Հասարակություն

Աշխարհն՝ աշխարհով, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ գիտնականների դարդով

Աշխարհն՝ աշխարհով, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ գիտնականների դարդով

Ողջ աշխարհը խառնվել է իրար՝ հայությունը մի կողմից հետեւում է ռուս-ուկրաինական պատերազմին, մյուս կողմից՝ տագնապած է, թե մեր հարեւան ագրեսորներն ինչպես են իրենց պահելու, արանքում էլ քննարկում ենք, թե պատերազմի օջախից մազապուրծ մարդկանց, Ռուսաստանից ժամանողներին ինչպես ենք տեղավորելու, նրանց ներկայությունն ինչպես է ազդելու մեզ վրա, մեր երկրի տնտեսության վրա, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ ընթացքում զբաղված է հայ մտավորականներին դասեր տալով։ Թե ինչու էր նա օրեր առաջ վրդովվել մտավորականների՝ Արցախի վերաբերյալ ուղերձից եւ, ինչու էր, այսպես ասած, անարգանքի սյունին գամել նրանց, ոչ մեկի համար պարզ չեղավ։ 

Ինչ մեղքեր էլ որ հայ մտավորականներին վերագրենք, որքան էլ դատապարտենք նրանց՝ կրավորականության, ազգի հոգս ու ցավին անհաղորդ լինելու համար, այնպես չէ, որ մեր պետության այսօրվա վիճակի եւ մեր ողբերգությունների գլխավոր մեղավորը նրանք են։ Գուցե եթե ցուցակ կազմվի, նրանք էլ լինեն մեղավորների հարյուրակում, բայց պարզ է, որ նույն հաջողությամբ կարելի է նման մեղադրանքներ հասցեագրել ցանկացած խավի ու մասնագիտական խմբի։ Իսկ մեղավորների ցուցակում վստահաբար առաջին տասնյակում են իշխանություն կրողները․ նախկին ու ներկա նախագահներ, նախկին ու ներկա վարչապետներ ու նախարարներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ ու անդամներ, հասարակական գործիչներ ու գրանտակերներ եւ այլն։ 

Իսկ այն, որ մեր մտավորականները որոշել են քայլ անել, խոսք ասել՝ ի պաշտպանություն Արցախի, ողջունելուց բացի այլ վերաբերմունքի թերեւս արժանի չէ։ 

Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը հավանաբար հնուց կուտակված նեգատիվ վերաբերմունք ունի գիտնականների հանդեպ եւ դա էր պատճառը, որ իր երկարատեւ լռությունը խախտելով՝ մտավորականներին հորդորում էր ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերը, որտեղ հիշատակվում է նրանց «պոռոտախոսության, պարծենկոտության, եղեռնական տգիտության ու մեղավորության մասին»։ Ապա ամփոփել էր իր խոսքը՝ համոզմունք հայտնելով, որ եթե ուղերձը ստորագրած մտավորականները, «հետեւելով Լեոյի իմաստնությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։ 

Իսկ ի՞նչ մեղք էին գործել 80 մտավորականները, որոնք հանդես էին եկել կոչով՝ սատարել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին․ «Մեր բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ հայտարարում ենք, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են: Սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական եւ քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու եւ հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար»։ 

Թե ինչ եղավ հետո, հավանաբար նաեւ «Հրապարակի» մեղքը կա․ Տեր-Պետրոսյանի նախատինքներից հետո, մենք փորձել էինք պարզել, թե ինչ են մտածում Արցախի ուղերձը ստորագրած գիտնականները ՀՀ առաջին նախագահի՝ իրենց ուղղված տեքստի մասին։ 
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասել էր․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մտավորական է, ընդ որում՝ մտավորական, ով պետական լծակներ ուներ իր ձեռքին․․․ թող ասեր իր մտավորականի խոսքը եւ պետական լծակներն օգտագործեր իր պատկերացրած տարբերակով Արցախի խնդիրը լուծելու համար։ Իր պաշտոնավարության շրջանում արդյո՞ք հայ մտավորականության ձայնը լսելի էր, ես կարծում եմ՝ ոչ»։ Եւ հավելել էր, որ․ «Այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, եւ որեւէ մեկը եթե պարտվողական կամ զիջողական դիրքերից հանդես գար, անմիջապես նրա այդ մոտեցումը կարող է այլ կերպ ընկալվեր։ Եթե ինքը, լինելով պետական այր, մտածում էր առաջին հերթին Հայաստանի Հանրապետության մասին, թող օգտագործեր այդ լծակները եւ խնդիրը հասցներ տրամաբանական լուծման եւ ոչ թե թողներ հաջորդ սերունդներին ու այսօր էլ խոսեր, որ մտավորականությունը մեղքի մեծ բաժին ունի»։ 

Իսկ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր․ «Ես մի բան կարող եմ ասել․ մեր մտավորականության հասցեին ոչ ոք իրավունք չունի որեւէ թթու խոսք ասելու։ Մեր մտավորականությունն ամենադժվարին պայմաններում կարողացել է պահպանել ու շարունակել այն ամենը, ինչը մեր ժողովուրդն ունեցել է դարերի ընթացքում։ Բոլոր նրանք, ովքեր հիմա եկել ու քննադատներ են դարձել, նոր պատմություններ են հնարում, նրանցից ամեն մեկը պետք է հիշի, թե ինչ է ասում եւ ում համար»։  

Թվում է՝ մեկն ասել է, մյուսները արձագանքել են եւ թեման կարելի է փակված համարել, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց հաջորդ օրն էլ արձագանքել ակադեմիկոսների կոռեկտ կարծիքներին․

«Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իմ հոդվածին այսօր արձագանքել են ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը և Ռադիկ Մարտիրոսյանը (Հրապարակ, 04.03.2022): Ես ամենևին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման և դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ: 

Միայն ուզում եմ մի բան ավելացնել. գիտակցվո՞ւմ է արդյոք, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին:

Ցավով պետք է նշեմ, որ անկախությունից ի վեր՝ Ռաֆայել Իշխանյանից, Վանո Սիրադեղյանից, Ժիրայր Լիպարիտյանից, Սևակ Արամազդից և Տիգրան Պասկևիչյանից բացի, հանրային ճանաչում ունեցող որևէ այլ մտավորական չեղավ, որ քաջություն ունենար ճշմարտությունն ասել ժողովրդին>:
Սակայն սրանով էլ չավարտվեց «բանավեճը>՝ ՀԱԿ-ին հարող լրատվամիջոցներով սկսեցին ծաղրել ու դատափետել Ռադիկ Մարտիրոսյանին ու Աշոտ Մելքոնյանին՝ ծաղրանկարներ հրապարակել, հիշեցնել նախկինում իրենց արած ինչ որ արտահայտություններ, որակումներ տալ, ձեռ առնել։ Տարօրինակ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման մտավորականը, որին բոլորը որպես լայնախոհ անձնավորություն գիտեն, այլ կարծիք չի հանդուրժում եւ նման արշավը՝ իր հետ անհամաձայնություն հայտնած գիտնականների հասցեին խրախուսում է։ 

Սեւրի պայմանագրին նվիրված գիտաժողովը համարել պատերազմի հրահրման պատրվակ, այն նույն օպերայից է, երբ ոմանք Նիկոլ Փաշինյանին համարում են Տեր-Պետրոսյանի հոգեզավակը եւ մեղադրում են իրեն՝ նրան քաղաքականություն մտցնելու եւ պատգամավոր դարձնելու համար։ Եւ եթե անգամ Տեր-Պետրոսյանն է կորցնում իր օբյեկտիվությունն ու թացը չորի հետ խառնում, ի՞նչ կարող ենք պահանջել իր կողմնորոշումը կորցրած եւ մեղավորին ու անմեղին իրարից չզատող հասարակ մարդկանցից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image