Թեւավոր խոսք է դարձել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկի հայտարարությունը, թե` եթե ՔՊ-ականի անվան փոխարեն քվեաթերթիկի վրա գրված լիներ՝ Նիկոլի ուսապարկ, ապա այն ավելի շատ ձայն կհավաքեր, քան տվյալ թեկնածուն։ Հանուն արդարության ընդունենք, որ այդ պնդման մեջ կա դառը ճշմարտություն։ Սակայն հանուն արդարության փաստենք նաեւ, որ ուսապարկի սինդրոմը ոչ միայն Հայաստանում է տարածված, այլեւ այն երկրներում, որոնք ընտրել են եվրատլանտյան ուղին: Խռոսքը նաեւ Մոլդովայի մասին է:
Նախ, վերջին 10 օրվա մեջ երկու նշանակալից եւ խորհրդանշական ընտրություններ տեղի ունեցան ԵՄ թեկնածու-երկրի կարգավիճակ ունեցող Վրաստանում եւ Մոլդովայում: Մեր հարեւան երկրում հաղթեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ընդդիմադիր ուժերի միաբերան եւ կոշտ քննադատությամբ, մանդատներից զանգվածաբար հրաժարվելու բոյկոտով եւ, բնականաբար, ԵՄ-ի ու Արեւմուտքի անողոք մեղադրանքներով, այդ թվում նաեւ՝ ուղղված Կրեմլին:
Մոլդովայում էլ հոկտեմբերի վերջին շաբաթը միաժամանակ անցկացվեցին թե՛ նախագահական ընտրություններ, թե՛ ԵՄ-ին անդամակցելու նպատակով սահմանադրության մեջ հատուկ դրույթ ամրագրելու հարցով հանրաքվե: Համազգային ռեֆերենդումի քվեարկության ժամանակ մոլդովացիները հստակ ուղենշեցին երկրի եվրատլանտյան ապագան՝ դրա համար արժանանալով միասնական Եվրոպայի եւ հավաքական Արեւմուտքի ցնծագին գնահատականներին, այն էլ՝ այնպիսի ոգեւորությամբ, կարծես Մոլդովայում ոչ թե եվրոպական ուղեգիծն է հաղթել, այլ հաղթել են Կրեմլին: Իսկ նախագահ ընտրել՝ առաջին փուլում, Մոլդովայի քաղաքացիները չկարողացան: Դա նրանց հաջողվեց երկրորդ փորձից՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին: Նախագահի պաշտոնում վերընտրվեց հակառուսական կոշտ դիրքորոշման կողմնակից, եվրոպամետ քաղաքական գործիչ Մայա Սանդուն՝ առավելության հասնելով, ինչպես Քիշնեւի հավատարիմ գործընկերներն են պնդում, Ռուսաստանի նախընտրելի թեկնածուի, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի նկատմամբ (վերջին տվյալներով՝ 55,36 տոկոսը՝ ընդդեմ 44,64 տոկոսի)։ Հավելենք նաեւ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի օրը՝ նոյեմբերի 3-ին, Մոլդովայի իշխանությունները կրկին մեղադրեցին Մոսկվային՝ ընտրություններին միջամտելու մեջ։ Կրեմլը բազմիցս հերքել է նման մեղադրանքները։
ԿԸՀ-ն հայտնել է, որ ներկայում մշակվում են արտասահմանյան մի քանի ընտրատեղամասերի արձանագրությունները։ Բուն Մոլդովայում արձանագրությունների 100%-ը մշակվել է։ Ուշագրավ է, որ, ըստ ԿԸՀ-ի, երկրի ներսում բնակիչները հիմնականում քվեարկել են Ստոյանոգլոյի օգտին, որը հավաքել է 51,19 %: Նա հաղթել է 36 ռեգիոններից 19-ում։ Այդ համամասնությամբ Սանդուն ունի 48,81%: Իսկ արտասահմանյան ընտրատեղամասերում, այսպես կոչված՝ մոլդովական սփյուռքում, արձանագրությունների 89,18%-ի մշակումից հետո Սանդուն առաջատարն է՝ 82,33% արդյունքով։ Ստոյանոգլոն ունի 17,67%։
Նույնպիսի հրճվագին էյֆորիայի մեջ Մոլդովայի արեւմտյան դաշնակիցներն ընկան նաեւ Սանդուի վերընտրման առթիվ, ինչպես ԵՄ-ի հարցով հանրաքվեի ժամանակ: Զարմանալի չէր, որ «եվրաբախտակից» Սանդուին շտապեց շնորհավորել ԵՄ թեկնածու-երկրի, ՌԴ-ի հետ պատերազմող եւ ռուսներին «թշնամի» համարող Ուկրաինայի նախագահը: Շնորհավորելով մոլդովացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Կիեւն աջակցում է Մոլդովայի եվրոպական ընտրությանը եւ պատրաստ է համագործակցել գործընկերության ամրապնդման համար. «Շնորհավորում եմ Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը եւ պատրաստ է համագործակցել՝ մեր գործընկերության ամրապնդման համար։ Մոլդովացիները հստակ ընտրություն կատարեցին՝ նրանք ընտրեցին տնտեսական աճի եւ սոցիալական կայունության ուղին»: Նա ընդգծել է, որ միայն միացյալ եւ խաղաղ Եվրոպան կարող է երաշխավորել «յուրաքանչյուր մարդու եւ յուրաքանչյուր ընտանիքի վստահությունը, որ վաղվա օրը նրանք կդիմավորեն հույսով եւ կայունությամբ»:
Եթե Սանդուին հաղթանակ «շնորհեց» մոլդովական սփյուռքը, ապա, ինչպես հայտնի է, «Վրացական երազանք»-ը պարտվեց հենց սփյուռքում: Այս փաստը մատնանշել եւ հերթական անգամ հակառուսական կոչեր է հնչեցրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ: «Ձեր հաղթանակը մեր հաղթանակն է»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։ «Մոլդովայի ընտրությունները Վրաստանում գողացված ընտրությունների լավագույն «ապացույցն» են. չնայած Ռուսաստանի միջամտությանը եւ զանգվածային կեղծիքներին, Մոլդովան փրկեցին սփյուռքի 300 հազար մոլդովացի ընտրողները»,- նշել է Զուրաբիշվիլին եւ հավելել, որ «մեկ միլիոնանոց վրացական սփյուռքն անտեսվեց, եւ ընդամենը 34 հազարին թույլ տվեցին քվեարկել»: Հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ Զուրաբիշվիլին, մեկնաբանելով իր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, հայտարարել էր, որ դրանք «ոչ թե վրացական էին, այլ՝ ռուսական»: Նա նաեւ վիրավորական արտահայտություն էր արել՝ ընտրակեղծիքների մեխանիզմն անվանելով «հայկական կարուսել»:
Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ դրանք կվիճարկի Սահմանադրական դատարանում: Այդ մասին հայտարարել է երկու քաղաքական ուժ։ Ընտրությունների արդյունքները քննադատում են նաեւ Ռուսաստանից:
Սանդուին շնորհավորելու հերթը հակառուսական ուղեգծի անդավաճան հետեւորդներին էր. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես շնորհավորել է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Հազվագյուտ ուժ է պահանջվում՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնց հետ բախվել եք այս ընտրություններում,- գրել է ԵՀ-ի ղեկավարը՝ X սոցիալական ցանցում, եւ հավելել։- Հույս ունեմ շարունակել Ձեզ հետ աշխատել՝ հանուն Մոլդովայի եւ նրա ժողովրդի եվրոպական ապագայի»:
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը եւս շնորհավորել է Մոլդովայի վերընտրված նախագահին՝ ընտրությունների երկրորդ փուլում գրանցած հաջողությունների կապակցությամբ։ «Մայա Սանդուն վստահորեն առաջնորդեց Մոլդովայի Հանրապետությունը դժվար ժամանակներում եւ իր երկիրը դրեց եվրոպական ուղու վրա»,- ասվում է X միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ: «Մենք կանգնած ենք Մոլդովայի կողքին: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- շարունակել է Գերմանիայի կանցլերը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Սանդուին՝ ասելով, որ ժողովրդավարությունը «գերակայել է բոլոր միջամտություններին եւ մանեւրներին»։
Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն նշել է, որ եվրոպամետ նախագահի հաղթանակը «Մոլդովայի ժողովրդի կամքի վառ ապացույցն է՝ պաշտպանելու ժողովրդավարությունը եւ ապահովելու իրենց ուղին դեպի ԵՄ անդամակցություն»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես մեկնաբանել է Մոլդովայի ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ գործող նախագահը կարողացավ հաղթել «Մոսկվայի ֆավորիտին», չնայած Ռուսաստանի՝ «նախագահական ընտրություններին ագրեսիվ եւ լայնածավալ միջամտությանը»։ Նաեւ հույս է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի այլ երկրներում՝ «առաջիկա օրերին եւ ամիսներին»։
Թե որ երկրներին է կոնկրետ ուղղված Տուսկի ակնարկը, դժվար չէ կանխատեսել: Բայց որ այն ուղղված է նաեւ հակառուսական քաղաքականություն վարող եւ եվրատլանտյան կողմնորոշում որդեգրած Հայաստանին՝ կասկածից վեր է: Ի լրումն հիշեցնենք, որ օրերս հայաստանյան քաղաքական դաշտի հայտնի «եվրաինտեգրիստները» ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի նպատակով ստորագրահավաք են իրականացրել: