Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի դեմ ԲԴԽ երեք անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Դավիթ Խաչատուրյանը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը), կարգապահական վարույթ են հարուցել, երեկ «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակում իր փաստաբան Արամ Օրբելյանի հետ ասուլիս էր հրավիրել, որ պատմեր, թե ինչպիսի ապօրինություններ են տեղի ունենում իր հանդեպ։
Ասուլիսի ընթացքում Վարդազարյանը միացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը, որն արվել է 2021 թ․ փետրվարի 20-ին, «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում։ Վարդազարյանն ասաց, որ ինքն այս ձայնագրությունը պատրաստվում էր ներկայացնել ԲԴԽ-ում՝ դռնփակ նիստի շրջանակներում, բայց քանի որ հունիսի 16-ին, երբ քննվում էր իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, ինքը վատառողջ էր, իսկ փաստաբանը՝ այլ դատական նիստի, միջնորդել էին հետաձգել նիստը, սակայն ԲԴԽ-ն մերժել էր իրենց միջնորդությունը, ուստի ստիպված են հրապարակային ձեւով այն ներկայացնել հանրությանը։
Ձայնագրության մեջ լսվում են «ուտել-խմելու» ձայներ, այսինքն՝ կողմերը սեղանի շուրջ «որպես հարազատներ» շփվել են եւ կարեւոր հարցեր քննարկել, ըստ էության, քննարկել են Վարդազարյանի ճակատագիրը։ Հանդիպումը նախաձեռնել է ինքը՝ Ստեփան Միքայելյանը, որպեսզի հաշտեցնի կամ ընդհանուր հայտարարի բերի Վարդազարյանին ու նրա տեղը զբաղեցնող Ջհանգիրյանին։ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց ավելի քան երկու ժամ տեւած զրույցից ընդամենը 15 րոպեանոց մի հատված, որը մոնտաժված էր եւ վերաբերում էր հենց իր գործին։ Ձայնագրությունը սկանդալային էր, գուցե ավելի սկանդալային, քան 2018-ին Արթուր Վանեցյանի, Սասուն Խաչատրյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արված ձայնագրությունները։ Խոսակցությունից հստակ գծագրվում է, թե ինչպես է Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական պատվեր կատարում ու ճնշում գործադրում ԲԴԽ նախագահի եւ ողջ դատական համակարգի վրա։ Ձայնագրության մեջ հնչում են հայհոյանքներ՝ ժամանակին իրեն դատախազի տեղակալ նշանակած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, այն կառույցի հասցեին, որը նա ղեկավարում է, նրանց հասցեին, ովքեր Վարդազարյանի նկատմամբ երկրորդ, երրորդ քրեական գործը կհարուցեն եւ այլն։
«Ստեփան Միքայելյանն ասաց՝ լարվածությունը թուլացնելու համար պետք է հանդիպել եւ խոսել: Իսկ ես, քանի որ գիտեի, որ հանդիպելու եմ մի մարդու հետ, ով բացարձակ կարմիր գիծ չունի, խնդրեցի իմ ընկերներին, ովքեր տվեցին ինձ մի սարք, որով եւ ձայնագրել եմ»,- ձայնագրության փաստը բացատրեց Վարդազարյանը։ Ապա միացրեց ձայնագրությունը, որտեղ Ջհանգիրյանն ասում է․ «Երկու քրեական գործ չկա, մի քրեական գործ ա, էն մեկին նույնիսկ ընթացք չի տրվել։ Լսի, ես ո՛չ գլխավոր դատախազն եմ, ո՛չ եսիմ ով եմ, ես քեզ ասում եմ՝ որպես Վարդազարյան Ռուբիկ, ես էլ Ջհանգիրյանն եմ, գիտես, իմ համար հազարն էլ ա մեկ, մեկն էլ ա հազար։ Ես ասում եմ՝ տենց բան չկա։ Չեմ թողել երկրորդը հարուցվի, երրորդը հարուցվի։ Ես էլ ասում եմ՝ եթե երկրորդ, երրորդ քրեական գործ կա, երկրորդ, երրորդ քրեական գործ հարուցողի մերը․․․ Ու իրան էլ ասա, որ Ջհանգիրյանն ասում ա՝ մերդ․․․ Էդ ամենը կանգնեցված ա, եւ ես գարանտն եմ դրա, թուղթ տուր՝ ստորագրեմ։ Ախր ես պրեզիդենտ էլ եմ կառավարել, դու էդ ի՞նչ կարծիքի ես․․․ Էն ժամկետը, որ դու ասում ես, դրանից հետո ես չեմ կարա կանգնեցնեմ։ Էդ ժամկետին էդ մարդը, որ դու ասել ես (հավանաբար, նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ Վ․ Մ․), էդ մարդը շատ կտրուկ դեմ ա եղել, ժամկետը ես եմ խնդրել, համաձայնեցրել, ասել եմ՝ խնդիր չկա, էդ մարդն էդ ա ասել, թող մնա էդ ժամկետը։ Էդ հայտարարություններ, ասուլիսներ, դու ես, չէ՞, սկսել։ Մնացածը դուք որոշեք, իմ համար խնդիր չկա, դու հո գիտես, ինչ պետք ա, ես հիմա էլ եմ անում։ Ես էդ պիտի անեմ, էդ իմ վզին դրած ա, էդ իմ պարտքն եմ համարում»,- դիմելով Վարդազարյանին՝ ասում է Ջհանգիրյանը եւ հորդորում, որ Վարդազարյանն ինքնակամ հրաժարական տա, քանի որ իր «դասախոսն է եկել»։
Ի դեպ, խոսակցության պահին ԲԴԽ նախագահը դեռեւս Ռուբեն Վարդազարյանն էր, Գագիկ Ջհանգիրյանն էլ ընդամենը ԲԴԽ շարքային անդամ էր, եւ երբ նա «քֆուր է դնում» Վարդազարյանի վրա երկրորդ, երրորդ գործ հարուցողի վրա, այդ զրույցից ընդամենը երկու ամիս անց՝ ապրիլին, Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվում՝ Ալավերդցի Վահագնի գործով, ինչի մասին ինքը՝ Ջհանգիրյանը, ակնարկում է դեռ փետրվարի 20-ի զրույցի ընթացքում, որ «սկսած Վահագի գործից, վերջացրած մյուսներով, որեւէ բան չի գնալու»։ Այսինքն՝ ինքը դեռ երկու ամիս առաջ գիտեր, որ երկու ամիս անց Վարդազարյանի դեմ քրգործ է հարուցվելու։ Եվ այդ գործը շանտաժի միջոց էր Վարդազարյանի դեմ, որը կիրառվել է երկրի իշխանությունների կողմից՝ իրավապահ համակարգի հետ համաձայնեցված ու նախապես ծրագրված սցենարով։
Խոսակցության ընթացքում Վարդազարյանը հարցնում է Գագիկ Ջհանգիրյանին, թե վերջինիս ինչի՞ն է պետք այս ամենը, ի պատասխան՝ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություն է անում՝ համեմված Ռոբերտ Քոչարյանի հասցեին հայհոյանքով։- «Արա, ես չեմ ուզում մեր երկիրն էս վիճակին լինի, ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման գ․․․-ը հետ գա։ Հազիվ էդ կլանից պրծել ենք, եթե ես իմանամ՝ Վանեցյանն ա գալու, Ղազինյան Արթուրն ա գալու, կեթամ կկանգնեմ կողները, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակն ու էդ գ․․․-ը։ Սերժն էլ չի գալու, քեզի բան եմ ասում»,- այսպիսի դարակազմիկ վերլուծություն է անում Գագիկ Ջհանգիրյանը։
Ձայնագրության հրապարակումից որոշ ժամանակ անց ԲԴԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հացի սեղանի մոտ երկրորդ նախագահի հասցեին հայհոյանք հնչեցնող Գագիկ Ջհանգիրյանի անունից ասվում է, թե «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում»։
Առանձնապես ասելիք չունեին նաեւ ԲԴԽ մյուս անդամները։ Զրույցին ներկա եւ այդ հանդիպման միջնորդ հանդիսացած Ստեփան Միքայելյանը, օրինակ, երբ լսեց մեր հարցը, ասաց, թե խորհրդակցության է, չի կարող այդ պահին խոսել, ու հրաժարվեց մեկնաբանելուց։ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ նախաձեռնած ԲԴԽ երեք գիտնական-անդամներից Գրիգոր Բեքմեզյանն էլ, անդրադառնալով սկանդալային ձայնագրությանը, ասաց՝ քանի որ իր ձայնագրությունը չէ, ուրիշի մասնավոր խոսակցության ձայնագրությունն է, ինքը որեւէ մեկնաբանություն չի կարող տալ։
«Իսկ ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, կարծում եմ՝ խորհուրդը կլսի եւ կորոշի՝ պե՞տք է իրավական գնահատական տալ, թե՞ ոչ։ Ես չեմ կարող հիմա խորհրդի անունից ինչ-որ բան ասել»,- ասաց նա՝ նշելով, որ, միանշանակ, իրենք կքննարկեն դա եւ ինչ որոշում կայացնեն՝ բոլորս կիմանանք։ Հարցին՝ նմանատիպ ձայնագրությունը ձայնագրությանը մասնակցած սուբյեկտների նկատմամբ որեւէ իրավական ընթացակարգ ենթադրո՞ւմ է, Բեքմեզյանն ասաց․ «Չեմ կարող ասել, որովհետեւ նախ ես քրեական իրավունքի էդքան մեծ մասնագետ չեմ, որ ինչ-որ խորհուրդ տամ էդ ձայնագրության հետ կապված, բայց ինչքան որ լսել եմ, ճիշտն ասած՝ հատկապես ինչ-որ քրեաիրավական տարր դրանում չեմ տեսել»։ Ջհանգիրյանի հայհոյախառն արտահայտությունների մասով էլ Բեքմեզյանը ձեռնպահ մնաց որեւէ գնահատական տալուց՝ խնդրելով այդ հարցով դիմել Ջհանգիրյանին։
Խոսեցինք նաեւ ԲԴԽ դատավոր անդամներից Սերգեյ Չիչոյանի հետ։ Նա էլ նախ ասաց, որ այդ ձայնագրությունն առաջին հերթին տհաճ է՝ լսելն էլ, մեկնաբանելն էլ։ Իսկ բացի տհաճ լինելուց՝ ինքը Գագիկ Ջհանգիրյանի կողմից քաղաքական հրահանգ կատարելու, դատական գործերին միջամտելու, օրենքից դուրս գործելու որեւէ դրսեւորում չի՞ տեսնում։ «Ես էս պահին ձեռնպահ կմնամ որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ եթե ես թե՛ դրական, թե՛ բացասական կարծիք հայտնեմ, հնարավոր է՝ վաղը միգուցե թե՛ կարգապահական վարույթի շրջանակներում, թե՛, օրինակի համար, քրեական գործի շրջանակներում հայտնվի ԲԴԽ-ում, ու ես էսօր կարծիք հայտնեմ, դա սխալ կդիտարկվի»,- ասաց նա։ Իսկ ԲԴԽ նախագահի կողմից նման ոչ նորմատիվային լեքսիկոնով արտահայտվելը, այդ թվում՝ ԲԴԽ-ի հասցեին, որտեղ ինքն է աշխատում, նորմա՞լ է գնահատում, Չիչոյանն ասաց․ «Իհարկե, տհաճ է, ինչ-որ մեկի մասին ցանկացած մեկս էլ պիտի վատ խոսքերով չարտահայտվի, բայց դա արդեն իր խնդիրն է, էլի, թե ոնց է արտահայտվել։ Բոլորի համար էլ տհաճ է արտահայտվել»։
Նկատեցինք, որ Գագիկ Ջհանգիրյանը, բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին վատ արտահայտվելուց, նաեւ ԲԴԽ-ին որպես հիմնարկ է անվանարկում, որտեղ ինքն էլ է աշխատում։ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանն ասաց․ «Ես էդ կառույցը նման կերպ չեմ անվանարկի»։ Չիչոյանն ասաց նաեւ, որ այդ ձայնագրությունն իրենց մոտ դեռեւս քննարկման առարկա չի դարձել, երեկ իրենք ծանրաբեռնված գրաֆիկով էին աշխատում՝ առիթ չեն ունեցել։
ՀԳ․ Որպեսզի աբսուրդն ավելի առարկայական դառնա, հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված վերջին վարույթը, որն ուզում են նրան դատավորի լիազորություններից զրկելու հիմք դարձնել, վերաբերում է լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին, որտեղ նա ընդամենը մեկ նախադասություն է ասել Սահմանադրական դատարանի հասցեին՝ կոռեկտ նախադասություն, Գագիկ Ջհանգիրյանի գործով կայացրած որոշման հետ կապված։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարելի էր 50 նման վարույթ հարուցել՝ այս խոսակցության հիման վրա։