Հարցազրույց

«Հրապարակ»․ Նա ստիպված է պայքարել մեր հաղթանակի ստվերների դեմ. Արմեն Խաչատրյան

«Հրապարակ»․ Նա ստիպված է պայքարել մեր հաղթանակի ստվերների դեմ. Արմեն Խաչատրյան

Առաջին նախագահին ուղղված հանդարտության կոչը, փախուստի մեղադրանքը, որը Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց իր ֆեյսբուքյան էջի միջոցով, հերթական ալեկոծումն առաջացրին համացանցի հայկական տիրույթում: Մարդը, որը երկար ժամանակ փախած էր «Երկրի հակառակ կողմը», Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ կերտած գործչին մեղադրում է փախչելու մեջ։ «1996-ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998-ին Դուք փախաք իշխանությունից, 2008-ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եվ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը»,- գրում է Փաշինյանը: Գուցե սա պատասխան էր Տեր-Պետրոսյանի վերջին վերլուծությա՞նը, որում վերջինս Նիկոլին որակում է որպես պառակտող, երկիրն ապակայունացման տանող, ձախորդ ու արկածախնդիր ղեկավարի: Մեր հարցերին պատասխանել է ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը

- Նման որակումներով ի՞նչ է ուզում ասել կամ անել Փաշինյանը: 

- Իր ֆեյքաբանակի օգնությամբ նա հիմա պայքար է սկսելու այն ամենի դեմ, ինչը կապված է հաղթանակների հետ: Նա, որպես պարտված, կապիտուլացված ղեկավար, մի շարք պարտադրանքների ներքո է եւ ստիպված է պայքարել մեր հաղթանակի ստվերների դեմ: Նա մեր հաղթանակը կարողացավ մսխել մինչեւ վերջ, այնպես, որ մեր հաղթանակից մնաց միայն պատմություն դասագրքերի համար եւ հիշողություններ մեր սերնդի մոտ, եւ այդ ամենն իր թշնամանքն է առաջացնում, նա պետք է ոչնչացնի այդ ամենը: Գաղափարաբանությունը սա է: Ես համարում եմ, որ տակտիկական առումով նա… չեմ ուզում «ռազմավարություն» բառն օգտագործել, որովհետեւ ստրատեգիան եւ Նիկոլ Փաշինյանը զուգահեռ գծեր են, որեւէ կետում չհատվող, բայց տակտիկական առումով նա մտածում է սահմանադրական հանրաքվեից եւ ընտրություններից առաջ իր բոլոր հակառակորդներին ոչնչացնելու, թուլացնելու, մաս-մաս անելու մասին: Սա է նրա մոտիվացիան, գաղափարաբանությունն ու տակտիկան: Ես վստահ էի, որ ինչ-որ պահի նա սկսելու է Տեր-Պետրոսյանի ու Տեր-Պետրոսյանի թիմակիցների դեմ քարոզարշավ տանել, որովհետեւ դա նրա ամենախոցելի տեղն է:

- Այսինքն՝ նրա ամենախոցելի տեղը հաղթանակի հիշողությո՞ւնն է: Ի՞նչ է ուզում Տեր-Պետրոսյանից: 

- Եթե նա Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին ասելիք ունի, մեզ նա չունի, մեր առաջ նա անզոր մեղադրյալի կարգավիճակում է: Որովհետեւ եթե ի դեմս Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մենք գործ ունենք պատերազմի կուսակցության հետ, ոչմիթիզականության գաղափարախոսների, մեր դեպքում նա լռելու է, որովհետեւ խաղաղության անհրաժեշտության մասին մենք խոսել ենք մշտապես, 1994 թվից հետո, երբ ակնհայտ էր, որ պետք է օգտվել հաստատված խաղաղությունից եւ կոնֆլիկտը խաղաղ բանակցություններով տանել վերջնական լուծման, ինքը նա տորպեդահարել է 19 թվականին, մերժել է խաղաղ բանակցություններով լուծելու բավականին լավ հնարավորությունը: Նա տգիտության, պոռոտախոսության, մաքսիմալիստական ինչ-որ իդեաների հետեւից գնալով՝ երկիրը ներքաշել է պատերազմի մեջ ու կործանել այն ամենը, ինչը սերունդներն արյան եւ քրտինքի գնով ստեղծել էին: Որպեսզի Տեր-Պետրոսյանի առաջարկած արժանապատիվ, հաղթական խաղաղության ու իր՝ այս պարտադրված կապիտուլյացիոն ակտի միջեւ զուգահեռները չլինեն, նաեւ այդ պատճառով նա հարձակվում է Տեր-Պետրոսյանի վրա: 

- Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն էր համարվում, եւ հիմա նա գրում է հենց այդ տարիների մասին՝ 96, 98, 2008 թվականների փախուստների մասին: Եղե՞լ է, որ նա այն ժամանակ, այդ նույն թվերին այսօրվա գրառման նման քննադատություն հնչեցնի ձեր ներքին զրույցներում, քննարկումներում: 

- Ես կարող եմ իմ ողջ ունեցվածքի վրա գրազ գալ, որ ավելի անսկզբունքային մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է, երբեւիցե քաղաքական, պետական գործիչների մեջ չի եղել: Եվ ես միանշանակ կհաղթեմ այդ գրազը, որովհետեւ ավելի անսկզբունքային մարդ դուք չեք կարող գտնել: Այնպես չէ, որ այն ժամանակ նա վախից կարկամել էր, ձայն չէր հանում: Մանավանդ որ՝ եթե փախչող եղել է, դա ինքն է եղել: Եվ փախչող մարդն ի՞նչ է իմանում՝ ուրիշները փախե՞լ են, թե՞ չէ:

- Ոչ միայն փախչող, այլեւ երկար ժամանակ թաքնվող…

- Այո: 96 թվականին եղել են ընտրություններ, որոնց ժամանակ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ որեւէ տեղ չի փախել: Այդ ծանր բանակցային ժամանակաշրջանում ստանձնել է պետության ղեկավարի դերը, գերագույն  գլխավոր հրամանատարի կոչումը եւ իր քաղաքական թիմին ու ազգին առաջնորդել է դեպի արժանապատիվ խաղաղություն: Այդ ընթացքն ընդհատվել է այն մարդկանց հեղաշրջմամբ, ովքեր պնդել են, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Կապ չունի, թե ով երբ է ասել: Սա գաղափար էր, որին հավատում էին մարդիկ, կամ՝ պատրվակ դարձնելով այն, փորձում էին Հայաստանում լուծել իշխանության հարցը: 98 թվականին Տեր-Պետրոսյանը դրսեւորել է քաղաքական ու պետական գործչի բարձր հատկանիշներ եւ հրաժարական է տվել՝ այն պարագայում, երբ որ զգացել է, որ իր քաղաքական հակառակորդները գուցեեւ երկրի ընթացքը տանեն այնպիսի ճանապարհով, ինչը կործանարար կարող էր լինել մեր նորանկախ Հայաստանի համար: Չի կառչել պաշտոնից, որովհետեւ օրինական պաշտոնավարել է եւ թիկունքում այնպիսի գործողություններ կատարած չի ունեցել, որոնք կարող էին պատասխանատվության բերել նրան: Իր թիմն էլ իր հետ չի կառչել իշխանությունից, որովհետեւ իշխանությունը հարստանալու, գոյատեւելու աղբյուր չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, եւ արժանապատիվ՝ ամբողջ թիմով միանգամից հեռացել են իշխանությունից, այնուհետեւ ներգրավված լինելով բացառապես ընդդիմության շարքերում: 2008 թվականին ճողոպրած, փախած, հեքիաթներ հորինած, իբր թե ճանապարհորդությամբ, իր փախուստով հպարտացող մարդն այսօր մեղադրում է առաջին նախագահին, որը կանգնած է եղել Ազատության հրապարակում ու միայն ուժի գործադրմամբ է դուրս բերվել վերջինը Ազատության հրապարակից: Անընդհատ գտնվել է երեք շղթայով պաշարված տան մեջ, անընդհատ հսկողության տակ եւ առաջին հնարավորության դեպքում հայտարարել է, որ անհնազանդության շարժումը Հայաստանում շարունակվելու է, մինչեւ ռեժիմի կործանումը, ինչը եւ իրականացրել է իր քաղաքական համախոհների հետ: Ընդ որում, այդ համախոհների մեջ եղել են մարդիկ, ովքեր 10 տարվա մեջ 10 անգամ դիրքորոշում եւ դեմք են փոխել, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ՝ ուզում է շորերը ճղի, ուզում է կծոտի կամ գլուխը պատերով տա, միեւնույն է, մեր պատմությունն արձանագրել է, ու սերունդներն էլ այդպես են իմանալու․ Տեր-Պետրոսյան՝ հաղթանակած նախագահ, Նիկոլ Փաշինյան՝ պարտված, հայրենիք կորցրած, հայրենիքը խայտառակած ղեկավար:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image