Մինչեւ Բաքվում Ալիեւը Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սախիր Շամշադ Միրզայի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու հարցեր է քննարկում, Երեւանում ՔՊ-ականները շարունակում են պարտվողականություն քարոզել։
Երկրապահների նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, որը 2018 թվականին «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» անվան տակ տեղի ունեցած իշխանազավթումն Արցախյան պատերազմում հաղթանակից կարեւոր է համարում, նախօրեին բաց տեքստով հրապարակավ հայտարարեց, թե Հայաստանն այսօր Ադրբեջանի դեմ կռվելու «ոչ մի հնարավորություն չունի»։
Սասուն Միքայելյանն այս խայտառակ հայտարարությամբ փորձում էր արդարացնել «սահմանազատման» անվան տակ տեղի ունեցողը ու կրկին պտտել «նախկինների թալանի» հին ու վաղուց հոգնեցրած սկավառակը։ «Կողմ եմ սահմանազատմանը, որովհետեւ մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ 20 տարի Ադրբեջանը ժամանակակից զենք-զինամթերք էր առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված»,- հայտարարել է նա։
«Միայն դաշնակից ՌԴ-ից անվճար ստացվել են 50 հազար տոննա զենք ու զինամթերք, չհաշված «Իսկանդեր»-ը, որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրյա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում»,- ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միքայելյանին հիշեցնում է այս փաստը, Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հակահարվածն ու պատերազմից հետո ՌԴ ներքին գործարանային գներով սպառազինության ձեռքբերման համար 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ ռուսական վարկը։
Նախկինների թողած սպառազինության ժառանգության թեման ՔՊ-ական իշխանությունները մեկ անգամ չէ, որ շահարկել են՝ փորձելով 44-օրյա պատերազմի պարտությունը նաեւ դրանով փաթեթավորել, ու մեկ անգամ չէ, որ այս մանիպուլյացիայի պատասխանը հրապարակավ ստացել են՝ պատերազմից առաջ Փաշինյանը փոխել է ՀՀ ԶՈՒ-ների սպառազինությունների պլանը, որով շուրջ 2500 ԱԹՍ պետք է գնվեր, որի կեսը զինված ուժերը պետք է ընդունեին մինչեւ 2020-ը։
«Նախկինում ոչ միայն ունեցել ենք Ադրբեջանի դեմ պատերազմելու բոլոր հնարավորությունները, այլեւ իրականացրել ենք, եւ դրա ապացույցը եղել է ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմը, այլեւ այն, որ բանակցային գործընթացում Հայաստանը հստակ պաշտպանել է իր դիրքորոշումը, եւ Ադրբեջանը որեւէ կերպ չի կարողացել ռազմական ճանապարհին անցնել։ Մենք միշտ ասել ենք՝ պատրաստ ենք ե՛ւ բանակցելու, ե՛ւ կրակելու։ Ինչ վերաբերում է այս իշխանությանը, ցավոք, ի սկզբանե պարզ էր՝ նրանք եկել են Արցախը հանձնելու եւ հայ ժողովրդի ձեռքբերումները չեզոքացնելու։ Այդ մասին է վկայում նույն Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որն Արցախյան պատերազմում հաղթանակը ստորադասեց իրենց խուլիգանական հեղափոխությանը»,- «Հրապարակ»-ին ասում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ԵԿՄ նախագահի հայտարարությունը։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ այդ հայտարարությունը լսում է նաեւ Ադրբեջանը։ «Ի՞նչ է նշանակում՝ չենք կարող, նույն «չենք կարող»-ը նաեւ Սարդարապատում կարող էին ասել, Արցախյան առաջին պատերազմում կարող էին ասել։ «Չենք կարող»-ը եւ «չենք ցանկանում»-ը տարբեր բաներ են՝ սրանք չեն ցանկանում։ Հիմա ես չեմ ուզում խորանալ դետալների մեջ եւ հիմնավորել, որ կարող էինք, կարող ենք եւ վաղն էլ կարողանալու ենք»,- ասում է պաշտպանության նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմում ո՛չ Հայաստանի բանակն է պարտվել, ո՛չ Արցախի ՊԲ-ն։
Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի շուրջ 70 տոկոսը չի մասնակցել պատերազմին, իսկ Արցախի ՊԲ-ն պատշաճ չի ղեկավարվել, եթե դա տեղի ունենար, եւ կայացվեին ողջամիտ քաղաքական որոշումներ, ադրբեջանական կողմն առաջ գալու մասին չէր էլ մտածի։
«Այսօր էլ լսում եւ հետեւում ենք՝ Ադրբեջանում շատերը, որոնք ողջամիտ են գնահատում իրավիճակը, հասկանում են, որ այդ հաղթանակն իրենց սկուտեղի վրա մատուցվել է։ Այո, Ադրբեջանին օգնել են Թուրքիան, Պակիստանը, Մերձավոր Արեւելքի ծայրահեղական իսլամական խմբավորումները, բայց, միեւնույն է, նույնիսկ այդ պարագայում, եթե իրենց գերագույն հրամանատար հռչակածները պատկերացնեին, թե որտեղ է ավարտվում քաղաքականությունը, ու սկսվում պատերազմը, կամ հակառակը՝ որտեղ է ավարտվում պատերազմն ու սկսվում քաղաքականությունը, մենք այսօր այս վիճակում չէինք լինի, եւ Միքայելյան Սասունը ստիպված չէր լինի նման անհեթեթություն հայտարարել ու սեփական մեղքերը փաթեթավորել անպատասխանատու հայտարարությամբ»,- շարունակում է Արտակ Զաքարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարն ասում է՝ եթե թարգմանենք Սասուն Միքայելյանի հայտարարությունը, դա նշանակում է, որ հայկական բանակն ի վիճակի չէ իր առջեւ դրված խնդիրը կատարել։ «Բանակի առջեւ դրված է խնդիր, Սասուն Միքայելյանն ուզում է ասել, որ այսօր մեր բանակը չի՞ կարող իր առջեւ դրված խնդիրը լուծել։ Գլխավոր շտաբի պետը կամ պաշտպանության նախարարը թող այդ մասին մտածեն, ըստ էության, եթե թարգմանենք այդ հայտարարությունը, ստացվում է, որ չեն կարողանալու իրենց առջեւ դրված խնդիրը լուծել»,- «Հրապարակ»-ին ասում է Արտակ Զաքարյանը։
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ի դեպ, երեկ լրագրողներին հավաստիացնում էր, թե «այս պահի դրությամբ պատերազմի վտանգ չկա, իրավիճակը հարաբերականորեն կայուն է», իսկ «սահմանազատման գործընթացով նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում»։ Նա հույս ունի, թե «խաղաղ գործընթացով» հնարավոր է դա անել։ Էդվարդ Ասրյանը, հիշեցնենք, Ջերմուկի ուղղությամբ 2022թ․ ադրբեջանական զորքերի սեպտեմբերյան հարձակումից հետո էլ ասում էր, որ թշնամու սննդի պաշարները շուտով կսպառվեն` հետ կքաշվեն։ Իսկ իր ղեկավար վարչապետը` պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը, ասում է, որ ուժի գործադրմամբ մեր տարածքներից թշնամուն հեռացնելու փորձեր իրենք չեն անելու: Եթե այսպիսի գերագույն գլխավոր հրամանատար ունենք, այսպիսի ԶՈՒ ԳՇ պետ եւ այսպիսի ԵԿՄ նախագահ, ինչո՞ւ ենք զարմանում, որ Հայաստանի սուվերեն տարածքում թշնամու զորքն է նստած, իսկ սահմանազատման անվան տակ մեր երկրից անընդհատ հող են տանում: