Տևական ժամանակ արտասահմանյան մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Ամերիկայի Միացյալ Նահագների նախագահ, Դեմոկրատական Ջո Բայդենը ապրիլի 24-ին նախատեսված ուղերձում պատրաստվում է օգտագործել «Ցեղասպանություն» (՛՛Genocide՛՛) բառը՝ բնորոշելու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ Օսմանյան իշխանությունների կատարած կոտորածները։
2019 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Սրան հաջորդել էր նույն թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ վերին պալատի՝ Սենատի կողմից միաձայն ճանաչումը։ Չնայած ԱՄՆ օրենսդիր պալատների կողմից ճանաչելուն, 2020 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփը այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը՝ դրա փոխարեն օգտագործելով «Մեծ Եղեռն»-ը (the Meds Yeghern): «Այսօր մենք միանում ենք համաշխարհային համայնքին՝ հիշատակելով 20-րդ դարի վատագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի ընթացքում կորցրած կյանքերը: 1915 թվականի սկզբին 1 ու կես միլիոն հայ բռնագաղթվեց, կոտորվեց կամ շարժվեց դեպի իր մահն Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապեցին և կորցրին իրենց կյանքը, միևնույն ժամանակ նորացնելով մեր պարտավորությունը՝ ավելի մարդկային և խաղաղ աշխարհ կերտելու համար», - ուղերձում նշել էր Թրամփը:
«Ցեղասպանություն» եզրույթը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր։ Լեմկինը տերմինն օգտագործել է 1944-ին իր «Առանցքի կանոնը գրավյալ Եվրոպայում» (՛՛Axis Rule in Occupied Europe՛՛) գրքում։ Սրանով լեհ իրավաբանը ցանկանում էր բնութագրել նացիստական քաղաքականությունն ուղղված հրեաների դեմ, այդ թվում՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածները: Իսկ արդեն 1948 թվականի դեկտեմբերի 9-ին տերմինը տեղ գտավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայիում («Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիա - Genocide Convention / The Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide)։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
- Պարո՛ն Սաֆրաստյան, արդեն մամուլում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ հնարավոր է, որ Ջո Բայդենն արտաբերի «ցեղասպանություն» բառը։ Սա ի՞նչ կտա Հայաստանին։
- Իհարկե, դա շատ կարևոր իրադարձություն կլինի, երբ ԱՄՆ նախագահն ավարտի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործըթնացը և հասցնի տրամաբանական ավարտին։ Մենք գիտենք, որ ամերիկյան Կոնգրեսի երկու պալատները՝ ստորին և վերին, արդեն պաշտոնապես ընդունել են։ Հիմա եթե նախագահն էլ պաշտոնապես ընդունի, նշանակում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ։ Դրա համար շատ կարևոր է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Իհարկե, 100 տոկոսով դժվար է համոզված լինել, բայց այս անգամ շատ մեծ են հնարավորությունները։
- Սա ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա։
- Կարծում եմ, որ Բայդենի և Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների վրա որևէ ազդեցութուն չի ունենա, որովհետև Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով ոչ մի ձգտում չունենալ, այդպես էլ շարունակել է իր քաղաքականությունն արդեն Արցախյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում։ Ըստ էության, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ դարձել է թշնամական։ Փաստորեն, նա հանդես է գալիս որպես թշնամի պետություն։ Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը, հանդես են գալով որպես համատեղ մի տանդեմ, ձգտում են հնարավորինս ավելի ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա մեր այս թուլացած վիճակում, որ ավելի մեծ զիջումներ մեզանից ստանան։
- Բայդենի այդ հայտարարությունը կարո՞ղ է բացասական ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։
- Այո՛։ Թուրքերն, ինչպես միշտ, նման դեպքերում՝ մինչև որ ինչ-որ պետություն պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչել, հանդես են գալիս կոշտ հայտարարություններով, որ «դա կվնասի Թուրքիայի հարաբերությունները» տվյալ պետության հետ և այլն։ Նույնպիսի կեցվածքով թուրքերը նաև հանդես եկան Միացյալ Նահանգների դեպքում։ Բայց այստեղ մի իրողություն կա․ եթե Թուրքիան որոշի շատ թե քիչ լուրջ պատժամիջոցներ մտցնել ԱՄՆ-ի դեմ, դա առաջին հերթին իրեն շատ մեծ վնաս կհասցնի։ Որովհետև այդ երկրները լրիվորեն տարբեր քաշային կատեգորիաներում են։ Խոսք է գնում, որ Թուրքիան կարող է ամերիկացիներին զրկել հնարավորությունից՝ օգտվելու Ինջիրլիքի ռազմաօդային բազայիգ։ Բայց եթե դատենք միջազգային մամուլի տեղեկություններից, ամերիկացիներն արդեն դրան նախապատրաստվել են և այդ ռազմաբազան պատրաստվում են տեղափոխել Հունաստանի կղզիներից մեկը։ Այնպես որ, Թուրքիայի կողմից լուրջ հակազդեցության, պատժամիջոցի մասին խոսելը ծիծաղելի է։ Իսկ որ հարաբերությունները գտնվում են բավականին վատ վիճակում, ակնհայտ է։ Որովհետև Թուրքիան իրեն այնպես է պահում, որը դուր չի գալիս ամերիկյան իսթեբլիշմենթին, վերնախավին։ Սա կապված է «Ս-400»-երի հետ, տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի քաղաքականության անկանխատեսելի բնույթի հետ, որ չի խորհրդակցում Ամերիկայի հետ, Ռուսաստանի հարաբերությունների հետ և այլն։
- Արդյո՞ք այդ բառի օգտագործումը կարող է նաև ազդեցություն ունենալ այլ պետությունների վրա, որպեսզի նրանք էլ ճանաչեն։
- Կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումը կունանա կարևոր նշանակություն։ Աշխարհով մեկ ցեղասպանության ճանաչման մի նոր ալիք կսկսվի։ Որովհետև կան տվյալներ, որ մի շարք պետություններ ուղղակի սպասում են, որ ամերիկացիները ճանաչեն, որ իրենք էլ հետևեն Ամերիկայի օրինակին։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների հեղինակությունը շատ բարձր է ամբողջ աշխարհում։ Այնպես որ, այդ առումով շատ կարևոր կլինի։ Գիտե՞ք, նաև կաևոր է, որ դա նաև իրավագիտական խնդիր է։ Կալիֆորնիայում կան մի շարք դատական գործընթացներ, որոնք վերաբերում են ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից հատուցում ստանալու խնդիրներին, ոչ թե որպես պետություն, այլ անհատական մակարդակով։ Եվ դատական այդ գործընթացները սառեցված են, որովհետև Ամերիկան վերջնական չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Որ վերջնական ճանաչի, այդ գործընթացներն առաջ կգնան։ Այնպես որ, կան տարբեր բնագավառներ, տարբեր խնդիրներ, որոնց վրա Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դրական ազդեցություն կունենա։