Երեւանում, աբասուց բացի, կտրում էին նաեւ ավելի մանր զանազան սեւ դրամներ («կարա փուլի»)։ Սակայն դրանով չէր սահմանափակվում Երեւանի զառաբխանայի «գործունեությունը»։ Չնայած զառափխանայի մենավարձողը պարտավոր էր դրամ կտրել սահմանված որոշ հարգից (проба) ոչ պակաս արժեքով, բայց նա մեծ օգուտներ է ստացել օտարերկրյա դրամները վերահալելու միջոցով Երեւանի դրամի վերածելուց։ Մենավարձողը նույնկերպ էր վարվում նաեւ հայտնաբերված հին դրամների հետ, որի պատճառով, ինչպես նկատում է Երվանդ Շահազիզը, հին դրամների մեծագույն մասը ոչնչացվել է, չի հասել մեզ։ Զառաբխանեն մենավարձով տալու իրավունքն ամբողջապես վերապահված էր Երեւանի խանին։ Վերջինս զառաբխանան համարում էր իր եկամտի հուսալի աղբյուրներից մեկը եւ աշխատում էր դրա կապալագինն ինչքան կարելի է բարձր սահմանել։ Երեւանի վերջին խաների օրոք՝ 19-րդ դարի առաջին քառորդում, զառաբխանայի մենավարձի գինը մոտավորապես տարին կազմում էր 300 թուման (ռուսական 1200 ռուբլի)։ Նախորդ ժամանակներում, ըստ երեւույթին, զառաբխանայի կապալագինն ավելի բարձր է եղել։ Օրինակ, Զաքարիա Ագուլեցու մի հիշատակության համաձայն, 1663 թվականին Աբաս-Ղուլի խանը, զառաբխանան մեկ տարի մենավարձով տալով անապատցի Սարգսին եւ երեւանցի Սարգսին, նրանցից ստացել է 1500 թուման:
Երեւանի կապալառու զառաբբաշիները սովորաբար լինում էին պարսիկ վաճառականներից։ Սակայն 17-րդ դարի կեսերից բավական երկար ժամանակով այդ գործն իրենց ձեռքն են վերցնում հայ վաճառականները՝ խոջաները։ Երեւանի առաջին հայ զառաբբաշին եղել է ագուլեցի Քրդունց Աղամիրի որդի Շմավոնը (կամ Սիմավոն)՝ հայտնի ժամանակագիր Զաքարիա Ագուլեցու եղբայրը։ Վերջինիս հիշատակության համաձայն, Շմավոնը զառաբբաշի է կարգվել Նաջաֆ-Ղուլի խանի կողմից՝ 1658 թվականին։ Շմավոնը, իբրեւ կապալառու զառաբբաշի, մեկ-երկու տարի ընդհատումով, ծառայում է երեք խաների՝ Նաջաֆ-Ղուլիի, Աբաս-Ղուլիի եւ Սեֆի-Ղուլիի օրոք։ Նրա եղբոր հավաստի ու ընդարձակ վկայություններից երեւում է, որ Շմավոնը, զառաբխանայից բացի, մենավարձով իր ձեռքն էր վերցրել նաեւ Երեւանի խանության մաքսապետությունը, որ դրանցից նա ստանում էր հսկայական եկամուտներ, եւ որ այդ միջոցով նա դարձել էր ամենահարուստ վաճառականներից մեկը՝ կրելով «պարոն» տիտղոսը։ Պատմագիր եղբայրը հաղորդում է, որ Շմավոնը 1669 թվականին ձեռնարկել է Խորվիրապի հորի եւ դրա վրայի եկեղեցու շինարարությունը։ Սակայն ագուլեցի մահտեսի Աղամիրի որդի պարոն Շմավոնի փառքը երկար չի տեւում։ Զաքարիա Ագուլեցու մի քանի վկայություններից երեւում է, որ նա եւս ենթարկվել է վաճառականների համար սովորական դարձած ճակատագրին՝ սնանկացման։
Պատմագիր եղբոր վկայությամբ, Շմավոնը թաղվել է պարտքերի տակ, եւ իբր նրան ներկայացնում էին նաեւ անօրինական պահանջներ։ Նա մահացել է Սպահանում, 1670 թվականի դեկտեմբերի սկզբներին։ Պարոն Շմավոնով սկսվում է հայ զառաբբաշիների գործունեության շրջանը։ Զաքարիա Ագուլեցին վկայում է, որ Ամիրգունա խանի որդի Աբաս-Ղուլի խանի օրոք, երբ Շմավոնը գնացել էր Շամախի՝ այնտեղ կարգված նախկին Երեւանի խան Նաջաֆ-Ղուլիի հետ իր հաշիվները պարզելու, 1663 թվականին, մեկ տարի ժամանակով Երեւանի զառաբխանի մենավարձողներ են կարգվում անապատցի խոջա Սարգիսը եւ Երեւանի Ձորաշեն թաղից մի այլ խոջա Սարգիս։ Շմավոնը Շամախիից վերադառնալուց հետո նորից ստանձնում է իր հին գործը՝ մինչեւ 1670 թվականը, երբ նրան կանչեցին Սպահան եւ այլեւս չվերադարձավ այնտեղից։ Այդ ժամանակվա Սեֆի-Ղուլի խանը զառաբբաշի է նշանակում ճահուկցի խոջա Աղաբեկին, որը մահանում է 1673 թվականին, եւ 1674 թվականին նրան փոխարինում է Երեւանի Ձորագյուղ թաղամասցի վերը նշված խոջա Սարգիսը՝ այդ պաշտոնում մնալով մինչեւ 1679 թվականը, մինչեւ Երեւանում Զալ-խանի նշանակումը։ Վերջինս, խոջա Սարգսին հեռացնելով, նրա փոխարեն Երեւանի զառաբբաշի է նշանակում ագուլեցի վաճառական Մասեին, որը մինչեւ այդ ապրում էր Էրզրումում։ Հետագա ժամանակների հայ զառաբբաշիների մասին տեղեկություններ քիչ կան։ Բայցեւայնպես պարզվում է, որ Երեւանի դրամահատության գործում հայ վաճառականները շարունակում էին կարեւոր դեր խաղալ նաեւ 18-րդ դարում։
Թ. Հակոբյան. «Երեւան քաղաքի պատմությունը»
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ