Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Լիբերալ կուսակցության պատգամավոր, հունական արմատներով գործիչ Էննի Կուտրակիսն իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում հրապարակված անգլերեն ու ֆրանսերեն հայտարարություններով անդրադարձել է ադրբեջանական ներխուժմանը Հայաստանի տարածք։
«Այս շաբաթ Ադրբեջանի զինված ուժերը խախտեցին Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ ապօրինի կերպով առաջ շարժվելով դեպի Հայաստանի Սյունիք մարզ: Սա խորապես մտահոգիչ զարգացում է տարածաշրջանում, և ես հիասթափված եմ՝ տեսնելով, որ Ադրբեջանը հերթական անգամ սրում է լարումները Հայաստանի հետ», - ասվում է հայտարարության մեջ:
Կանադացի պատգամավորը նշել է, որ պետք է խուսափել բռնությունից։
«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անհանգստացնող հիշեցումն են հարձակումների, որ տեղի ունեցան անցած ամռանը և աշնանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Դրանից բխող ավերածությունն ու կյանքի ողբերգական կորուստը թարմ են մնում մեր մտքում, և դեպի բռնություն վերադարձից պետք է խուսափել
ամեն գնով», - նշել է նա։
Կուտրակիսը զսպվածության ու Նոյեմբերյան հրադադարը հարգելու կոչ է արել։
«Ես շարունակում եմ կոչ անել զսպվածության ու հարգել հրադադարը, որը համաձայնեցվեց 2021-ի նոյեմբերի 10-ին: Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխան տարածքը և անհապաղ դուրս բերի իր ուժերը տարածաշրջանից: Կանադան կշարունակի դիտարկել իրավիճակն ու հավատարիմ կմնա բանակցություններին ու լարումների խաղաղ կարգավորմանը», - գրել է պատգամավորը։
«Իմ մտքերը Վիմիի և ամբողջ աշխարհի հայերի հետ են այս դժվարին ժամանակներում», - եզրափակել է Լիբերալ գործիչը։

