Քաղաքականություն

Զարմանքի մշակույթը

Զարմանքի մշակույթը

Անշուշտ, զոհված զինծառայողների հարազատներին աջակցելը, ֆինանսապես օժանդակելը կարեւոր ու անհրաժեշտ գործառույթ է: Սակայն անչափ մտահոգիչ են սրա շուրջ ԱԺ մի շարք պատգամավորների հնչեցրած խոսքն ու մեկնաբանությունները: Նախ՝ որքան էլ Պնախարար Վիգեն Սարգսյանը պնդի, թե իշխանությունների կողմից հասարակությունը ռազմականացնելու միտում չկա, այնուհանդերձ, ազգ-բանակ տեսլականի ողջ պաթետիկ ճառը՝ իր շինծու երանգավորումներով, ուղղված է հենց դրան: Մի վտանգավոր հղացք, որ ապագայում կարող է կենդանացնել հին, ծեծված խոհը. «Ինչ անում ենք, ազգ-բանակի համար ենք անում»: 



1000 դրամի այս ամոթալի պատմությունն (ամոթալի՝ առաջին հերթին իշխանությունների համար) իսկապես զավեշտալիորեն գալիս է ասելու, որ նահապետական, քառթու ավանդույթները նոր շնչով են վերադարձել՝ «1000 դրամի եղածն ի՞նչ ա, որ պատմություն եք սարքել», «Ազգանվեր գործի համար չե՞ք ուզում լումա ներդնել»: Իրականում այս մտքերի ծնունդն արդեն ողբերգական ու սարսափելի ճշմարտություններ է վկայում: Այդ երբվանի՞ց զարմանքի մշակույթը գերազանց ու սահուն կերպով արմատներ գցեց այս մարդկանց մեջ: Հայաստանում հազարավոր մարդիկ օրը 1000 դրամ աշխատելու կարոտով են ապրում: Սրանից չե՞ք զարմանում: Չե՞ք զարմանում, որ ձեր երեսները, ձեր վարքը, ղեկավարման ձեւը մարդկանց աչքին այլանդակության աստիճան քերթված ու նողկալի է թվում: Հիշեք՝ դուք հարկահավաք կոզբադիններն եք, հիշողությունն իր սրտում ձեզ որպես մեծապատիվ մուրացկաններ է պահելու: Ազգ-բանակ հղացքը գուցե թե իրականություն դառնար, եթե դրա հետեւում կանգնած լինեին ոչ ձեր նման փծուն, գողոնով ուռած օլիգարխներ, այլ մարդիկ, որոնց համար իրատեսական գաղափարներն ու սկզբունքներն են առաջնայինը, մյուսների կյանքը, այլ ոչ փողի ու ագահության աշխարհը:



Եվ պարզապես չի կարող լինել նման բան, որ ԱԺ ամբիոնից Սարոյան Սեյրանը ժողովրդին բան հասկացնի, թե, միեւնույն է՝ ախր, հասկացեք, դուք եք բանակ պահելու, մնացածն էլ՝ հետը: Չի կարող, աներեւակայելի է, որ հանկարծ ու հանկարծ Սեյրան Սարոյանը ժողովրդի խիղճը դառնա, նրա մարգարեն, ուղղություն, սլաքներ ցույց տվողը:
1000 դրամի համար բողոքի ձայն բարձրացնողներից զարմացած պաշտոնյաները՝ այդպես լինում է, երբ բողոքում են, ոչ թե պետությունում ապրող անապահով մարդը, այլ այդ մարդու մեջ կազմավորված ու լրիվ ինքնուրույնացած բողոքը: Նրանք, ովքեր չեն ուզում 1000 դրամ փոխանցել ձեր մոգոնած ազգ-բանակ «մտատեսիլին», ովքեր ընդդիմանում են ձվից բուրդ խուզելու հերթական պատմությանը, գուցե «ձեզ նման» չեն սիրում իրենց երկիրը: Դրանից է՞լ եք զարմանում: Վերջապես՝ «ձեզ նման» ոչ ոք չի կարող սիրել երկիրը, հասնել ձեր այդ անհուն սիրո հետեւից: Բողոքի ու բողոքողների հանդեպ ձեր զարմանքը ֆաշիզմի բացարձակ դրսեւորում է: Դուք վաղուց իռացիոնալ մտացածին աշխարհին եք պատկանում եւ երբեք չեք կարող հասկանալ իրական մարդուն, իրական կյանքը:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image