Մեր երկրի անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունները կմեկնարկեն, երբ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ցուցադրվի զենք-զինամթերքի ողջ արսենալը եւ մի բան էլ ավելի։ Կարգն է այդպես։ Աշխարհի գրեթե բոլոր պետությունները հենց դրանով են պատկերահանվում, դրանով են հպարտանում։ Երկրորդ աշխարհամարտից հետո գերտերությունները եւ մնացյալ երկրները վերստին մինչեւ ուղնուծուծը զինվեցին զանգվածային ոչնչացման մթերքով, ըստ իրենց՝ որպեսզի պաշտպանեն պետության սահմանները, քաղաքացիների անվտանգությունը։ Հիմա արդեն չի էլ հասկացվում, թե ժամանակակից աշխարհում ով ումից է պաշտպանվում, եւ արդյոք այդ զենքերը, ատոմային ռումբերն ինքնապաշտպանությա՞ն համար էին «արարվել»:
Ինչեւէ, քանի որ մենք նույնպես ամբողջի մասնիկն ենք, նախեւառաջ պիտի ցույց տանք, թե որքան մեծ է, որքան զորեղ է ինքնապաշտպանական մեր բնազդը եւ գիտակցությունը: Թող թշնամական եւ (ոչ միայն) պետությունները տեսնեն մեր զորությունն ու սարսափեն, թեպետ վաղուց պետությունները միմյանցից այդքան էլ չեն սարսափում: Եվ կլինեն հոդվածներ, վերլուծություններ, պատմագրական տեղեկատվություններ, ուշաթափություններ, ծիծաղ ու լաց, հայի տխուր, սակայն, այնուամենայնիվ, վես աչքեր, մեծանձնության զգացողություններ, ամեն ինչ կլինի՝ եւ հրավառություններ, եւ ցուցահանդեսներ, ուրախության ճիչեր, երաժշտություն եւ հանդիսանք, շքերթներ եւ ծաղիկներ, նաեւ՝ փուչիկներ, հայրերի ուսերին նստած երեխաներ, եռագույններ, կլինի ասմունք, իհարկե՝ ասմունք անպայման կլինի, հոգեթով ասմունք՝ երկրի, սուրբ հողի, եկեղեցու, առհասարակ՝ կրոնի եւ այլ պաշտամունքների մասին:
Սեպտեմբերի 21-ին շատուշատ մարդիկ դուրս կգան փողոց, որպեսզի իսկապես կիսեն, ցույց տան, տոնեն իրենց մեծ, անկեղծ ու փայլող ուրախությունը: Բայց, քավ լիցի, դա պիտի չարվի որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու գնով: Մեծ հաշվով, որքան էլ Սերժ Սարգսյանին եւ ողջ իշխանական թիմին դրոշակներով ու փուչիկներով բան ապացուցենք, միեւնույն է՝ ապացուցելու դիտավորությամբ ծնված ապացույցները մեռած են լույս աշխարհ գալու, տեղ չեն հասնելու, ընկնելու են ճանապարհին, կորչելու են մշուշներում:
Բերտոլդ Բրեխտն իր նոթատետրերից մեկում գրում է. «Հոգու խորքերից ծնված զգացողությունները նույնպես կարող են կեղծ լինել»: Կարծում եմ՝ հրաշալի է ասված: Անկախության հանդեպ զգացողությունները եւս միշտ չէ, որ ինքնակա են լինում: Կյանք է: Մեկը տեսնում է մյուսի անհավանական ուրախությունն ու վարակվում այդ՝ գուցե իր համար ոչ ճշմարիտ, ոչ այդքան ուրախալի ուրախությամբ: Մյուսը նեղվում է՝ անկախության օրը տխուր երեւալ, դրոշակով քաղաք չիջնել, մարդիկ ի՞նչ կմտածեն, չէ՞ որ անկախության 25-ամյակն է՝ հոգուդ պոռթկումները պիտի ցայտեցնես մինչ տիեզերք: Իրականում այս Սեպտեմբերի 21-ի խորհուրդը գուցե այն անսեթեւեթության մեջ է, որը տարիների ընթացքում այդչափ զգալի դարձավ: Վաղուց ոչ իշխանության, ոչ, այսպես ասած՝ գերտերությունների, ոչ մեծ քաղաքականության հանդեպ այլեւս պատրանքներ չկան: 25 տարի պահանջվեց, որ հասկանայինք սա:
Արամ ՊԱՉՅԱՆ