Հասարակություն

«Հրապարակ». Եթե տրամադրվել են պրոթեզներ, ուրեմն զինծառայողի նպաստը պետք է կրճատվի՞

«Հրապարակ». Եթե տրամադրվել են պրոթեզներ, ուրեմն զինծառայողի նպաստը պետք է կրճատվի՞

Սոցիալական ցանցերում 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների հարազատները բազմիցս ահազանգել են, որ զինծառայողների հաշմանդամության կարգն իջեցվում է, որպեսզի նրանց հաշմանդամության կարգով պայմանավորված թոշակը եւս նվազեցվի։ Այսինքն՝ եթե զինծառայողը պատերազմի հետեւանքով առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել, ապա որոշ ժամանակ անց նրան տրվում է երկրորդ կարգի հաշմանդամություն։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից երեկ մեկնաբանություն խնդրեցինք այս հարցի առնչությամբ։ Նախարարը նորմալ համարեց․երբ մարդն առողջանում է, վերականգնվում է, ուրեմն հաշմանդամության կարգն էլ պիտի փոխվի։

«Գիտեք՝ հաշմանդամության կարգը տրամադրվում է, եւ ֆունկցիոնալությունը գնահատվում է համապատասխան հանձնաժողովի՝ բժշկական եւ հարբժշկական մասնագետների միացյալ հանձնաժողովի կողմից։ Դա մասնագիտական գնահատում է, եւ երբ իջեցվում է կարգը, դա նշանակում է, որ ունենք լավացում, ունենք փոփոխություն, ֆունկցիոնալության վերականգնում, եւ այդտեղ որեւէ բան չեմ կարող ասել։ Նախ՝ դա մեր լիազոր մարմնի շրջանակներում քննվող հարց չէ, սոցապնախարարության լիազորությունների շրջանում քննվող հարց է, բայց նորից եմ կրկնում՝ հաշմանդամության կարգի փոփոխությունն արվում է համապատասխան բժշկական եւ հարբժշկական մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա»,- պատասխանեց Ավանեսյանը։
Եթե նույնիսկ կա առողջական վիճակի լավացում, ապա արդյո՞ք զինծառայողները հասարակության այն խումբն են, որոնց դեպքում պետությունը պետք է նման մոտեցում ցուցաբերի։

«Ի՞նչ մոտեցում։ Տեսեք՝ երկրորդ կարգի հաշմանդամություն տրվում է որոշակի հիվանդությունների եւ ֆունկցիոնալության խաթարման պարագայում։ Հիմա եթե այդ մարդը չունի այդ խնդիրներն այլեւս, մենք պահպանե՞նք նրա կարգը: Ինչո՞ւմն է խնդիրը»,- պատասխանեց Ավանեսյանը։

Դիտարկմանը, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ վերջույթ կորցրած զինծառայողը պրոթեզավորվում է, եւ համարվում է, որ նրա շարժունակությունը վերականգնվել է, նա այլեւս ոչ թե առաջին կարգի հաշմանդամություն ունեցող է, այլ երկրորդ կամ երրորդ կարգի, եւ դրան զուգահեռ պակասեցվում է նաեւ զինհաշմանդամության թոշակը,  չէ՞ որ մարդու կորցրած վերջույթը վերականգնելի չէ, հետեւաբար՝ վիճակի լավացման մասին խոսք գնալ չի կարող։ Ավանեսյանն արձագանքեց․

«Պրոթեզները եւս, այո։ Եթե տրամադրվել են ֆունկցիոնալությունն ապահովող վերջին սերնդի պրոթեզներ, որոնք որ ապահովում են, որ մարդը կարող է իր կենսակերպն ապահովել, դա եւս գնահատման մեջ հաշվի է առնվում, որովհետեւ պետությունը եւս շատ մեծ գումարներ ծախսեց, որպեսզի ամենաբարձրակարգ պրոթեզները տրամադրվեն, որ հենց դրանք էլ ապահովեն մարդու կենսագործունեության ամբողջականությունը»,- պատասխանեց առողջապահության նախարարը։ 

Նշենք, որ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը կազմում է 45 հազար դրամ, երկրորդ խմբինը՝ 35 հազար դրամ, երրորդ խմբինը՝ 32 հազար դրամ։ Մեծ ծախս եւ մեծ շռայլություն են պետության կողմից, հատկապես պատերազմի եւ հայրենիքին մատուցած ծառայությունների պայմաններում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վճարվող այս գումարները: Ուղղակի այս գումարները պետք է համեմատել ոստիկաններին, դատախազներին ու քննիչներին վճարվող գումարների հետ` հասկանալու համար, թե ինչպիսի պետությունում ենք մենք ապրում եւ ինչպիսի իշխանություն ունենք:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image