Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը գերմանական Handelsblatt թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ռուսական գազից ամբողջապես հրաժարվելը համարյա անիրականանալի խնդիր է։ 2022 թվականին Եվրամիությունը կրճատել է ռուսական գազի ներկրումը 150 միլիարդ խորանարդ մետրից հասցնելով 80 միլիարդի։ Այս տարի այդ ցուցանիշը, ներառյալ նաեւ հեղուկացված գազի ներկրումը, կազմել է 40 միլիարդ խոր/մետր։
Եվրահանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչը նաեւ ասել է, որ եթե ԵՄ անդամ պետությունները շարունակեն միջոցներ ներդնել՝ ստեղծելու համար համապատասխան ենթակառուցվածքներ եւ նաեւ խորացնեն գործընկերային հարաբերությունները, ապա առաջիկա ամիսներին հնարավոր կլինի ռուսական գազի ներկրման ծավալները նվազեցնել։ Նկատենք, որ Արեւմուտքում շատերն են սկսել հակվել Ավստրիայի կանցլեր Կարլ Նեխամերի տեսակետին, թե՝ «բարոյական տեսակետից ռուսական գազի ձեռքբերումը անբարոյականություն է», սակայն դրանից խուսափելն անհնարին է։