Հասարակություն

«Մենք ենք տերը մեր երկրի» ծեծված արտահայտությունն իրագործելու իսկական ժամանակն է

«Մենք ենք տերը մեր երկրի» ծեծված արտահայտությունն իրագործելու իսկական ժամանակն է

Արցախը կարող է անվտանգ ու ապահով լինել, եթե մարդիկ շարունակեն ապրել եւ պաշտպանել հողը։ Մինչդեռ պատերազմից հետո էլ մենք շարունակում ենք հանձնել՝ որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը՝ բանավոր պայմանավորվածությամբ, որը ադրբեջանցիների շանտաժի ներքո։ Հայկական կողմը զիջում է եւ ենթարկվում ադրբեջանական թելադրանքին, իսկ թշնամին՝ոչ մի պայմանավորվածություն չի պահպանում: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:

- «Եռակողմ հայտարարություն», այո, այս ձևակերպումը երբեք չպետք է մոռանալ, սա ոչ այլ ինչ է, քան հրադադարի մասին հայտարարություն, ոչ թե պայմանագիր, ոչ համաձայնագիր, այլ հենց երեք կողմերի կոնսենսուսով արված հայտարարություն։ Արցախը, ավելի ճիշտ Արցախի այն հատվածը, որը փաստացի հայկական տիրապետության տակ է` ռուսական պրոտեկտորատով, շարունակում է հայաբնակ մնալ, իսկ սա արդեն կարևոր ու մեծ հիմք է` հիմա և ապագայում մեր իրավունքը տարածքի հանդեպ պահպանելու, պահանջատիրությունն ամրացնելու համար։ Միշտ կա ելք իրավիճակից, քանի կան այդ ելքերը տեսնողներ ու քայլեր ձեռնարկողներ, իսկ այդ մարդիկ, վստահաբար, կան։ 

- Ինչպե՞ս ապահովել մարդկանց անվտանգ կյանքը Բերձորում, Սուսում, Աղավնոյում: Ինչպե՞ս անել, որ մարդիկ ոչ միայն չլքեն իրենց տները, այլև Հայաստանից և այլ վայրերից գան ու ապրեն Արցախում:

- Նախ պետք է հստակ գիտակցել, որ մենք մեկ միլիմետր ոտնատեղ անգամ իրավունք չունենք զիջելու թշնամուն, որովհետև մեկը զիջելու պարագայում քննարկման առարկա է դարձնելու արդեն երկրորդը, երրորդը, ու այդպես մինչև վերջին հողակտորը։ Չմոռանանք Ալիևի բարձրագոչ հայտարարություններն ամբողջ Արցախին տիրանալու մասին։ 2-րդ հերթին չպետք է մոռանանք, որ այն ճանապարհը, որը հիմա իբրև սարքվում է հայերի համար, Ադրբեջանի կողմից է իրականացվում` այդ պետության բյուջեի գումարներով, հետևաբար ոչ մի երաշխիք չկա, որ մի օր, երբ Բերձորի միջանցքը փակվի, հայերն այդ նոր ճանապարհով հանգիստ ու անվտանգ երթևեկելու են։ Մյուս խնդիրը կարելի է դիտարկել զուտ տեխնիկական տեսանկյունից. Բերձորի ճանապարհի երկայնքով գրեթե զուգահեռությամբ սարի վրա արագ կառուցվող ճանապարհը խնդրահարույց կարող է լինել ոչ թեթև բեռնափոխադրումների համար։ Մենք չգիտենք ինչ ստանդարտներով է այն սարքվում, ինչ նյութեր են կիրառվում դրա շինարարության մեջ և այլն։ Այս պարզագույն խնդիրներով հանդերձ, պարզապես, չի կարելի ընդունել Բերձորի միջանցքի հանձնումը` որպես անբեկանելի իրողություն։ Սա բացառել է պետք, իսկ բացառման համար համայնքը պետք է կրկին վերաբնակեցվի հայերով։ Բերձորի ու առհասարակ Արցախի անվտանգության երաշխավորը հենց մարդիկ են, ովքեր մեծաթիվ խմբերով կգան ու կբնակեցնեն, կապրեցնեն Արցախը։ Փաստը մնում է փաստ` Երևանում չէ Արցախի փրկության բանալին, Երևանում նստած իշխանության ձեռքին չէ, այլ հայի, ով գիտակցում է, որ հենց ինքը ու միայն ինքը կարող է փրկել Արցախը։ Ոչինչ չի խանգարում մեր հայրենակիցներին վերցնել առաջին անհրաժեշտության իրերը` ընտանիքներով, ընկերներով, մտերիմներով գալ և միառժամանակ գոնե բնակվել Արցախում` Աղավնոյում, Սուսում և Բերձորում։ Այնտեղ ամրակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտն անվտանգության հավելյալ երաշխիք է։ Մեզնից պահանջվում է ընդամենը մեր գիտակից քաղաքացիական պարտքն իրագործել, տեր կանգնել մեր հայրենիքի այն մասին, որի հանդեպ ՀՀ անպատասխանատու ու ապիկար, անհայրենիք իշխանությունը ոչ մի կարեկցանք ու պարտավորվածություն չի զգում։ «Մենք ենք տերը մեր երկրի», այս ծեծված արտահայտությունն իրագործելու իսկական ժամանակն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image