Չինական խոշորագույն բանկերը բազմամիլիարդանոց վարկեր են տրամադրել ռուսական բանկերին՝ այն պայմաններում, երբ Արեւմտյան ֆինանսական կառույցները Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցնում են, գրում է Financial Times-ը, նշելով, որ դա պայմանավորված է մի կողմից Պեկինի՝ իր ազգային արժույթի՝ յուանի առաջ մղման քաղաքականությամբ եւ մյուս կողմից՝ Ռուսաստանի՝ իր համար «տոքսիկ» համարվող արժույթներից հրաժարվելու քաղաքականությամբ։ Չինական վարկատուները զբաղեցրել են Արեւմտյան բանկերի տեղը, որոնք իրենց երկրների քաղաքական իշխանությունների կայացրած որոշումների պատճառով հայտնվել են բավականին լուրջ պրեսսինգի տակ եւ ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր չորս անգամ ավելացել է Չինաստանի մասնակցությունը Ռուսաստանի բանկային սեկտորում։ Նշվում է, որ սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շրջադարձ է կատարել դեպի Չինաստան եւ հիմա երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը, ըստ 22 թվականի տվյալների, կազմել է 185 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային թիվ է։