Մշակույթ

Կրթության կառավարիչները պետք է վեր կանգնեն «էս սարն իմն է, էս ծառն իմն է» էգոիստական մոտեցումից

Կրթության կառավարիչները պետք է վեր կանգնեն «էս սարն իմն է, էս ծառն իմն է» էգոիստական մոտեցումից

«Ապակենտրոնացումը ոչ միայն քաղաքականության ուղղություն է, այլեւ սկզբունքային մոտեցում. համոզված ենք՝ հանրային զարգացումը հնարավոր չէ ապահովել, եթե տեղում չլինի ուժեղ եւ զարգացած ռեսուրս, որը կարող է յուրաքանչյուր բնակավայրում սեփական խնդիրների ձեւակերպման եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատել»․ այս հայտարարությունն է արել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի ղեկավար Շեյն Քուինի հետ հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի ընթացքը եւ ապակենտրոնացման ու հանրակրթության ոլորտում կառավարման բարեփոխումների շուրջ հետագա համագործակցության հնարավորությունները:

«Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը ներգրավել է 10 գործընկեր համայնքների, որոնք իրենց տարածքում գործող 34 դպրոցների հետ հանդես են եկել երկկողմ՝ դպրոց-համայնք համագործակցությունը խորացնելու նախաձեռնություններով։ Վերջիններս վերաբերում են 10-ից ավելի ուղղություններով հնարավոր համագործակցությանը՝ ներառյալ բուն դպրոցի կառավարումը, արտադպրոցական կրթությունը, քաղաքացիական կրթությունը, ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը, բուլինգը, գենդերային հավասարությունը, հակաճգնաժամային կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը եւ այլն։ Ըստ ԿԳՄՍՆ հաղորդագրության, ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդում՝ «ապահովել ուղղակի օգուտներ եւ հավելյալ արժեք՝ համայնքներում կրթության եւ մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ, որակյալ կամ ընդլայնված ծառայությունների շնորհիվ ձեւավորել դպրոցի ու համայնքի զարգացման կամ համագործակցության համատեղ օրակարգ, որում երկու կողմն էլ նշանակալի ներդրում կունենան»: 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ 2 տարի առաջ՝ 2023-ին, երբ ընդունվեց կրթության զարգացման պետական ծրագրի գործողությունների պլանը, դրանով արդեն նախատեսված էր այս ծրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի 11 համայնքներում պետք է փորձարկվի կրթության կառավարման ապակենտրոնացված համակարգը։ «Այս ծրագիրն իրականացվում է այդ գործողության հիման վրա, սա փորձնական ծրագիր է, եւ այստեղ բավական նրբություններ կան։ Հայաստանում ընդհանրապես կա այդ խնդիրը, թե ում պետք է ենթարկվեն դպրոցները։ Ցավոք, մեզ մոտ ընդունված է այն տեսակետը, որ դպրոցը պետք է ենթարկվի կա՛մ նախարարությանը, կա՛մ մարզպետարանին, եւ այդ տեսանկյունից մենք կորցնում ենք շատ կարեւոր լիազորություններ, որոնք կարող են իրականացնել համայնքները դպրոցների համար։ Այստեղ հիմնական հակափաստարկը, որ բերվում է, այն է, որ համայնքները չեն կարող դպրոցները կառավարել, չունեն այդ կարողությունները, բայց այստեղ, բնականաբար, խնդիրն այն մասին չէ, որ համայնքը որոշի, թե դպրոցում ինչ սովորեն, ինչ չափորոշիչ կիրառեն, խոսքը բովանդակային հարցերի մասին չէ, խոսքն այն մասին է, որ, օրինակ, անվտանգության, արտակարգ իրավիճակների հետ կապված հարցերում շատ ավելի լավ է, որ համայնքն աշխատի դպրոցի հետ, որովհետեւ նախարարությունը շատ հեռու է, մարզպետարանը՝ եւս, կան որոշակի վարչատնտեսական գործառույթներ՝ նույն շենքերի հետ կապված, որ համայնքն ավելի լավ կարող է անել, եթե մենք աշխատենք իր կարողությունների կառուցման ուղղությամբ եւ ոչ թե ուղղակի ասենք՝ սա վերցրեք ձեզ, ու ոչ մի բան չանենք, այդ դեպքում պարզ է, որ այդ մոտեցումը կփլուզվի։ Այն, որ համայնքը պետք է ակտիվ դեր ունենա դպրոցի վարչատնտեսական, անվտանգային որոշակի գործառույթներում, կարծում եմ՝ դրական գաղափար է»,- ասում է Ս․ Խաչատրյանն ու նկատում, որ աշխարհի շատ երկրներում դա կիրառվող պրակտիկա է։

«Բովանդակային մասով խնդիր չկա, եւ, այո, դա պետք է իրականացվի նախարարության կողմից։ Այս իմաստով շատ բան կախված է նրանից, թե այս ծրագիրը, որը փորձարկվում է, ինչպես կիրականացվի։ Շատ կարեւոր է նաեւ, որ բոլոր կողմերը՝ նախարարություն-մարզպետարան-համայնք, վեր կանգնեն այդ էգոիստական մոտեցումից, որ դպրոցն իմն է, քանի որ դպրոցն իրականում բոլորինն է։ Դրա համար մենք պետք է մտածենք, թե կառավարման որ մակարդակը որ գործը լավ կանի։ Կան բաներ, որ կառավարման մեջ լավ անելու համար դու պիտի տեղում լինես, չես կարող հեռվից դա անել։ Հիմա այդ գործառույթները կարելի է տալ համայնքին»,- ընդգծում է փորձագետը։

Հակասություն չկա՞, երբ հենց այս ծրագրի օրինակով նախարարությունը մի կողմից կարեւորում է ապակենտրոնացումը, մյուս կողմից էլ համապատասխան կարգավորումներ է մշակում, որպեսզի բոլոր դպրոցներն անցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո։ «Այո, սա էլ է խնդրահարույց, որովհետեւ նախարարությունը մեկն է, եւ ինքը շատ դպրոցներից բավական հեռու է։ Ու անգամ եթե մենք նախարարությունում 10-20 հոգի աշխատող էլ ավելացնենք, միեւնույն է, կան գործառույթներ, որոնք անելու համար դու տեղում պետք է լինես։ Ենթադրենք՝ ինչ-որ արտակարգ իրավիճակ է, նախարարությունը չի կարող դպրոցներում այդ տեսակի բաներ կառավարել կամ նույն շենքային, վարչատնտեսական հարցերը լուծել։ Ինչպես գիտեք, հիմա դպրոցներն ունեն տնօրեն եւ վարչատնտեսական համակարգող, օրինակ՝ հնչել է առաջարկություն, որ այդ վարչատնտեսական համակարգողի գործառույթը, որ այսօր կարող է տրվել անհատի կամ մասնավոր կազմակերպության, ինչո՞ւ չի կարելի տալ նաեւ համայնքին:

Նախարարությունն այսօր տվել է հնարավորություն, որ դպրոցի վարչատնտեսական կառավարումն իրականացնի ինչ-որ մի մասնավոր ընկերություն, օրենքով տրվել է այդ իրավունքը: Հիմա հարց․ եթե մասնավորին թողնում ենք, ինչո՞ւ համայնքին չենք կարող թողնել, որովհետեւ ինքներդ էլ գիտեք, որ շատ դեպքերում, երբ ինչ-որ ապակի է կոտրվում, կամ խնդիրներ են առաջանում՝ դպրոցի ցանկապատի հետ կապված, ու հաճախ դպրոցի տնօրենը դիմում է համայնքապետին, եւ դա ճիշտ է, որովհետեւ այդ մարդն է այդտեղ: Չի կարող մարզպետը գնալ՝ դպրոցի ցանկապատի հարց լուծել, որովհետեւ ինքն այդ համայնքում չի ապրում: Սա է խնդիրը, ու շատ կարեւոր է, թե ինչպես կարվի այդ փորձարկումը, արդյո՞ք կկարողանան մեր տարբեր մակարդակների կառավարիչները վեր կանգնել «էս սարն իմն է, էս ծառն իմն է» էգոիստական մտածելակերպից»,- ասում է Ս․ Խաչատրյանն ու կարեւորում նաեւ տեղում՝ համայնքներում կարողություններ ստեղծելու հանգամանքը։

«Չի կարելի ապակենտրոնացնել ու մի կողմ քաշվել, որովհետեւ մենք պետք է համայնքներում կարողություններ ստեղծենք, որը նաեւ երկրի զարգացման համար է կարեւոր, հիմա եթե մենք ամբողջ լիազորությունները տալիս ենք նախարարությանը, ի՞նչ է ստացվելու՝ այն մարդիկ, որոնք կարող էին համայնքում աշխատանք ունենալ, պիտի գան մտնեն կրթության նախարարություն, եւս մեկ քայլ, երբ համայնքները կզրկվեն ինտելեկտուալ մարդկանցից, արդյունքում տեղի է ունենալու ինտելեկտուալ, մարդկային ռեսուրսի կենտրոնացում, եւ Աստված չանի՝ մի դիկտատորական իշխանություն լինի Հայաստանում, մեր կրթական համակարգը լրիվ կոլապսի մեջ կհայտնվի, որովհետեւ անսահմանափակ իշխանությունը վտանգավոր բան է»,-եզրափակում է Խաչատրյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image