Հասարակություն

Հեռակա վարույթ. Մարդու իրավունքների ոտնահարո՞ւմ, թե՞ պարտադրված քայլ

Հեռակա վարույթ. Մարդու իրավունքների ոտնահարո՞ւմ, թե՞ պարտադրված քայլ

2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգիրքը քրեական դատավարության նոր տեսակ է սահմանում։ Խոսքն օրենսգրքի 476-րդ հոդվածի մասին է, որը հնարավորություն է տալիս մեղադրյալի բացակայության պայմաններում առանց նրա՝ հեռակա վարույթ քննել գործը։ Այլ կերպ ասած, եթե մեղադրյալը «թռած» է, ապա առանց նրա էլ կարող են դատել նրան եւ պատիժ նշանակել, հայտնաբերման դեպքում էլ միանգամից տանել բանտ,  դատաքննությանը նա կարող է մասնակցել պաշտպանի միջոցով, եթե պաշտպան չունի՝ հանրային պաշտպանի։ Սա նշանակում է, որ իրավունքի հիմնաքարային սկզբունքներից մեկն այլեւս չի գործում, այն է` մարդն իրավունք ունի պաշտպանվել, միջնորդություններ անել, վերջին խոսք ասել եւ առհասարակ` անձամբ մասնակցել իր դատավարությանը: Զրուցել ենք քրեական իրավունքի մասնագետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ: Հարցրինք՝ դատավարության այս տեսակը որքանով է ընդունելի անձի արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից՝ չէ՞ որ մարդը զրկվում է դատարանում դիրքորոշում հայտնելու իրավունքից եւ այլն։

«Հեռակա վարույթի արդարացիության մասին դատողություններ անելիս պետք է մի հարցի պատասխանենք, թե ՀՀ նոր դատավարական օրենսգրքի համապատասխան ինստիտուտի կարգավորումները եւ պրակտիկան արդյոք համապատասխանո՞ւմ են Եվրոպական դատարանի կողմից նախանշված ստանդարտներին։ Եթե ասում ենք, որ, այո, համապատասխանում են, եւ դա մասնագիտական հանրության մեծամասնության կարծիքն է, ապա ես այդտեղ հետընթաց չեմ տեսնում, ընդհակառակը՝ տեսնում եմ առաջընթաց։ Սակայն իրավակիրառ պրակտիկան որոշակի շտկումներ է մտցրել նեգատիվ ասպեկտով, որը, կարծում եմ, խոչընդոտում է մարդկանց իրավունքների իրացմանը։ Ես մի օրինակ բերեմ իմ գործերից մեկի մասով, ինձ թույլ եմ տալիս, որովհետեւ անցել եմ դատական բոլոր ատյաններով։ Քաղաքացին, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, գտնվում է արտերկրում, ընդ որում, հետախուզումը հայտարարվել է երկրից դուրս գալուց հետո, երկրում գտնվելու պահին հետախուզման մասին չի իմացել, ամեն ինչ եղել է պոստ ֆակտում։ Այդ քաղաքացին դիմում է գրել մինչդատական վարույթի մարմիններին եւ խնդրել, որ իր նկատմամբ հեռակա վարույթ սկսվի։ Դիմումները մերժել են` այն դեպքում, երբ բոլոր հիմքերն առկա են։ Այսինքն՝ քաղաքացին ցանկություն է հայտնում, հրաժարվում է դատական պաշտպանությունն անմիջականորեն իրացնելու իր իրավունքից, հրաժարվում է դատական նիստերին ներկայանալու իրավունքից, ասում է, որ տեղեկացված է քրեական հետապնդում հարուցելու որոշման բովանդակությանը եւ պատրաստ է հեռակա կարգով պաշտպանվելու` իր պաշտպանների միջոցով, հիմա այդ կարգի վարույթներին ինչո՞ւ ընթացք չեն տալիս, չէ՞ որ ակնհայտ է, որ իրավունքից հրաժարում կա, որն արձանագրվում է նրա դիմումով։ Այդ հետապնդումն արդեն տարիներ է տեւում, եւ այդ մարդու ելքն ու մուտքը Հայաստան սահմանափակված լինելու պատճառով չի կարողանում մարդը հայրենիք վերադառնալ։ Որքանով էլ տարօրինակ թվա, հեռակա վարույթը կարող է մեղադրյալի շահերից բխել բոլոր այն դեպքերում, երբ ինքը համոզված է, որ անմեղ է, եւ քրեական վարույթում եղած ապացույցները չեն կարող հանգեցնել մեղադրական վերդիկտի։ Այ, այդպիսի դեպքերում է, որ նման մարդկանց իրավունքները խախտվում են։ Իսկ ինչ վերաբերում է ինստիտուտին ընդհանրապես, ապա ասեմ, որ տարածում ունեցող ինստիտուտ է, մեր օրենսդրության մեջ նորություն է, բայց աշխարհում նորություն չէ, եւ եթե մենք կարողանանք այդ մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ պատշաճ ջանքեր գործադրել, մեղադրանքի վերաբերյալ նրանց պատշաճ տեղեկացնել, նրանց վարքագիծը ճիշտ գնահատել, թե արդյոք նա խուսափո՞ւմ է քննությունից, թե՞ ոչ, ապա ինչո՞ւ չպետք է հեռակա վարույթ անցկացվի։ Ասեմ ավելին՝ մի քանի մեղադրյալների գործերով, եթե ինչ-որ մեկը խուսափում է քննությունից, ապա էլի գործը մտնում է փակուղի․ էլի անընդհատ որոնողական աշխատանքներ, էլի բերման ենթարկելու որոշումներ, խափանման միջոցն են փոխում եւ այլն, ժամանակ է ձգվում, ողջամիտ ժամկետում մարդկանց գործերի քննության իրավունքն է սկսում խախտվել։ Այսինքն՝ հեռակա վարույթի ինստիտուտը պետք է ճիշտ օգտագործվի՝ ՄԻԵԴ-ի նախանշած ստանդարտներին համապատասխան, եւ վերջապես՝ պրակտիկան ու օրենսդրությունը պետք է իրար համապատասխանեցվեն։ Վերջին շրջանում նկատել եմ, որ քրեական հետապնդման մարմինները մի մեծ ցանկություն էլ չունեն՝ հեռակա վարույթով որոշումներ կայացնելու, որովհետեւ մտածում են, որ բավարար ապացուցողական շեմ չկա, եւ ցանկություն չեն ունենում գործերը դատարան ուղարկել, բայց այդ դեպքում, կներեք, ինչքա՞ն պիտի այդպես պահեք»,- ասաց Քոչարյանը։

Փաստաբանին հարցրինք․ իմաստը ո՞րն է հեռակա վարույթ անելու, եթե հեռակա վարույթով սահմանված պատիժը անձը կարող է կրել միայն հայտնաբերվելու դեպքում, այդ դեպքում ի՞նչն է խանգարում դատաքննությունն էլ անել հայտնաբերելուց հետո միայն։ «Այո, բայց երբ անձի նկատմամբ պատիժ է նշանակվում, անձը սկսում է որոնվել։ Այսինքն՝ անձը, որպես ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտյալ, այլեւս իրավական փոխօգնության պայմանագրերի կառուցակարգերով ենթակա է Հայաստան հետվերադարձման։ Այսինքն՝ խոսքը չի գնում նրան գործի քննությանը ներկայացնելուն, այլ վերաբերում է նրա նկատմամբ նշանակված պատիժն ի կատար ածելուն։ Այսինքն՝ այդ դեպքում էլ է անձը սկսում որոնվել եւ եթե անձը չունի ֆինանսական լուրջ կարողություններ, արտերկրում մնալը բավականին լուրջ սահմանափակումներ է ենթադրում, բավականին մեծ զրկանքներ, այնպես չէ, որ «փախան ու պրծան»։ Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ինստիտուտն ինչպես ենք կիրառում․ եթե կիրառելու ենք այնպես, ինչպես սովորաբար՝ «ցանկանում էինք, որ լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ», դա կարող է խեղաթյուրել ինստիտուտի բուն բովանդակությունը»,- պատասխանեց Քոչարյանը։ Հարցրինք նաեւ, որ եթե անձի նկատմամբ հեռակա վարույթով մեղադրական դատավճիռ է կայացվել, հայտնաբերվելուց հետո նա կարո՞ղ է պահանջել, որ գործ նորից քննեն։ «Կարող է վճիռը բողոքարկվել այն իմաստով, որ հեռակա վարույթ հարուցելու կամ որոշում կայացնելու հիմքեր չեն եղել, եւ կարող է վերաքննություն տեղի ունենալ, բայց եթե հիմքերն առկա են եղել, ապա կարող է միայն պատժի խստության կամ արարքի ճիշտ որակման մասով բողոք բերվել, իսկ փաստական հանգամանքների շուրջ վերաքննում, ռեւիզիա, տեղի չի ունենա»,- պատասխանեց Քոչարյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image