Քաղաքականություն

Զանգեզուրի միջանցքի ապագան

Զանգեզուրի միջանցքի ապագան

Այս օրերին մեր տարածաշրջանի երկրների միջեւ Զանգեզուրի միջանցքի շուրջ թեժ բանավեճ է գնում։ Իրանական զանազան լրատվամիջոցներ ու հեռուստաընկերություններ ակտիվ քննարկում են Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվող համապարփակ ստրատեգիական գործընկերության եւ բարեկամության պայմանագրի դրույթները: Քննարկումների կիզակետը Զանգեզուրի կարգավիճակի հարցն է։ Իրանի պետական բարձրագույն ղեկավարության պաշտոնաթերթի բնորոշմամբ՝ ռուսները սեփական առաջարկություններով հերթական անգամ ցույց են տալիս իրենց երբեմնի նենգ վարքագիծն Իրանի նկատմամբ: Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո երբեւէ այսքան կոշտ արտահայտություն չէր հնչել ռուսների հասցեին: Այստեղից պետք է հասկանալ, որ Զանգեզուրի միջանցքի հարցը շատ ավելի ծանրակշիռ հարց է, քան այն, որ դավադիր կողմերը կարծում էին։ Զարմանալին այն է, որ այս հարցում իրանական կողմի դիրքորոշումներն ու պաշտոնական հայտարարություններն ավելի խիստ են, քան մեր, այսպես ասած, իշխանություններինը։ Այդ կապակցությամբ վարչապետի վերջերս արած հայտարարությունն այնպիսին էր, որ քարտեզից անտեղյակ մարդը կկարծի, թե Զանգեզուրը  Հայաստանից հեռու՝ Հնդկական օվկիանոսում գտնվող մի աննշան կղզի է ընդամենը։ Կասկածից վեր է, որ նա չի ըմբռնում հարցի լրջությունը։ Սա անհիմն մեղադրանք չէ։

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո պարոն վարչապետը հայտնեց, որ այդ միջանցքի բացումը կնպաստի երկու երկրների զարգացմանը։ Այսքանից հետո էլ ի՞նչ ասել սրա ու իր թիմի քաղաքական ըմբռնումների մասին։

Այդ միջանցքը մի ամբողջ հայոց պատմություն կարժենա․․․

Անգամ եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ պատրաստ լինի հատուցման, Ադրբեջանն էլ ճանաչի Արցախի անկախությունն ու միացումը Հայաստանին, դարձյալ մենք չպիտի համաձայնենք, որ այդ միջանցքը բացվի թուրք-ադրբեջանական երթեւեկության համար։

Ներկա պահին այդ միջանցքի կարեւորությունն ըմբռնում են միայն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայով մտահոգ մարդիկ, ինչպես նաեւ՝ Իրանի պետական այրերը։ Մեր թշնամիներն ուշի-ուշով հետեւում են մեր դիրքորոշումներին եւ վճռականության դրսեւորումներին։ Նույնը՝ նաեւ մեր բարեկամները։ Հայաստանում Իրանի լիազոր դեսպանը խստորեն դատապարտել է ռուսական պետական մոտեցումներն արտահայտող խոսնակների ոչ հստակ ու մանվածապատ դիրքորոշումներն այս հարցի կապակցությամբ։  

Տարածաշրջանի քաղաքական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ ռուս-իրանական հարաբերությունների ծիրում: Դրանցից մեկում` Իրան-Ինտերնացիոնալ հեռուստակայանի կազմակերպած քննարկման ժամանակ, հրավիրված քաղաքական մասնագետներից ոմն Սաֆարով (որը խոսում է նաեւ պարսկերեն), պաշտպանելով ռուսական կողմի քաղաքականությունը, ամեն ջանք թափում էր, որպեսզի խույս տար այդ կապակցությամբ հստակ բան ասելուց: Իսկ իրանական աշխարհաքաղաքական շահերի դիտանկյունից արտահայտվող մասնագետները (իշխանական կամ ընդդիմադիր) միակարծիք էին, որ Ռուսաստանը հերթական անգամ դավաճանում է իր ստրատեգիական բարեկամ երկրին` Իրանին: Նրանցից մեկի կարծիքով՝ այդպիսով Ռուսաստանը պատժում է նաեւ Հայաստանին` դեպի Արեւմուտք թեքվելու համար: Իրանական կողմն աներկբայորեն շեշտում էր, որ Զանգեզուրի միջանցքի հարցը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ Հայաստանի գերիշխանության ու վերահսկողության ներքո, առանց որեւէ այլ ուժի կամ ուժերի միջամտության: Իրանի իշխանությունների համար դա իրենց կարմիր գիծն է: Ռուս մասնագետը փորձում էր հերքել միջանցքից Ադրբեջանին տարածք հատկացնելու վարկածը, սակայն չէր կարողանում համոզիչ բան ասել այդ միջանցքի գործարկումով պայմանավորված թուրք-ադրբեջանական կողմի հետապնդած աշխարհաքաղաքական նպատակների մասին: Նա միայն առանց հիմնավորելու պնդում էր, որ դրա բացումն ու գործարկումն օգտակար կարող են լինել «տարածաշրջանի» երկրների համար: 

Շուրջ մեկ ժամ տեւած այդ քննարկման ժամանակ ռուսական քաղաքականության ջերմ պաշտպան Սաֆարովն ամեն ջանք թափեց, որպեսզի կարողանար փարատել այն կասկածը, որ ռուսները հերթական անգամ դավաճանում են իրենց ստրատեգիական գործընկեր համարվող Իրանին` փակելով նրա՝ արտաքին աշխարհի հետ կապվող կենսական նշանակության ուղիներից մեկը եւ վտանգելով երկրի աշխարհաքաղաքական հայեցակարգը: Հրավիրված 3 մասնագետներից որեւէ մեկն ակնարկ իսկ չարեց Հայաստանի իշխանությունների մասնակցության կամ նույնիսկ հնչած դիրքորոշումների մասին: Մենք արդեն սովոր ենք այս կարգի արհամարհական վերաբերմունքի` միջազգային հարթակներում: Նրանցից մեկի կարծիքով՝ «միջին մակարդակի լրագրողից» ի՞նչ սպասել: 

Այսպիսով, Ստալինի գահը ժառանգած Պուտինն առայժմ զբաղված է երկու երկրների լրագրող ղեկավարներին «դաս տալով...». մեկին` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկության, իսկ մյուսին` դեպի Արեւմուտք թեքվելու համար: Ցավն այն է, որ այդ պատժիչ գործողությունների կործանարար բեռը կրում կամ կրելու են տվյալ երկրների ժողովուրդները: 
Սակայն, ինչքան էլ բարձր գնահատենք այս կամ այն գերմեծ ուժի թելադրանքները միջազգային հարցերում, այնուամենայնիվ, որոշիչ քայլը վերապահվում է տվյալ երկրի ժողովրդին: Սա պատմության բովով անցած ճշմարտություն է: Այս օրերին Իսրայելի նման հզոր պետությունը՝ աշխարհի գերհզոր պետության անվարան հովանավորությունն ունենալով հանդերձ, չի կարողանում ծնկի բերել պաղեստինյան խմբավորումներից նույնիսկ մեկին: Այս առումով շատ բան է կախված մեզնից ու մեր ժողովրդի կամքից (ցավոք սրտի, ոչ մեր ներկա իշխանավորներից): Մենք դա ապացուցել ենք մեր պատմությամբ:

Անդրադառնալով մեր ստրատեգիական իսկական բարեկամ երկրին` Իրանին, պետք  է ասել, որ Զանգեզուրի կարգավիճակի հարցն իրար կապող այն ամուր օղակն է, որի վրա են հյուսված մեր երկու երկրների աշխարհաքաղաքական հեռահար հայեցակարգերը: Այստեղ, ինչպես ասում են, Իրանի դեմ խաղ լինել չի կարող: Հակառակ դեպքում, դավադիրները պետք է սպասեն անցանկալի անակնկալների: Եթե Էրդողանը կարողանում է ոտնակոխ անել միջազգայնորեն հաստատված  աշխարհակարգն ու Կիպրոսի հյուսիսային հատվածը գրավված պահել, կամ Պուտինը, նույնանման արարքով, Ուկրաինայի քաղաքներն ու շրջաններն օկուպացնել, ապա նույն հաջողությամբ Իրանն էլ կարող է պատմականորեն իրեն պատկանող եւ իր իսկ երկրի նահանգներից մեկի անունը կրող երկրի գեթ մի ինքնավար մարզի հարցը լուծել ու այդպիսով Զանգեզուրի փակ միջանցքի երկայնքը հարյուրավոր կիլոմետրերով ավելի երկարացնել։

Ապագան հղի է անակնկալներով։

Վահան Դարբինյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image