Մեր սահմանամերձ գյուղերը 2020-ից հետո հայտնվել են «կրակի առաջին գծում»` սահմանային միջադեպեր, հող հանձնել, անասուններ կորցնել, հողերը մշակելու անհնարինություն` թշնամու կրակոցների պատճառով, կեղծ սահմանազատում եւ այլն․ այս բոլոր արհավիրքներն առաջին հերթին նրանց են հանդիպում: Տավուշից հետո պակաս խոցելի վիճակում չէ նաեւ Գեղարքունիքի մարզը, որտեղ, ըստ լուրերի, հաջորդ «սահմանազատումն» է տեղի ունենալու:
«Մարդիկ հեռացել են գյուղից: Եղանակները լավ չեն, սպասում ենք` խոտհունձ ունենք, բերքահավաք է, սպասում ենք, թե անձրեւները երբ կդադարեն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Պատերազմից հետո սահմանամերձ դարձած գյուղի բնակչին կառավարությունն ինչ-որ ձեւով նեցուկ կանգնո՞ւմ է։ «Ամենակարեւորը՝ խաղաղություն լինի, մնացածը մարդու ձեռքին է, դրանք լուծվող են: Կարեւորը՝ խաղաղություն լինի, մնացածը մարդիկ իրենց առօրյա աշխատանքով կանեն»: Վերջին տարիներին մարդիկ հեռացե՞լ են Վերին Շորժայից։ «Այո, դուրս են եկել, քիչ են մնացել: Գյուղի բնակչության մեծամասնությունը հեռացել է գյուղից այս վերջին մեկ տարվա ընթացքում»:
Պատճառը թշնամու կողմից բնակավայրի թիրախավորումն է եղել: Իսկ կառավարությունը փորձե՞լ է ինչ-որ ծրագրով համոզել մարդկանց՝ մնալ գյուղում, չհեռանալ: Երանոսյանն ասաց, որ ինչ էլ կառավարությունն անի, բնակիչներն իրենց աչքի առաջ, մոտակայքում տեսնում են թշնամուն, ու այդ փաստն արդեն բավական է: «Մարդն ուզում է տեղափոխվել ավելի անվտանգ բնակավայր, հիմա պետական աջակցությունը լինի, թե չլինի, մարդուն ո՞նց կարող ես պահել, ինքն իր աչքով տեսնում է թշնամուն` իր գլխավերեւում նստած, հիմա իրեն ի՞նչ աջակցություն պիտի տաս կամ ո՞նց պիտի համոզես, երբ թշնամին երեւում է: Անսովոր երեւույթ, նման բան ո՞վ է տեսել»,- ասաց Երանոսյանը:
Գյուղի վարչական ղեկավարը պատմեց, որ ֆերմա ուներ, որը եւս վերացման եզրին է, որովհետեւ մարդիկ վախենում են Վերին Շորժայում ապրել: Այնինչ, ֆերմայի համար տարբեր կենդանատեսակներ էր դրսից բերել, սիրով զբաղվում էր, բայց արդեն կիսով չափ վերացրել է, մարդիկ վախենում են գալ այդտեղ` աշխատել: Երանոսյանին հույս են տալիս սահմանային հատվածում ամրաշինական ակտիվ աշխատանքները. «Սահմանային գծում աշխատանքներ են կատարվում՝ լավ ամրապնդվում ենք: Լավատես լինենք՝ պետք է, որ լավ լինի: Նորից մարդիկ իրենց բնականոն աշխատանքները սկսեն»:
Մեր հաջորդ զրուցակիցը մեկ այլ վտանգված գյուղի՝ Կութի վարչական ղեկավարն է: «Գյուղացիները հիմա խոտհունձով են զբաղված, գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Կութի ղեկավար Վահրամ Ավագյանը: Նրա խոսքով՝ գյուղացիների կյանքում ամեն ինչ նորմալ է: 2021 թվականից հետո, երբ բնակավայրը տարածքներ կորցրեց, շատերը ստիպված եղան սահմանափակել իրենց անասունների գլխաքանակը, քանի որ բավարար քանակի խոտ չունեին, իսկ դա գնելը բավականին թանկ հաճույք է: Հարցին, թե ինչ առաջնային խնդիր ունի գյուղը, արդյոք կա՞ն խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներ, Կութի ղեկավարն ասաց, որ ամեն ինչ իր հունով ընթանում է։ «Խնդիրները կամաց-կամաց լուծելով՝ գնում ենք առաջ: Առաջնային խնդիրներ Ձեր թվարկածների մեջ չկան, առաջնայինը սահմանի հետ է, անվտանգության հետ է կապված մեր խնդիրը»,- ասաց Ավագյանը:
Այսինքն՝ բնակիչներն իրենց անվտանգ չե՞ն զգում։ «Հիմա Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, չեմ կարծում, թե անվտանգ տեղ կա»:
Գեղարքունիքի Նորաբակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղացիները հիմա խոտհունձով են զբաղված: Գյուղից հեռացողներ չկան՝ վստահեցնում է Ասատրյանը եւ մեր հարցին, թե ինչ խնդիրներ ունի գյուղը, պատասխանում է՝ գյուղում խնդիրներ միշտ կան: «Վարդենիսին կապող ճանապարհն անմխիթար վիճակում է, ասֆալտ չկա, փոսերով է, լավ կլիներ, որ այդ ճանապարհի հարցը լուծվեր»,- նկատում է Ասատրյանը: Նորաբակում կա ոռոգման եւ խմելու ջրի խնդիր, հարցը ներկայացրել են կառավարությանը, եկել են, դիտարկումներ արել, սակայն թե երբ կլուծվի՝ դեռեւս չգիտի: «Այս տարի անձրեւոտ տարի է, կարիք չկա շատ ոռոգման, այդ առումով լրացվել է ոռոգման ջրի բացը՝ անձրեւներն այդ հարցը լուծել են»: Թշնամու՝ մոտ լինելը գյուղացիների շրջանում ավելորդ լարվածություն չի՞ առաջացնում, ասաց, որ մարդիկ արդեն սովորել են նոր իրողություններին եւ դրանց հարմարվելով՝ շարունակում են ապրել: