Գրեթե ութ տարվա կառավարման ընթացքում Փաշինյանն այդպես էլ չդարձավ երկրի ղեկավար, ոնց եղել էր, այնպես էլ մնաց գյուղապետի մակարդակի, գյուղապետի գիտակցությամբ եւ մտածողությամբ, հետեւաբար, Հայաստանն էլ պետությունից իջեցնում է գյուղի մակարդակի, որ իրար համապատասխանեն: Խոսելով Ադրբեջանից Հայաստան բենզինի արտահանման մասին՝ Փաշինյանն ասել է, որ ինքն էլ հույս ունի, որ Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան: «Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ առեւտրի երեւույթներ կլինեն, այսինքն` հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, ես հույս ունեմ՝ Հայաստանից էլ դեպի Ադրբեջան արտահանում կլինի»,- ճեպազրույցի ժամանակ ասում է Փաշինյանը՝ երկու անգամ կրկնելով «հույս ունեմ» բառերը: Փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կառուցվում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածությունների վրա, այլ` հույսի: Հույսը միջպետական հարաբերությունների գործոն չէ:
Արդյո՞ք Ադրբեջանն էլ է Հայաստան բենզինը արտահանել հույսի ուժով, այն հույսով, որ հայերն այդ բենզինը կընդունեն եւ դրա դիմաց վճարում կիրականացնեն: Իհարկե՝ ոչ. ադրբեջանական բենզինը Հայաստան ուղարկելու մասին պայմանավորվածությունը տեղի է ունեցել 2025թ. նոյեմբերի 28-ին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Թե ումն է եղել նախաձեռնությունը, դժվար չէ կռահել. Հայաստանում բենզինի դեֆիցիտ չկա, իսկ դատելով մամուլի տարբեր հրապարակումներից, ադրբեջանական արտադրության պրեմիում տեսակի բենզինն անորակ է եւ իրենց երկրում պահանջարկ-սպառում չունի: Ադրբեջանցիները որոշել են Հայաստանի վրա սաղացնել իրենց անորակ ապրանքը, եւ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի փոխվարչապետը նման առաջարկ է արել:
Մհեր Գրիգորանն էլ, որ ամեն ինչում ընդառաջում է Ադրբեջանի պահանջներին, հնազանդորեն համաձայնել է: Ադրբեջանը ոչ միայն իր ապրանքն է իրացնում, այլ նաեւ ցույց է տալիս, որ եթե մենք մի բան ենք առաջարկում, դուք իրավունք չունեք հրաժարվել: Եթե վաղը մենք որոշենք Հայաստան լոլիկ կամ խաղող առաքել, որը նաեւ Հայաստանում է արտադրվում, ապա դուք պետք է ընդունեք եւ վաճառեք եւ ավելի էժան, քան տեղի արտադրողինը: Որպեսզի Փաշինյանը չմնար անհույս սպասող, այս հանդիպման ժամանակ Մհեր Գրիգորյանը պետք է հարց բարձրացներ, որ եթե դուք մեր երկիր բենզին եք առաքում, մենք էլ պետք է հնարավորություն ունենանք ձեր երկիր համարժեք ապրանքներ առաքել: Կարո՞ղ էր Մհեր Գրիգորյանը նման հարց բարձրացնել, իհարկե` ոչ, որովհետեւ նա իր էությամբ թրքահպատակ է, թրքահպատակ չլիներ, արդեն յոթուկես տարի չէր աշխատի թրքահպատակ Նիկոլ Փաշինյանի տեղակալ: Իսկ հպատակ է, որովհետեւ սրանց իշխանությունը երբեւէ չի հակադրվել Ադրբեջանին կամ Թուրքիային, արել է այնպես, ինչպես թելադրել են, բայց հպատակությունն ամոթ չէ, եթե տեղը ստանում ես իշխանություն եւ փող, շատ փող:
Քանի որ Հայաստանը որեւէ պայմանավորվածություն չունի փոխադարձ առեւտրի մասին, Փաշինյանի հույսերն այդպես էլ կմնան անկատար, Ադրբեջանը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ Հայաստանի արտադրության ապրանքներ արտահանվեն եւ վաճառվեն Ադրբեջանում: Դա կնշանակի հակահայկական տրամադրությունների չեզոքացում, իսկ դա Ադրբեջանի դեպքում անհնար է, այդ երկրի իշխանությունն իր հասարակությանը շարունակում է տրամադրել Հայաստանի եւ հայերի դեմ՝ Հայաստանը ներկայացնելով որպես ադրբեջանական պատմական հողերի վրա ստեղծված արհեստածին կազմավորում, հայերին էլ՝ եկվորներ, իրենց խնդիրն էլ համարվում է այս միավորումը ոչնչացնելը եւ իրենց պատմական տարածքներին վերատիրանալը: Թույլ տալ հայկական ապրանքների առաքում Ադրբեջան, կնշանակի վերջ դնել այդ քաղաքականությանը, ճանաչել հայերի իրավունքն իրենց հողի նկատմամբ, ինչը երբեք տեղի չի ունենա, եթե Փաշինյանը թեկուզ երկուսի փոխարեն տասներկու անգամ կրկնի «հույս ունեմ» բառերը:
Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանն ինքն է որոշել, թե իրենց բենզինը Հայաստանում ինչ գնով պետք է վաճառվի, անհամեմատ ավելի ցածր գնով, քան մյուս երկրներից գնված բենզինը, որ այն Հայաստանում աժիոտաժ առաջացնի, ի ցույց դնի հայերի ագահությունը եւ անարժանապատվությունը: Եթե ադրբեջանական բենզինը վաճառվեր նույն գնով, ինչ ռուսական կամ եվրոպական բենզինը, մարդկանց մեծամասնությունը թունդ հայրենասիրություն կդրսեւորեր, բայց երբ փող խնայելու հարց կա, հայրենասիրությունը եւ արժանապատվությունը հասարակության մի ինչ-որ շերտի մոտ հայտնվում են վերջին տեղում:
Դատեք ինքներդ․ եթե Ադրբեջանից ներմուծված բենզինը գնվել է միջազգային գներով, ինչո՞ւ է այն Հայաստանում վաճառվում 20 տոկոս զեղչով: Միայն այն պատճառով, որ տեղափոխման վրա գումար է խնայվել, քանի որ վրացական երկաթուղին համաձայնել է տեղափոխումը մի անգամ անվճար իրականացնել: Դժվար է հավատալ, որ բենզինի մանրածախ գնի մեջ 20 տոկոսը վրացական երկաթուղու վարձավճարն է, նման բան չի կարող ընդհանրապես լինել: Եթե անգամ լիներ էլ, բենզին վաճառողները հաստատ այդ գումարը կդնեին իրենց գրպանը՝ որպես գերշահույթ, ինչպես անում են բոլոր նման դեպքերում: Բայց ադրբեջանական բենզինի դեպքում դա չի արվել, որովհետեւ, ինչպես նշեցինք, Ադրբեջանն ինքն է որոշել, թե ինչ գնով պետք է բենզինը վաճառվի, իսկ նրանց խոսքը սրանց համար օրենք է:
Փաշինյանն ասում է, որ Հայ եկեղեցու կաթողիկոսները նշանակվել են Պարսկաստանի, Օսմանյան կամ Ռուսական կայսրության կողմից: Այո, նման բան իսկապես եղել է, երբ Հայաստանի տարածքները եւ հայկական եկեղեցիները գտնվել են այդ երկրների տիրապետության տակ: Բայց երբեւէ չի եղել, որ Հայաստանի ղեկավարը նշանակվի Ադրբեջանի կողմից, Հայաստանը ֆորմալ անկախ լինի, բայց երկրում նույնիսկ բենզինի գինը թշնամի երկրից թելադրվի:
Մենք էլ հույս ունենք, որ առաջիկայում այս վիճակը կփոխվի, եւ Հայաստանը կազատագրվի ադրբեջանական գերությունից: