Հասարակություն

Գյումրեցու հըբ-ն էլ է «համով», երկար ճառն էլ․ քանդակագործ Արթուր Գևորգյան

Գյումրեցու հըբ-ն էլ է «համով», երկար ճառն էլ․ քանդակագործ Արթուր Գևորգյան

Սեպտեմբերի 28-29-ը «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը կկայանա Գյումրիում:
Ջրաներկի աշխարհահռչակ 14 վարպետներ՝ 13 երկրից, կայցելեն Գյումրի՝ իրենց հետ բերելով արվեստի կենդանի գույները: Նկատենք, որ վերջին ամիսներին Հանրապետության երկրորդ քաղաքում փառատոնները շարունակական են: Ոմանք անգամ քննադատում են, թե սոցիալական խնդիրներով լեցուն, աղքատիկ քաղաքը փառատոններից աչք չի բացում:

Գյումրեցի ճանաչված քանդակագործ Արթուր Գևորգյանի կարծիքով՝ Գյումրին լավ մեկնարկ է վերցրել, եւ եթե հռչակվել է տուրիստական քաղաք, ապա շոուի հատվածն անպայման պետք է ապահովել:

«Ես պիտի ասեմ, որ երկրաշարժից հետո Գյումրին չուներ անգամ ամենափոքր առիթով միջոցառում անելու հնարավորություն, մարդիկ կատարվածը մոռանալ չէին կարողանում, բայց անվերջ սգալ չես կարող, սուգն անվերջ չի լինում, մի փողոցում թաղում է, մյուսում՝ հարսանիք․․․․, ծնունդ, որը զարգացում է, ավելացում, դա կյանքի սկզբունքն է: Ես, որ բոլորից շատ եմ բարձրաձայնում Արցախի կորստի, մեր զոհերի, երկրում կատարվող իրադարձությունների մասին, հիմա գուցե տարօրինակ թվա, բայց այս փառատոնները Գյումրիին անհրաժեշտ են: Հիշում եմ՝ իմ մխիթարանքի խոսքը զոհված հերոսներից մեկի ծնողին, ասացի՝ տղաները զոհվեցին, որ կյանքը շարունակվի․․․․»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Անդրադառնալով ջրաներկի փառատոնին՝ գյումրեցի արվեստագետը նշեց․«Ինձ համար որպես քանդակագործ՝ այդ փառատոնը հետաքրքիր է, որովհետև ջրաներկը համեմատաբար մի քիչ ուշ զարգացած ՝ 100-150 տարվա պատմություն ունի, թեպետ այստեղ էլ Գյումրին իր լավագույն ավանդույթներն ունի : Գյումրեցի նկարիչներ՝ Սամվել Լաճիկյանը, Պեդոն, իրենց լրջագույն ներդրումն ունեն, արվեստի այս ճյուղը խթանել, հասցրել են կատարելության: Հիմա ճիշտ է, կազմակերպիչների նպատակը արևելյան ջրաներկի կուլտուրային ցանոթացնել է, քանի որ այնտեղ արվեստի այդ ճյուղը լավ է զարգացած: Գովելի է, իհարկե, մեր գեղարվեստի ակադեմիայի ուսանողներն էլ լավ առիթ կունենան համաշխարհային փորձը տեսնելու, որևէ բան սովորելու»: 

Ի վերջո, ինչով է Գյումրին տարբերվում՝ որպես տուրիստական քաղաք: «Մեր օրհներգի մեջ ասվում է՝ Հայաստանի աղն ես Գյումրի․․․․, մենք համ ու հոտ ենք, գյումրեցին գրպանում խոսք ունի  դրած: Ես ինքս  բազմաթիվ հյուրեր եմ ընդունել ու ճանապարհել, բոլորը հիացած են հեռացել, մտածել եմ՝ տեսնես ինչից է,  գուցե մենք ենք  լավ հյուրընկալել, գուցե պատմամշակույթային է քաղաքը, բայց չէ՝ ամենակարևորը՝ Գյումրին խոսքաշեն է: Կարճ ասած՝ Գյումրեցու հըբ-ն էլ է համով, երկար ասած բաժակաճառն էլ»,-ասաց Արթուր Գևորգյանը :

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image