Գրել ենք, որ Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, նախ, նեղ կազմով:
Երկու ղեկավարների կարճ ելույթներից հետո զրույցը շարունակվում է փակ դռների հետևում։
Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը հայտարարել է, թե Ադրբեջան կատարած պետական այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կպատմի Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։
«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին»,- խոստացել է Պուտինը։
«Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար»,- ասել է ՌԴ նախագահը։
«Եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել, որպեսզի խաղաղության համաձայնագիր ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, գործը հասցվի սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը, ինչպես մենք բազմիցս խոսել ենք ձեզ հետ, ապաշրջափակվեն լոգիստիկիայի և տնտեսության համապատասխան ուղղությունները, շատ ուրախ կլինեինք դրա համար», - ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինի խոսքով, Մոսկվան պատրաստ է մասնակցել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն այնքանով, որքանով կպահանջեն երկու կողմերը։
«Մենք երեկ անդրադարձել ենք այս թեմային, կշարունակենք նաև այսօր։ Դա վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը։ Հասկանալի է, և բոլորը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, այդ թվում և առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, սակայն Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի տարիների իրավիճակում թելադրում է, որ մենք պետք է մասնակցենք այդ իրադարձություններին, իհարկե, այն մասով, որքանով պահանջում են կողմերը»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: