Հասարակություն

Գեւորգ Էմինը շատ կտխրեր, եթե իմանար, որ Սեւանա լիճը նույնպես կարող է մահանալ

Գեւորգ Էմինը շատ կտխրեր, եթե իմանար, որ Սեւանա լիճը նույնպես կարող է մահանալ

Գևորգ Էմինը ոչ միայն հիանալի բանաստեղծ, սցենարիստ, էսսեիստ և թարգմանիչ էր, նա նաև մեծ հայրենասեր էր և շատ էր սիրում Սևանա լիճը: Լինելով ԽՍՀՄ Գրողների միության կարկառուն անդամ, հայրս հնարավորություն ուներ իր հանգիստն անցկացնելու այդ կազմակերպության Հայաստանից դուրս գտնվող ստեղծագործական բազմաթիվ տներում՝ Սև ծովից՝ Բալթիկ ծով և այլուր: Բայց գերադասում էր Սևանա լճի թերակղզու բարձունքի վրա գտնվող գեղատեսիլ շենքը, որտեղ իրենց հանգիստն են անցկացրել շատ հայ մեծեր: Սիրում էր նաև տեղացիներից մեկի հետ թիանավակով գնալ լճի խորքը և ձկնորսություն անել: Այն օրերին լճի ամենաարժեքվոր ձուկն արժանիորեն համարվում էր Իշխանը: Եվ քանի որ նա գիշատիչ էր, նրա սիրողական որսի համար օգտագործում էին ՙբլեսնա՚ կոչվող խայծը, որն իրենից ներկայացնում էր մետաղական փայլփլուն ձկնիկ, որի ծայրերում ամրացված էին ձկնորսական կարթեր: Գևորգ Էմինի ձկնորսական հոբբին ավարտվեց այն օրը, երբ նա անհաջող նետեց այդ բլեսնան, որի կարթերից մեկը մտավ հորս ձեռքի մեջ: Վերքն ահավոր էր, մենք՝ սարսափած: Եվ նա ստիպված եղավ դիմել բժիշկներին…

Այն օրերին, երբ ես դեռ մանուկ էի, լճում բազմաթիվ էին այսօր համարյա գոյություն չունեցող Սևանի Իշխանի տարբեր տեսակները, որոնց շրջիկ վաճառողները վաճառում էին Երևանի շենքերի բակերում գոռալով. ՙԻշխան ձու՜կ, Իշխան ձու՜կ՚: Եվ, չեք հավատա, մենք բոլորս խմում էինք Սևանա լճի ջուրը, որն այսօր այնքան է աղտոտվել. որ ծաղկում և թունավոր է դառնում: Իսկ այն օրերին դեռ զուլալ մնացած այդ ջուրը պոմպով լճից մղվում էր Գրողների ստեղծագործական տան ճաշարան և սենյակների ջրի ծորակներ:
Երբ ինձ առաջին անգամ հայրս տարավ ԳՄ Սևանի ստեղծագործական տուն, այն գտնվում էր արդեն իսկ թերակղզի դարձած նախկին կղզում: Բայց ափի հետ նրան կապող ցամաքը դեռ այնքան նեղ էր, որ իրենից ներկայացնում էր ասֆալտապատ մի նեղ խճուղի: Տարիների ընթացքում այն դարձավ այն, ինչն այսօր որ կա: Եվ, ցավոք, շարունակում է լայնանալ:

Ինտերնետում ինձ հանդիպած ներկայացվող լուսանկարը ՖԲ-ի «Հին Երևանցի» հարթակում դրված էր հիշեցնելու համար, թե ինչպիսին է եղել դեռ թերակղզի չդարձած Սևանի կղզին: Եվ, օ՜ զարմանք, սայլի մեջ նստածներից մեկը՝ մեջտեղինը հայրս է՝ ջահել տարիքի Գևորգ Էմինը: Իսկ ձախ կողմինը, ինչպես պարզվեց, Վահագն Դավթյանն է: Մեր հիանալի ասմունքող Սիլվա Յուզբաշյանը հուշեց, որ 1953 թվականի այդ լուսանկարը Վահագն Դավթյանի արխիվից է:

Այնպես որ ներկայացված լուսանկարը եռակի արժեքավոր է: Նախ, պատկերված է այն Գևորգ Էմինը, որը դեռևս անմորուս է՝ Հեմինգուեյի օրինակով դեռ մորուք չի պահում, բայց արդեն իսկ շատ հայտնի է և, նույնիսկ, ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ: Այդ ժամանակաշրջանի նրա լուսանկարները դարձել են խիստ հազվագյուտ, որովհետև նրա արխիվի իրավատեր Արտաշես Էմինը՝ բանաստեղծի երկրորդ կնոջ՝ Արմենուհի Ղամբարյանի որդին, դրանք չի ներկայացնում հանրությանը:
Պատկերված են նաև ջահել Վահագն Դավթյանը և այն Սևանն ու նրա կղզին, որոնք, ավա՜ղ, հնարավոր չի լինի վերականգնել: Մնում է միայն պայքարենք, որպեսզի փրկենք գոնե եղած Սևանը, որի քաղցրահամ ջրերի վրա բացի մեր ագահ չինովնիկներից, հիմա էլ աչք են դրել նաև ... ադրբեջանցիները:

Երբ Սովետական Հայաստանի ղեկավար Յակով Զարոբյանի խնդրանքով Սևանի գեղեցկությամբ 1961-ին զմայլված Սովետմիության ղեկավար Նիկիտա Խրուշչովը համաձայնվեց փրկել մեր երկրի մագարիտը՝ Սևանա լիճը, հայրս, նաև մենք բոլորս հանգստացանք: Հավատացինք, որ խելակորույս ու ահռելի ծախսատար Արփա-Սևան թունելի կառուցման շնորհիվ կկանխվի Սևանը փչացնելու Բերիայի և այդ նպատակով Լենինգրադից Երևան գործուղված և այստեղ ակադեմիկոսի կոչում ստացած Իվան Եղիազարովի սատանայական ծրագիրը: Ըստ այդ ծրագրի, Սևանա լճից պետք է այնքան ջուր բաց թողնվեր, որ ցամաքեր նրա հիմնական՝ ՙՄեծ Սևան՚ կոչվող մասը: Դրանից հետո կմնար միայն ՙՓոքր Սևանը՚, որը միայն մասնակիորեն կցամաքեցվեր, քանի որ ավելի մեծ խորություն ունի, քան «Մեծ Սևանը»:

Սևանա լճի փրկության հույսն ավելի ամրապնդվեց, երբ սկսվեց կառուցվել նաև Որոտան-Արփա թունելը: Սակայն Խրուշչովի, նաև, միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը, որոնք Հայաստանի անկախացումից հետո համաձայնվեցին ֆինանսավորել Որոտան-Արփա թունելի շինարարության ավարտի և շարքից դուրս եկած Արփա-Սևանի վերականգնման աշխատանքներն, ապարդյուն էին: ՀՀ իշխանությունները, փոխանակ անցնեն արդի գյուղատնտեսության մեջ կիրառվող ջրի խնայողական մեթոդների, նաև կառուցեն նոր ջրամբարներ ու ջրատարներ, համառորեն շարունակում են անխնա օգտագործել Սևանի ջուրը: Նույնիսկ այս տարի, երբ անձրևներն այնքան շատ էին, որ բոլոր ջրամբարները լիքն են, դա չի դադարեցվելու:

28 տարի առաջ մահացած Գևորգ Էմինը շատ կտխրեր իմանալով, որ ՀՀ իշխանությունների անպատասխանատու գործունեության պատճառով, Սևանա լիճը նույնպես կարող է մահանալ:

Գրիգոր Էմին-Տերյան

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image