Պատմական Անի մայրաքաղաքին սահմանամերձ Բագրավան գյուղում կամուրջ է կառուցվել, գյուղի համար աննախադեպ, լուսավոր մի կամուրջ: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հիմնադրած «Վահանատուն» հյուրատուն- թանգարանի ջանքերով է կառուցվել կամուրջը, որ գյուղից ձգվում է դեպի եկեղեցի։
«Սա հրաշք նվեր է Շիրակի մարզի Անիի Բագրավան գյուղին և գալիք սերունդներին:
Իմ լավ բարեկամ, ամերիկահայ բարերար Ժակ Յուրիջյանի հովանավորությամբ, Գյումրու լավագույն քարտաշ վարպետների ու մեր ձեռքերով, ամբողջովին հին քարերով ու կամարներով, ընդամենը մեկ ամսում կառուցեցինք , չեմ վարանի ասել՝ պատմական արժեք ներկայացնող հոյակերտ հուշարձան է: Մի կամուրջ, որը գյուղից ձգվում է դեպի եկեղեցի:
Կարծում եմ նաև ճիշտ տարբերակ է սահմանային գյուղն ու գյուղական տուրիզմը զարգացնելու համար»,-hraparak.am-ի հետ զրույցում ասում է կենտրոնի նախագահը:
«Կոպեկներ մուրալով, ոչ մի կոպեկ չունեինք, նախաձեռնեցինք, ու գտնվեցին մարդիկ, որ ձեռք մեկնեցին, գյուղի երեխաներից սկսած մինչև գյումրեցի ճանաչված վարպետներ, թողեցին իրենց բան ու գործը , կիզիչ արևի տակ մեկ շաբաթի չափ աշխատեցին, կառուցեցին կամուրջը։ Ձորից քարերը հանեցինք, նույնիսկ մոտ 80 կիլոգրամանոց քար կար, քանդոցքներից հավաքած քարերից կառուցեցինք եւ լուսավորեցինք այս հրաշք կառույցը ։ Հիմա գյուղացիները մատուռ, այգի և մատաղատուն կարող են գնալ ոչ թե ձորի միջով, այլ կամրջով, որտեղ մի հրաշք եդեմական տեսարան է բացվում, եվրոպական անտառի տպավորություն է թողնում, մարդիկ իրենց բոլոր միջոցառումները՝ ծնունդ, կնունք, արդեն այդտեղ են անում : Գյուղի եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցվում, ամեն շաբաթ դրսից 30-40 հյուր է լինում, էլ չեմ ասում ներքին տուրիզմը : Մի ամերիկահայ է եկել, այստեղ տուն է կառուցում : Մեր Հայաստանի ամեն մի քառակուսին Աստծո կողմից չքնաղ նվեր է: Ինձ համար մեր իշխանություն , պետություն ասվածն արդեն փակ է, բայց գոնե այն մեծահարուստները, որ դղյակներ են կառուցում, սահմանամերձ գյուղերի համար նման մի նախաձեռնություն անեն:Ապրեցնեն մեր գյուղերը, որոնք դատարկվում են : Մենք, որ կոպեկ չունեինք, կարողացանք դա անել, մեր օրինակով ապացուցեցինք, որ հնարավոր է դա անել : Գյուղական միջավայրում էլ անհրաժեշետ են ժամանցի, հետաքրքիր վայրեր, բայց միաժամանակ առաջին պլանում բերել պատմամշակույթային արժեքները: Բագրավանում 4 տարվա հեղափոխական փոփոխություն արվեց: Մարդկանց պահվածքի, շփմնան մեջ ենք անգամ փոփոխություն տեսնում, հոգեբանական փոփոխության է բերում միջավայրը: Հիմա արդեն ավելի տեսած են՝ օտարերկրացիների , տուրիստների հետ հաճախակի շփումն իր արդյունքն է տալիս»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վստահ է՝ սերունդները հիշելու եւ օրհնելու են կամուրջը կառուցողներին, որն այսօր գյուղն առանձնահատուկ գրավիչ է դարձրել:




