Հասարակություն

Պողոսյան, հանցագործություն կոծկելը ճաշակի հա՞րց է, թե՞ ախորժակի. Աղեկյանին պիտի վարձատրեիք դրա համար

Պողոսյան, հանցագործություն կոծկելը ճաշակի հա՞րց է, թե՞ ախորժակի. Աղեկյանին պիտի վարձատրեիք դրա համար

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի աղմկահարույց ձերբակալությունը շարունակում է քննարկման թեմա մնալ: Աղեկյանն արդեն մի քանի օր է՝ գտնվում է կանանց գաղութում, նրան 1 ամսով կալանավորել են : «Լիլիթին անձմաբ չեմ ճանաչում, բայց  նրա նկատմամբ կատարվածը միայն անձով պայմանավորված չէ և յուրաքանչյուր իրեն հարգող ՀՀ քաղաքացի պարտավոր է արձագանքել և գնահատական տալ տեղի ունեցածին՝ չմոռանալով, որ այն ամենն, ինչ ներկա պահին կատարվում է իրավապահ համակարգի բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կամքով, կարող է շատ կարճ ժամանակ անց կրել սովորական բնույթ, այնուհետև դառնալ կենսակերպ»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ռուզան Ադանալյանը :

«Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ ամենայն հավանականությամբ Լիլիթին տեսադաշտում են պահել և հետապնդել են վաղուց, սպասել հարմար պահի, քանի որ նրա  նկատմամբ իրականացված ոչ իրավաչափ գործողությունները բխում էին ինչ-ինչ քմահաճ անձանց վաղեմի ցանկություններն ի կատար ածելու մղումներից: Կասկածներս առավել հաստատվեցին երկու օր առաջ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների առաջադրած հարցերին քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի տված պատասխաններով:

Ուժային կառույցի ղեկավարի պատասխանները բաժակաճառի մակարդակի էին: Առավել ուշագրավ էր վերջերս Նոր Նորքի թաղապետարանի միջադեպի և Lիլիթ Աղեկյանին կալանավորելու միջև զուգահեռականներ անցկացնելու հարցին Պողոսյանի տված պատասխանը, թե՝ «Կալանավորումն ըստ նպատակահարմարության չի, դա ճաշակի հարց չի», այնուհետև Պողոսյանն ինքն իրեն հակասելով  նշեց, որ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վարույթներով անձն ուղղակի չի կարող ձերբակալվել և խափանման միջոցն ընտրում են  ըստ անձի դատավարական վարքագծի: Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի դատարանի դատավորին վիրավորելու, մասնավորապես «կոռուպցիոներ» անվանելու համար:Հիմա պարզ հարց է առաջանում՝ Աղեկյանին մեղսագրված ենթադրյալ արարքը կոնկրետ ո՞ր բնույթի հանցագործությունների շարքին է դասվում և արդյո՞ք օրենքը տվյալ բնույթի հանցանքի համար նախատեսում է որպես խափանման միջոց ընտրել կալանքը:Սա ուղղակի զավեշտ է: Մեկ այլ հարց էլ Արթուր Պողոսյանին, թե օրինակ՝ այլ փաստարկված դեպքերով քրեական վարույթ չնախձեռնելը կամ քննչական ենթակայությունը խախտելը,  ծանր հանցագործությունները կոծկելը նույնպե՞ս ճաշակի հարց է,թե՞ դա արդեն ախորժակի հարց է: Ասաց նաւ, թե լրագրողի վերաբերյալ կան բազմաթիվ քրեական վարույթներ, սակայն չկարողացավ նշել,թե կոնկրետ քանի քրեական վարույթ կա նախաձեռնված և կոնկրետ որոնք են թվով 10 դրվագները»,-ասաց Ադանալյանը՝ ընդգծելով, որ նույն Շիրակի մարզի դատարանը դարձել է դատախազության կամակատարը: Ադանալյանը կրկին հիշեցրեց իր որդու սպանության գործը, որը  Շիրակի մարզի դատարանում 10-տարի է՝ քննվում է՝ փոխանցվելով ձեռքից ձեռք:

«Արթուր Պողոսյանը կարող է միայն ԱԺ-ում իրեն «կինոյի տղա» զգալ, օրենքից ու իրավակիրառ պրակտիկայից խոսել և կոնկրետ ինձ համար ինքն  ու  իր նախկին վերադաս  Աննա Վարդապետյանը «փախած են»,-հավելեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով Լիլիթ Աղեկյանի դեպքին, նշեց․

«Անհերքելի է այն, որ ուժի ցուցադրությամբ փորձել են նվաստացնել կին լրագրողին, այդկերպ լռեցնել նրան, պատժել և կարծում եմ նաև վրեժխնդիր լինել, քանի որ լրագողը թե՛ կրթության, թե՛ առողջապահության և թե՛ իրավապահ ոլորտներում տիրող կոռուպցիոն սխեմաների մասին հրապարակային բացահայտումներ էր ներկայացրել, որի համար ԱԱԾ-ի, դատախազների, քննիչների աշխատավարձերով պետք է  Աղեկյանին վարձատրեին, այլ ոչ թե կալանավորեին:
Ասեմ նաև, որ օրենսդիրը հստակ սահմանել է կալանքի իրավաչափությանը , և կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է և այն կարող է կիրառվել հանցագործության հանրային վտանգավորության, մեղքի բնույթի, ձևի, տեսակի պատճառված վնասի չափի ամբողջական գնահատմամբ։Իմ օբյեկտիվ պնդմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների հետևանքով առաջ են եկել նաև անձի ազատության և անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում: Հետևաբար լրագրողին կալանավորելը չի բխում անձի ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից: Կասկածելիորեն չի ապահովվել օրենքի միատեսակ կիրառություն, ինչը ողջամտորեն ենթադրում է, որ լրագրողի կալանավորումն ինքնանպատակ դիտավորություն է, այն չի բխում օրենսդրի պահանջներից»,- ասաց իրավապաշտպանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image