Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, որ արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալներն անկում են ապրել, ինչը շատ վտանգավոր է։ Իմ կարծիքով, տվյալ պարագայում խոսել, որ տնտեսական աճ կունենանք, ճիշտ չէ։
- Իշխանության օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից, մասնավորապես Հայաստանից դուրս հանելու միտում է նկատվում, ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը սառեցնելուց հետո նաեւ դրսից շշուկներ կային, որ հնարավոր է նաեւ Հայաստանը դուրս գա, կամ հանեն ԵԱՏՄ-ից։ Այդ իրավիճակում ինչպե՞ս կզարգանա Հայաստանի տնտեսությունը, եթե հաշվի առնենք, որ մեր արտադրանքը հիմնականում ԵԱՏՄ շուկա է արտահանվում։
- Շատ ռիսկային է եւ ոչ պրոֆեսիոնալ: Եթե ներկայում քննարկումներ իրականացվեն Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս հանելու մասով, որովհետեւ տնտեսական առումով ԵԱՏՄ-ն մեզ ապահովում է շատ մեծ շուկա։ Ինչպես Դուք նշեցիք, մեր պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է հենց ԵԱՏՄ շուկա, միաժամանակ պետք է նշել, որ ԵԱՏՄ շուկան գնալով ընդլայնվում է, ԵԱՏՄ-ն նոր առեւտրային համաձայնագրեր է կնքում եւ արտոնյալ պայմաններ է ապահովում։ Հայաստանը, չունենալով դիվերսիֆիկացված այլ շուկաներ, հայկական արտադրանքը չի կարողանա հանել եվրոպական եւ այլ շուկաներ, եւ այս պարագայում խոսել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ դա ուղղակի, իմ կարծիքով, կարող է հանգեցնել տնտեսության կաթվածի։
- Ինչո՞վ եք պայմանավորում, որ վերջին շրջանում կոնյակի, ծաղիկի, պտուղ-բանջարեղենի՝ ՌԴ արտահանման հետ կապված խնդիրներ առաջացան։ Արդյո՞ք այստեղ քաղաքական ենթատեքստ եք տեսնում։
- Ճիշտն ասած, այդ խնդիրներից բավականաչափ տեղյակ չեմ, որպեսզի պարզաբանումներ տամ։
- Հայաստանի իշխանությունն ասում է, որ եթե ռուսական շուկա չկարողանանք մեր ապրանքն արտահանել, ապա արեւմտյան երկրներ կարտահանենք։
- «Մեր ձեւով» շարժումը լինելու է՝ ամեն ինչ արտահանման համար։ Այսինքն, մենք մեր ուղղվածությունը եւ շեշտադրումները դնելու ենք երկու հիմնական ուղղությունների վրա՝ ներդրողների համար դառնալ հասկանալի, վստահություն ձեռք բերել, որը կորցրինք այս վերջին օրենքով։ Օրենսդրական փոփոխություններով մենք պետք է Հայաստանը դարձնենք օտարերկրյա ներդրողների համար հասկանալի եւ վստահելի երկիր։ Երկրորդը․ մեր ամբողջ ջանքերը եւ քաղաքականությունը պետք է ուղղենք հայկական ապրանքի արտահանմանը։
- Իսկ հայկական ո՞ր ոլորտն է ավելի զարգացած, որովհետեւ գյուղատնտեսությունը եւ անասնաբուծությունը, որոնք մշտապես եղել են Հայաստանի տնտեսության կարեւորագույն ճյուղերը, հիմա կարծես անկում են ապրում։
- Ճիշտն ասած, հիմա պատրաստ չեմ ճյուղային մանրամասն վերլուծություն ներկայացնել, մենք հայտարարեցինք, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, ես մեծ հույս ունեմ, որ մեր աշխատանքային թիմին տնտեսության մասով կմիանան լուրջ պրոֆեսիոնալներ։ Մենք մանրամասն վերլուծություն կիրականացնենք եւ կնշենք, թե ինչպես ենք տեսնում հետագա զարգացումները։