Հասարակություն

Մրցույթը չի կայանում, հիվանդանոցը 2 տարի է տնօրեն չունի

Մրցույթը չի կայանում, հիվանդանոցը 2 տարի է տնօրեն չունի

Մարտունու ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը 2 տարի է կա՛մ չի կայանում, կա՛մ էլ՝ մասնակիցները չեն հաղթահարում մրցույթը: Այդ ժամակահատվածում մարզպետը ԲԿ տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Հարությունյանին ազատել է աշխատանքից, մրցույթը չկայանալուց հետո կրկին աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ` մինչև հաջորդ մրցույթը: Դեկտեմբերի 2-ին եւս Մարտունու ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայացել: Մրցույթի մասնակիցները երկուսն են եղել, երկուսինն էլ  թույլ չեն տվել մասնակցել մրցույթին:  Պարզվում է, որ ԲԿ-ի տնօրենի ժ/պ Անդրանիկ Հարությունյանը չի ունեցել 4 տարվա մասնագիտական ստաժ, կամ 3 տարվա հանրային ծառայողի ստաժ, որի պատճառով հանձնաժողովը չի թույլատրել Հարությունյանին մասնակցել մրցույթին: 

Անդրանիկ Հարությունյանին հարցրեցինք, ինչո՞ւ չի մասնակցել մրցույթին .   «Ստաժի հետ կապված խնդիր էր, որը որ ես ներկայացրել եմ, արդեն հաջորդ օրը: Ես ունեմ 15 տարվա մասնագիտական ստաժ, բայց ընտրություններին ներկայացված չէր»: Ինչո՞ւ չէիք ներկայացրել այդ փաստաթուղթը, չէ՞ որ մրցույթի հայտարարության մեջ նշվում են բոլոր պայմանները, թե ովքեր կարող են մասնակցել մրցույթին և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն: «2023թվականին օրենքի փոփոխություն է եղել   հիմա տնօրենի թափուր պաշտոնի համար պահանջվում է 4 տարվա մասնագիտական ստաժ»: 2023թվականին  օրենքում փոփոխություն է եղել, իսկ մինչ օրս 3-րդ մրցույթն է  անցկացվել.  «Դե չի պահանջվել, չեմ ներկայացրել, հիմա պահանջվել ա` ներկայացրել եմ»: 

Մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ով հանձնաժողովի նախագահն է եղել, մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացվել են այն կետերը, թե ովքեր կարող են մասնակցել.   «Հարությունյանը եղել է ԲԿ-ի տնօրեն, մինչեւ օրենքի փոփոխությունը դա համարվել է ստաժ, օրենքի փոփոխությունից հետո, նոր օրենքով՝ ԲԿ-ի տնօրեն աշխատած տարիները որպես ստաժ չի հաշվում:  Հանձնաժողովը որոշում է կայացրել չթույլատրել Հարությունյանին մրցույթին մասնակցել: Դրանից հետո բերել է տեղեկանք մասնագիտական աշխատանքի վերաբերյալ, հարցը կարգավորվել է»:
Անդրանիկ Հարությունյանին  դեկտեմբերի 2-ին թույլ չեն տվել  մասնակցել մրցույթին, իսկ   հաջորդ օրը կրկին նշանակել են  Մարտունու ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ հաջորդ մրցույթի կայանալը: Հաջորդ մրցույթը նշանակվել է  2025թվականի մարտի 3-ին:             

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image