Մոտ մեկ ամիս առաջ Գյումրու ավագանին արտահերթ նիստում հավանություն տվեց քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը նվիրաբերելու ու Լոզանի հյուրընկալության դպրոցին փոխանցելու նախագծին։
Այդ շենքը 2018 թվականին ներկայիս իշխանությունը տրամադրել էր Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին, իսկ շենքի կեսը հատկացվել էր թիվ 1 պոլիկլինիկային, որն այժմ ծառայելու է` որպես Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ։Ծրագիրն իրականցվում է շվեյցարահայ բարերար ,«Արմենիա» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Գաբրաշի միջոցներով։
Երեկ Վահե Գաբրաշը, «Արմենիա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին Գյումրի էր այցելել: Հյուրերը եղել են ծրագրերի համար նախատեսված տարածքներում, ուսումնասիրել, ողջ օրը շրջել տարածքում: 2 առանձին ծրագրերի մասով տեղում ուսումնասիրություններ և քննարկումներ են արել:
Նախատեսվում է Գյումրիում բացել Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ և մեկ այլ ծրագրով՝ Գյումրիում հիմնել կացարան, որտեղ վաստակած հանգստի անցած տարբեր ոլորտի հայ մասնագետներ՝ աշխարհի տարբեր անկյուններից, կգան ու իրենց փորձը կփոխանցեն ավելի երիտասարդ սերունդներին: Կարճ ասած՝ տարեց հայ մասնագետները տեղափոխվելու են Գյումրի՝ ապրելու եւ երիտասարդ սերունդին կրթելու։
«Երկու տարին ետ, կտեսնաք, որ Գյումրին շահույթ կստանա այս դպրոցեն»,- իր խոսքում վստահեցրեց Վահե Գաբրաշին։ Սկզբնական շրջանում շուրջ 900 ուսանող կսովորի Գյումրու մասնաճյուղում, իսկ մինչ այդ շենքի վերանորոգմանը չեն սպասի, դասերը կանցկացվեն քաղաքի բարձրակարգ հյուրանոցներում։ Նախնական հաշվարկով մոտ 4մլն դոլար կպահանջվի Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ Գյումրիում հիմնելու համար, բայց այն, ինչ կունենա Հանրապետության երկրորդ քաղաքը, ըստ նախագծողների՝ միակն է լինելու։
Հիշեցնենք, որ Լոզանի համալսարանն ստեղծվել է 1800-ականների սկզբին ու համարվում է աշխարհում զբոսաշրջության ու սպասարկման ոլորտում առաջինը։
Ինչ վերաբերում է Ռուսթավելի փողոցում կացարան կառուցելուն, որտեղ բնակվելու են աշխարհի բանիմաց, թոշակառու հայերը, նույնպես տեսակով տարբերվելու է․ ունենալու է բժշկական եւ ժամանցի կենտրոն ։Նշենք, որ դեռ երկու տարի առաջ էր «Արմենիա» հիմնադրամն այդ նպատակով Ռուսթավելի փողոցում 500 քառակուսի մետր մակերեսով հողատարածք ձեռք բերել։
Իսկ թե ուր կտեղափոխվի Շիրակի մարզի երկրագիտական թանգարանը, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խոսքով՝ քաղաքում հարմար մի շենք կճարվի։



