Մարտունու ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը 2 տարի է կա՛մ չի կայանում, կա՛մ էլ՝ մասնակիցները չեն հաղթահարում մրցույթը: Այդ ժամակահատվածում մարզպետը ԲԿ տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Հարությունյանին ազատել է աշխատանքից, մրցույթը չկայանալուց հետո կրկին աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ` մինչև հաջորդ մրցույթը: Դեկտեմբերի 2-ին եւս Մարտունու ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայացել: Մրցույթի մասնակիցները երկուսն են եղել, երկուսինն էլ թույլ չեն տվել մասնակցել մրցույթին: Պարզվում է, որ ԲԿ-ի տնօրենի ժ/պ Անդրանիկ Հարությունյանը չի ունեցել 4 տարվա մասնագիտական ստաժ, կամ 3 տարվա հանրային ծառայողի ստաժ, որի պատճառով հանձնաժողովը չի թույլատրել Հարությունյանին մասնակցել մրցույթին:
Անդրանիկ Հարությունյանին հարցրեցինք, ինչո՞ւ չի մասնակցել մրցույթին . «Ստաժի հետ կապված խնդիր էր, որը որ ես ներկայացրել եմ, արդեն հաջորդ օրը: Ես ունեմ 15 տարվա մասնագիտական ստաժ, բայց ընտրություններին ներկայացված չէր»: Ինչո՞ւ չէիք ներկայացրել այդ փաստաթուղթը, չէ՞ որ մրցույթի հայտարարության մեջ նշվում են բոլոր պայմանները, թե ովքեր կարող են մասնակցել մրցույթին և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն: «2023թվականին օրենքի փոփոխություն է եղել հիմա տնօրենի թափուր պաշտոնի համար պահանջվում է 4 տարվա մասնագիտական ստաժ»: 2023թվականին օրենքում փոփոխություն է եղել, իսկ մինչ օրս 3-րդ մրցույթն է անցկացվել. «Դե չի պահանջվել, չեմ ներկայացրել, հիմա պահանջվել ա` ներկայացրել եմ»:
Մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ով հանձնաժողովի նախագահն է եղել, մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացվել են այն կետերը, թե ովքեր կարող են մասնակցել. «Հարությունյանը եղել է ԲԿ-ի տնօրեն, մինչեւ օրենքի փոփոխությունը դա համարվել է ստաժ, օրենքի փոփոխությունից հետո, նոր օրենքով՝ ԲԿ-ի տնօրեն աշխատած տարիները որպես ստաժ չի հաշվում: Հանձնաժողովը որոշում է կայացրել չթույլատրել Հարությունյանին մրցույթին մասնակցել: Դրանից հետո բերել է տեղեկանք մասնագիտական աշխատանքի վերաբերյալ, հարցը կարգավորվել է»:
Անդրանիկ Հարությունյանին դեկտեմբերի 2-ին թույլ չեն տվել մասնակցել մրցույթին, իսկ հաջորդ օրը կրկին նշանակել են Մարտունու ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ հաջորդ մրցույթի կայանալը: Հաջորդ մրցույթը նշանակվել է 2025թվականի մարտի 3-ին: