Իրանի հոգեւոր առաջնորդին եւ իշխանություններին մոտ կանգնած «Քեյհան» օրաթերթը (գլխավոր խմբագրին անձամբ նշանակում է Այաթոլլա Ալի Խամենեին) սեպտեմբերի 28-ի առաջնորդողում անդրադարձել է Հայաստանի հարավային սահմաններին ծավալվող իրադարձություններին։ Հոդվածագիր Սաադօլլահ Զառեին՝ «Նուր» ռազմավարական կենտրոնի ղեկավարը, այն վերնագրել է․ «Ձեզ քարտ բլանշ չենք տվել»։
Հիշատակել է Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների՝ ՀՀ տարածքով անցնելու ադրբեջանական զինուժի արգելքին՝ որպես ՀՀ ինքնիշխանության ոտնահարում, որը նվազեցնելու է Իրանի դերը տարածաշրջանում: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը նա անվանում է թշնամական, մինչդեռ երկու երկրները համեմատելն անհնարին է։ «Դա փղի եւ մրջյունի համեմատություն է»,- գրում է վերլուծաբանն ու եզրակացնում, որ Ադրբեջանում ոմանք իրենց թույլ են տալիս հոխորտալ: Իրանի եւ Հայաստանի միջեւ 21 կիլոմետրանոց սահմանի վերացումը, որը, ըստ հոդվածագրի, տեղի կունենա Հայաստանի Սյունիքի մարզն Ադրբեջանին հանձնելով, բարդացնելու է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Կովկասում:
«Հետեւաբար, չպետք է թույլատրվի, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեկնաբանի այս անհամաչափ եւ դավադրական զարգացումները «երկու պետությունների միջեւ համաձայնություն» սահմանումով եւ հավակնի այս հարցում սեփական ինքնիշխանության դրսեւորմանը»,- ասվում է հոդվածում։
Ապա․ «Այս համատեքստում ՀՀ կառավարությունը եւ անձամբ Փաշինյանը, որը նախորդ կառավարության համեմատ համարվում է արեւմտամետ, միացել է ԱՄՆ-Թուրքիա նախագծին՝ հույս ունենալով, որ քաղաքական եւ տնտեսական օգուտներ կստանա, մինչդեռ սա դավաճանություն է երկրին: Փաշինյանի կառավարությունը, կառչելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթե Սյունիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ եւ սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի հետ՝ Սյունիքի փոխարեն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել սեփական իշխանությունը: Սա՝ այն դեպքում, երբ հայերի եւ թուրքերի միջեւ կան հարյուրամյա հարցեր, որոնք չեն կարող լուծվել մեկ քաղաքական համաձայնությամբ։ Եվ, մյուս կողմից՝ այս համատեքստում Հայաստանը տալիս է աշխարհաքաղաքական նշանակության 2 կետ՝ ստանալով իրագործման որեւէ երաշխիք չունեցող խոստում՝ ամրապնդելու այն աշխարհագրական դիրքը, որն արդեն ունի։ Այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարեւանությունն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դեպքում, եւ նաեւ թշնամուն է զիջում ռազմավարական նշանակության մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակություն:
Մինչդեռ այս աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցվել որեւէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանը սրա դիմաց ստանում է Հյուսիսային Ղարաբաղի (ԼՂՀ տարածքի 1/3 մասը) կայացման խոստումը, մինչդեռ, երբ Սյունիքն ամրագրվի որպես Ադրբեջանի Հանրապետության նահանգ, ապա Հյուսիսային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումն անխուսափելի է լինելու, եւ Հայաստանը հեշտությամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, ամբողջությամբ ու վերջնականապես շրջափակվելու է թշնամիներով: Փաստորեն, Փաշինյանն իրականացնում է պատմական դավաճանություն եւ մշտական ճգնաժամ Հայաստանի Հանրապետության դեմ»։ Գրում է վերլուծաբանը եւ Թուրքիայի դերի հետ կապված էլ նկատում․ «Թուրքական կառավարությունը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրականում իրականացնում է ավանդական առաքելությունը` եվրոպաամերիկյան այս դաշնագրի ազդեցությունը տարածել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի ազդեցության տիրույթների, այսինքն՝ Կենտրոնական Ասիայի վրա»:
ԱՄՆ-ի հետ կապված․ «Միացյալ Նահանգները, ընդլայնելով գաղտնի հարաբերություններն Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունների հետ եւ ժամանակավորապես լուծելով նրանց միջեւ թշնամական հարաբերությունները (Ադրբեջանին՝ ժամանակավոր զսպման եւ Հայաստանին՝ գայթակղման մեթոդով), ձգտում է թուլացնել իր երկու թշնամիների (Իրանի եւ Ռուսաստանի) դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ Կասպից ծովի արեւմտյան ափին: Այս համատեքստում ԱՄՆ-ն, ուղղակի եւ ակնհայտ ներկայության փոխարեն, օգտագործում է Իսրայելի մոտ 30 տարվա անվտանգային հարաբերությունների ներուժն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ»։
Իրանցին եզրակացնում է, որ, այնուամենայնիվ, Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները մեծ ռիսկերի են դիմում՝ կարող են առաջինը հենց իրենց ներքաշել գոյության ճգնաժամի մեջ․ Ալիեւի կառավարության դեմ՝ շիայական կենտրոնի հետ ամուր կապված 6 միլիոն շիա բնակչություն, իսկ Թուրքիայում՝ մոտ 23 միլիոն ալավի, որոնց հնարավորություններն Իրանը երբեք չի ցանկացել օգտագործել՝ Էրդողանին կամ Ալիեւին պատժելու համար: Ապա՝ զգուշացում․ «Իրանի հյուսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ամերիկա-իսրայելական դավադրության հոտ է գալիս, որոնցում Էրդողանը մի կերպ, իսկ Ալիեւը` մեկ այլ կերպ, խաղի են բռնվել: Բայց սա խաղ չէ Իրանի եւ Ռուսաստանի համար, որը կարող են անտեսել: Նրանք (Ալիեւը եւ Էրդողանը) պետք է իմանան, որ «եղբայրներին հարգելը»՝ Էրդողանին եւ Ալիեւին տրված, քարտ բլանշ չէ»։
Մենք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի հետ խոսել ենք այն մասին, թե Իրանը որքան հետեւողական կարող է լինել Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքների «Զանգեզուրի միջանցքը» թույլ չտալու հարցում։
- Պարոն Ասատրյան, ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով Սոչիում Էրդողան-Պուտին հանդիպմանը, պարծենում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կլինի, եւ «Էրդողանն Էրդողան չէր լինի», եթե ՌԴ նախագահին չներկայացներ «լրացուցիչ փաստարկներ, թե ինչ կստանա Անկարայի ու Բաքվի ծրագրերի նկատմամբ չեզոքության դիմաց։ Համաձայնագրեր, որոնք բերում են ռազմական եւ այլ բնույթի համագործակցության, օրինակ՝ Թուրքիայում 2 ատոմակայանների կառուցման եւ այլն։ Հետեւաբար, եթե սա ճիշտ է, ապա մնում է Իրանը։ Այս երկիրը որքա՞ն վճռական կլինի «Զանգեզուրի միջանցք» թույլ չտալու հարցում։
- Կարող եմ ասել, որ առայժմ սրանք հայտարարություներ են։ Դատելով ամեն ինչից՝ Իրանը խիստ վճռական է տրամադրված։ Դա կա, բայց թե որքանով այն կվերածվի վճռական գործողությունների, եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բաներ տեղի ունենան, չեմ կարող ասել։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Հայաստանն ինչքան վճռականություն կցուցաբերի այս հարցում։ Ի վերջո, Սյունիքը Հայաստանի տարածք է, եւ նախ մե՛նք պետք է շահագրգռված լինենք, որ այն մնա։ Եթե մեր կառավարությունը չունենա այդ վճռականությունը, չեմ կարծում, որ Իրանի վճռականությունը կարող է արդյունք տալ։
- Հիշում ենք, որ Իրանի ԳՇ պետ Բաղերին մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ եթե Բաքվի ու Թեհրանի միջեւ իրավիճակը մի քիչ էլ թեժանա, ապա Ադրբեջանին կհարվածեն 4 հազար հրթիռով եւ Բաքուն կոչնչացնեն: Սա ոմանց ոգեւորել էր, ոմանք էլ, օրինակ՝ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը, ծաղրել էին, թե հիշեք, որ իրանական առյուծն ադրբեջանական գլուխ ունի՝ ադրբեջանական ծագում։
- Ես բազմիցս այդ մասին գրել եմ՝ Իրանում ադրբեջանցի չկա, Իրանում կա թուրքախոս հատված, որն էությամբ ավելի իրանցի է, քան իրանցիներն իրենք։ Ու այդ թուրքերի քանակը ոչ թե 30 միլիոն է, այլ 5,5-6 միլիոն։ Հետեւաբար՝ ծիծաղելի է ասելը, թե սա ադրբեջանական ծագում ունի, նա` ունի։
- Բայց չէ՞ որ պատերազմի ժամանակ տեսանք իրանական ադրբեջանցիների ոգեւորությունը։
- Դրանք, ախր, որոշակի պրոպագանդիստական բաներ էին։ Նրանք, այո, այդ տարածքում ունեն «քնած տարրեր», որոնք Ադրբեջանից փող են ստանում։ Բայց դա որեւէ կապ չունի։ Դուք նայեք, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին ինչեր է ասել Ատրպատականի նահանգապետը, որը նախկինում միշտ հակահայկական ելույթներ էր ունենում։
- Մի քանի օր առաջ Թեհրանում Ադրբեջանի ու Իրանի փոխարտգործնախարարները հանդիպեցին։ Հիմա այս հոդվածից ստացվո՞ւմ է, որ համաձայնության չեն եկել։
- Իրանը չի կարող չեզոքացվել, քանի որ ստրատեգիական շահերն ուղղակի կապված են դրա հետ։ Նա հասկանում է, որ այդ տարածքները՝ Արաքսի երկայնքով, որ հանձնվելու են Ադրբեջանին, դրանք նախկինում Իրանի համար անվտանգային տարածքներ էին՝ սահմանին ստրատեգիական խորություն ունեին։ Հիմա այն չկա, այնտեղ այլեւս թշնամին է։ Բայց Մեղրու հարցում առաջին շահառուն Հայաստանն է, ինքը պետք է անի։
- Բայց եթե Իրանը տեսնում է, որ Հայաստանը թույլ է կամ ինքն էլ է կողմ այդ, իրենց ձեւակերպմամբ՝ թուրք-ամերիկյան ծրագրին, Իրանը կգնա՞ պատերազմի, առճակատման։
- Ոչ։ Եթե ՀՀ-ն դրան չընդդիմանա, ոչ մի ուժ դրան չի կարող խանգարել, ինչքան էլ հայտարարեն։ Ի վերջո, ինքնիշխան պետություն է, իր հողն ուզում է տալ ուրիշին։ Ու սահմանին այդ զորքն էլ, որ հարցնում եք` կա, բայց դա ավելի շատ ուժի ցուցադրում է, ինչքան ուզում է՝ զորք հավաքի։ Հայաստանից է կախված։ Նույնիսկ ՌԴ դիրքորոշումը` Մեղրու հանդեպ, կախված է մեզնից։ Հավատացեք, որ եթե Հայաստանի կողմից որեւէ լուրջ կամք դրսեւորվի, Մեղրին չի կարող փոխանցվել։
- Ադրբեջանցիները պարծենում էին, թե Էրդողանին հաջողվել է համոզել Պուտինին։
- Ես էլ կարդացել եմ հակառակը, որ չի կարողացել։ Բայցեւ հնարավոր է, որ ռուսները խոստացել են, որ էս կողմից, ի հաշիվ ՀՀ շահերի, Սիրիան թուրքերից ազատեն։ Բայց չգիտեմ, թե որքանով է ճիշտ։
- Իսկ Դուք համամի՞տ եք, որ սա թուրք-ամերիկյան ծրագիր է։
- Իհարկե, սա մեծ պլան է, որն անմիջապես ուղղված է ՌԴ-ի դեմ՝ որպես տարածաշրջանային գլոբալ պրոցես։ Միանգամից թուրքական զանգվածին միանալու առումով։ Գիտեք՝ Թուրքիան ինչ ծավալապաշտական նկրտումներ ունի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների նկատմամբ եւ այնտեղ ինչ աշխատանքներ է տանում։ Որեւէ միջանցք եթե տրվի Սյունիքում թուրքերին, դա նշանակում է, որ մենք մեր ձեռքով Թուրանը ստեղծեցինք։ Այն Թուրանը, որը պայմանականորեն, վիրտուալ գոյություն ունի, դրա վիրտուալությունը դարձնում ենք իրականություն։
- Կա՞ որեւէ երկիր, որ կփորձի խանգարել։
- Ոչ մի պետություն չի կարող խանգարել եւ չի խանգարելու, մե՛նք պիտի անենք։
- Ռուսաստա՞ն։
- Ռուսաստանում բազմաթիվ ուժեր կան։ Տարբեր։ Զինվորականները, Գենշտաբը դեմ են դրան միանշանակ։ Բայց արտգործնախարարությունը եւ որոշակի՝ օլիգարխիատին մոտ կանգնած ուժեր կողմ են։
- Ալիեւի բանկիր Գոդ Նիսանով եւ ուրիշնե՞ր։
- Նա պեշկա է, նրանից շատ ավելի հզոր ուժեր կան, որոնք տանում են այդ նախագծի լոբբինգը։